HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Երվանդ Բոզոյան. «Հայաստանը զսպանակի պես սեղմված է»

«Հիմա Հայաստանը սոցիալական ծայրաստիճան լարված, պայթյունավտանգ վիճակում է: Զսպանակի պես սեղմված է. ցանկացած պահի կարող է պայթյուն լինել: Դա կլինի այս պահին, խորհրդարանական ընտրություններից հետո, թե 6 ամիս հետո` ոչ մի քաղաքագետ չի կարող ասել»,- «Հետքին» ասաց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` պատասխանելով այն հարցին, թե հնարավո՞ր է, որ Եգիպտոսի սցենարը կրկնվի Հայաստանում:

Քաղաքագիտական կամ սոցիոլոգիական որեւէ կենտրոն չէր կանխատեսում, որ Թունիսում  հեղափոխություն կլինի: Սակայն այդ երկրի մի քաղաքում փողոցային առեւտուրը վերացնելու փորձ եղավ, ինչից հետո բողոքի ալիքը տարածվեց ամբողջ Թունիսով եւ հասավ Եգիպտոս: «Թունիսն ուղղակի վարակի դեր կատարեց Եգիպտոսի համար: Այսօր Եգիպտոսն արդեն կանգնած է Մուբարաքի հրաժարականի խնդրի առաջ: Հիմա նույն պրոցեսը գնում է Հորդանանում: Հորդանանի թագավորը խելոք եղավ, արագ փորձում է վարչապետին, կառավարություն փոխել, որպեսզի կարողանա այդ վիճակից դուրս գալ»,- ասում է Երվանդ Բոզոյանը: Հայաստանում իշխանական թեւի ներկայացուցիչների այն գնահատականները, թե Հայաստանի ու Եգիպտոսի միջեւ ընդհանուր գծեր չկան` քաղաքագետը համարում է կյանքից կտրված լինելու հետեւանք: Երվանդ Բոզոյանի համոզմամբ` այն պաշտոնյան, ով ստանում է ամսական 40.000 դոլար աշխատավարձ, պատկերացում չունի, թե ինչպես է իր ընտանիքը պահում կրպակի` ամսական 300 դոլար ստացող աշխատողը, եւ չի հավատում, որ սոցիալական պայթյուն կարող է լինել: Քաղաքագետը նշեց, որ Երեւանի մի շարք նախկին քաղաքապետեր` եւ Ռոբերտ Նազարյանը, եւ Երվանդ Զախարյանը, եւ Գագիկ Բեգլարյանը, փորձել են վերացնել փողոցային առեւտուրը, բայց հրաժարվել են այդ մտադրությունից, քանի որ տեսել են, որ դա կառաջացնի իրավիճակից դժգոհ ահռելի զանգված` մոտ 70.000 մարդ, որը վտանգավոր է սոցիալական բունտի իմաստով: «Մարտի 1-ին մինչեւ 50.000 մարդ է եղել: 70.000 մարդը ֆանտաստիկ մեծ թիվ է: Իսկ այդ մարդիկ առարկայորեն, բառիս բուն իմաստով ուղղակի իրենց գոյության խնդիրն ունեն: Պատկերացրեք` այդ մարդկանց գումարվեն նաեւ այլ դժգոհներ: Ես կարծում եմ, որ այսօրվա դրությամբ մեր իշխանությունները բացարձակ տեղյակ չեն ժողովրդի, հասարակության տրամադրություններից: Ես ուրիշ ձեւով չեմ կարող բացատրել սա»,- ասում է Երվանդ Բոզոյանը: Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանի կազմակերպած հանրահավաքները, ըստ նրա, ցուցանիշ են այն բանի, որ հասարակությունն այսօր այնքան հոգնած, լարված ու բարկացած է, որ պատրաստ է հավաքվել ցանկացած մարդու կողքին: Անդրադառնալով «Հետքի» այն դիտարկմանը, որ Տիգրան Կարապետյանի հանրահավաքներին հիմնականում մասնակցում էին տարիքով մարդիկ, իսկ Եգիպտոսում փողոց են դուրս եկել երիտասարդները` Երվանդ Բոզոյանն ասաց, որ Հայաստանում տիրող իրավիճակից դժգոհ են նաեւ երիտասարդները, պարզապես նրանք չեն ուզում գնալ Տիգրան Կարապետյանի հանրահավաքին: Քաղաքագետը բոլորովին համամիտ չէ այն տեսակետին, որ հայաստանցի երիտասարդները ապաքաղաքական են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter