HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատավորին պաշտոնը չպիտի նվիրեն

Հայաստանում դատական համակարգին հատկացվող գումարները քիչ չեն: Միայն Համաշխարհային բանկը վարկի եւ տարբեր դրամաշնորհների տեսքով արդարադատության նախարարությանը 2010 թ. հատկացրել է մոտ 3 մլրդ 94 մլն 541 հազար դրամ: Գումարները ներդնելուց հետո էլ դատական համակարգը հասարակության կողմից դեռեւս ընկալվում է որպես կոռումպացված եւ վստահություն չներշնչող: Հիմա էլ քայլ է արվում կոռուպցիան նվազեցնելու` որակյալ դատավորներ պատրաստելով: Ազգային ժողովի դեկտեմբերի արտահերթ նստաշրջանի օրակարգում ընդգրկված էր «ՀՀ արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի նախագիծը, սակայն Կառավարությունն այն հետ կանչեց: Նախատեսվում է, որ օրենքը կընդգրկվի փետրվարին մեկնարկող ԱԺ նիստերի օրակարգում: Օրենքի ընդունումից հետո լուծարվելու են դատական եւ դատախազական դպրոցները, եւ ստեղծվելու է մեկ միասնական դպրոց: Նպատակը դատական ատյանների եւ դատախազության համակարգի համալրումն է մասնագիտորեն պատրաստված կադրերով: «Դատավորներին վերապատրաստելով` առաջին հերթին իրենց մասնագիտական գիտելիքներն են ավելանալու, կոռուպցիայի հետ կապված բավականին խնդիրներ կքննարկվեն, բայց չեմ կարծում, որ դա վերջնական եւ հիմնական միջոց է կոռուպցիայի դեմ պայքարելու հարցում»,- «Հետքի» հետ զրույցում ասաց Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Սուրեն Մնոյանը: Ըստ նրա` կոռոպցիայի դեմ պայքարելու համար ցանկություն ու կամք են պետք, որպեսզի հասարակության մեջ ձեւավորված կարծիքը փոխվի: «Դատարանների նկատմամբ վստահությունը բավականին մեծացել է: Եթե համեմատենք մի 5 տարի առաջվա հետ, կտեսնեք, որ դատարան դիմողների թիվը շատացել է: Դա նշանակում է, որ մարդիկ հավատում են: Այդ առումով բավականին առաջընթաց կա»,- նշում է Ս. Մնոյանը: Փաստաբան Խանում Մկրտչյանը դժվարացավ ասել, թե ինչ կտա ստեղծվելիք ակադեմիան կոռուպցիայի նվազեցման առումով: Նա վստահ է, որ պետք է առաջ քաշվեն մի շարք չափորոշիչներ, որոնցով էլ ընտրվեն դատավորները, եւ պատահական մարդիկ չհայտնվեն համակարգում: «Դատավորին այդ պաշտոնը չպիտի նվիրեն, այլ պետք է արժանանա դրան, որպեսզի կոռուպցիան վերանա համակարգից»,- ասում է փաստաբանը: Արդարադատության նախարարության ինտերնետային կայքում տեղադրված հարցումից այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե հասարակությունը գրեթե լիովին վստահում է դատական համակարգին, եւ այս առումով մտահոգության առիթ չկա: Վերջին հարցումն անցկացվել է 2009 թ., ըստ որի` հարցվածների 60%-ի կարծիքով դատավորը բարեկիրթ եւ քաղաքավարի է, 38.6%-ի կարծիքով՝ անկողմնակալ, ազնիվ եւ օբյեկտիվ: Դատավորը հարգանք եւ վստահություն է ներշնչում 44.5%-ի շրջանում: Նախարարությունը հարցումներ չի արել ոչ 2010-ին, ոչ էլ այս տարի է անելու: Հաջորդ հարցումն անցկացվելու է 2012 թ.: Արդարադատության նախարարության «դատաիրավական բարեփոխումներ» ԾԻԳ-ի տնօրեն Արթուր Թունյանից «Հետքը» հետաքրքրվեց, թե դատաիրավական ոլորտին հատկացված գումարները որքանո՞վ են նպաստել կոռուպցիայի նվազմանը: Նա կարծում է, որ կոռուպցիան չափվող չէ, եւ դժվար է միանշանակ պատասխան տալ այդ հարցին: «Եթե դատավորների սենյակները նախագծերով առանձնացնում ենք, որ մուտք չլինի, դա կոռուպցիան վերացնելու մեխանի՞զմ է, թե՞ ոչ: Ասելով, որ սահմանափակեցինք դատավորների սենյակ մուտքն ու ելքը, եւ դրանով կոռուպցիան իսպառ վերացավ դատական համակարգից, այդպես չէ: Ընդամենը մեկ էլեմենտ է, որ մինչ այդ քաղաքացին կամ ցանկացած անձ կարող էր մտնել դատավորի մոտ, հիմա սահմանափակել ենք, չի կարող մտնել: Իհարկե, կարող է դատավորի հետ փողոցում հանդիպել, զանգել ձեռքի հեռախոսին, բայց նվազեցնելու խնդիր է»,- ասում է Ա. Թունյանը: Արթուր Թունյանը հավատացնում է, որ ցանկացած երկրում կան կոռուպցիոն երեւույթներ: Խոսքը վերաբերում է նրան, թե ինչ մակարդակի եւ աստիճանի վրա է գտնվում: «Օրինակ՝ վերջին 7-8 տարիների ընթացքում դատավորների աշխատավարձն էապես ավելացել է: Եթե դատավորին վարձատրում են 1000 դոլար, կարելի՞ է ենթադրել, որ դատավորը 50 դոլարով գործով վճիռ կկայացնի: Իհարկե, ոչ»,- նշում է ԾԻԳ-ի տնօրենը: Դիտարկմանը, թե այդ դեպքում կմեծանա դրամային արտահայտությամբ կոռուպցիայի գինը, Ա. Թունյանն ավելացրեց, որ ամենամեծ կոռուպցիոն գործարքները կատարվում են զարգացած երկրներում, այն էլ՝ միլիարդներով: «Խնդիրն այն է, որ այդ միլիարդով կոռուպցիոն գործարքները երբեք հանրության համար տեսանելի չեն լինում: Հանրության համար տեսանելի են ու նրա գրպանին դիպչում են նվազագույն կաշառքները: Նույն ձեւով կարելի է ասել, որ ավտոտեսչության տուգանքներն ավելացել են, նույն ձեւով կարելի է ասել, որ ավելացել է կոռուպցիան: Այո, ավելացել է, ո՞վ ասաց` չի ավելացել: Կարո՞ղ ենք ժխտել` չէ: Կարող ենք բանավիճել, բայց ոչ մեկը դեղատոմս չունի»,- ասում է ԾԻԳ-ի տնօրենը: Կոռուպցիայի դեմ պայքարելու համար դատավոր Սուրեն Մնոյանը մի քանի խնդիր է առաջ քաշում՝ ասելով, թե կոռուպցիան իրեն էլ է մտահոգում: Օրինակ՝ պետք է բարձրացնել ժողովրդի կենսամակարդակը, որի արդյունքում կփոխվի նաեւ դատական աշխատողների վիճակը: «Այն տարբերության մասին, որ միշտ խոսում ենք, թե ինչու պետք է դատավորի աշխատավարձն ավելի բարձր լինի, քան սովորական մարդու աշխատավարձը, այդ հարցն այլեւս չի քննարկվի: Մարդիկ, արդարադատություն ակնկալելով, կասեն` այո, մենք ուզում ենք, որ մեր դատարանները կոռումպացված չլինեն, դրա համար համաձայն ենք, որ դատավորը ստանա այն աշխատավարձը, որ չգնա այդ երեւույթների հետեւից»,- կարծում է Ս. Մնոյանը: Նրա ասելով` դատավորը չպետք է մեծահարուստ լինի, բայց պետք է լինի այն վիճակում, որ չմտածի «ուրիշ բաների» մասին: «Մեր մենթալիտետն ուրիշ է, դեռ ընկալվում է, որ դատավորը մեծ հնարավորությունների տեր է: Դատավորն իր պահվածքով ու նիստ ու կացով, համեստությամբ պետք է տարբերվի: Որպեսզի տարբերվի, այդ հնարավորությունները պետք է ունենա: Այսօր ստեղծվում են այդ պայմանները, բայց կյանքը փոխվում, զարգանում է. կանգ առնել չի կարելի»,- նշում է պրն Մնոյանը: Փաստաբան Խանում Մկրտչյանն էլ կարծում է, որ կոռուպցիայի առումով թույլ կետը քաղաքացիների իրավագիտակցության ցածր մակարդակն է, որ քաղաքացիները նույնիսկ չեն տիրապետում իրենց տարրական իրավունքներին: Խ. Մկրտչյանը կոռուպցիայի դեմ պայքարի համար նպաստավոր պայման է համարում նաեւ Քրեական օրենսգրքի ճկունությունը: Ըստ նրա՝ եթե սանկցիան նախատեսում է, ասենք, տուգանք կամ մինչեւ 5 տարվա ազատազրկում, ապա նման տարբերության դեպքում դատարանը երբեմն կարող է գնալ փոխադարձ համաձայնության, նվազագույն պատիժ սահմանել, արդյունքում կդրսեւորվեն կոռուպցիոն երեւույթներ: «Որքան քիչ լինի պատժի տարբերությունը, այնքան կոռուպցիա չի լինի կամ կկրճատվի»,- վստահ է փաստաբանը: Խ. Մկրտչյանի ասելով՝ կոռուպցիան հաճախ հանդիպում է քաղաքացիական գործերում: Դա կապված է այն հանգամանքի հետ, որ նախ` քաղաքացիները քաղաքացիական գործերով ավելի շատ են առնչվում դատարանների հետ, հետո էլ մրցակցության, հավասարության սկզբունքը դատարաններում գրեթե չի գործում: «Շատ փաստաբաններ կան, որ կախյալ վիճակում են աշխատում, ավելի շատ ծանոթ-բարեկամ կապն է աշխատում»,- ավելացնում է Խ. Մկրտչյանը: ԾԻԳ-ը եւ Համաշխարհային բանկը համարում են, որ դատավորների գնահատման հստակ մեխանիզմներ են անհրաժեշտ: Նրանց կարծիքով՝ դատական ոլորտում ինքնամաքրվել հնարավոր չէ, սկսվում է ինքնապաշտպանություն, քանի որ առաջ են գալիս կորպորատիվ պաշտպանության մեխանիզմներ, հատկապես փոքր երկրներում, ինչպիսին է եւ Հայաստանը: «Ընդամենը 2-3 զանգից հետո կարելի է հասնել նախագահին: Ցանկացած քաղաքացի 2-3 միջնորդով կարող է ցանկացած քաղաքացու վրա դուրս գալ: Մեծ երկրներում դա չի գործում: Այստեղ ազգային մտածելակերպի, կորպորատիվ շահի պաշտպանության խնդիր կա: Գալիս եմ այն համոզմունքին, որ Հայաստանի նման երկրներում ինքնամաքրման մեխանիզմները 100 տոկոսով չեն կարող աշխատել. ինչ-որ լծակ պետք է: Ինձ համար էական չէ՝ այդ ազդող լծակը օրենսդի՞ր, թե՞ գործադիր իշխանությունն է»,- ասում է Արթուր Թունյանը: Նա տարակուսում է, թե ինչու պիտի դատարանի նախագահը «հավերժ» լինի դատարանի նախագահ: Շատ երկրներում նախագահի փոփոխությունը տեղի է ունենում ռոտացիոն սկզբունքով. ասենք, 5 տարին մեկ վերընտրվում է եւ 2 անգամից ավելի չի կարող այդ պաշտոնը զբաղեցնել: Իսկ դատարանի նախագահ Սուրեն Մնոյանի գնահատմամբ՝ թեեւ 1999 թ. սկսած դատական համակարգը ենթարկվել է մեծ փոփոխությունների, սակայն իրեն դեռեւս չի գոհացնում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter