HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մի քանի կենսագիր եւ մեկ որբ. մաս 3

Սամվել Արմեն

Երկրաշարժից փրկվածը. մի քանի կենսագիր եւ մեկ որբ. մաս 1
Մի քանի կենսագիր եւ մեկ որբ. մաս 2 

Մենք տեղ հասանք անձնագրային բաժանմունքի բացվելուց մեկ ժամ առաջ: Ուստի, ես ու Լիլիթը ման եկանք տեղանքում, եւ այն, ինչ գտանք, անհավատալի էր: Այս շենքի հետեւում մի գրունտային ճանապարհ էր, որի երկարությունը մոտ մեկ մղոն էր:

Ճանապարհի վերջում կարելի էր տեսնել մի լքված շենքի մուտք: Մենք ներս մտանք: Միանգամից պարզ դարձավ, որ այս տարածքը նախկինում եղել է մի հսկայական բան, բայց հիմնահատակ ավերվել է: Մենք լուռ քայլում էինք` հեռանալով, հետո իրար մոտենալով, ուսումնասիրելով կղմինդրների ամբողջական բեկորները: Ես մտածում էի այն մասին, որ այս վնասը կարող է հասցնել միայն այնպիսի հզոր բան, ինչպիսին Երկրաշարժն է:

Երբ մեկ ժամը լրացավ, մենք վերադարձանք ոստիկանություն ու գնացինք Գագիկ Խաչատրյանի գրասենյակ: Երկար հերթ էր, ես որոշեցի հանդուգն լինել եւ հերթից առաջ անցնել ու մտնել նրա գրասենյակ: Լիլիթն արագ բացատրեց, թե ինչ էի ուզում, եւ նա ուղղակի շփոթված տեսք ստացավ: Ես ուսապարկիցս հանեցի «Հետքի» տպագրած հոդվածը: Նա միանգամից այնպիսի տեսք ընդունեց, թե հասկացավ` ինչի մասին է խոսքը, ինչը ես վերագրեցի նրան, որ նրա` գյումրեցու ինքնասիրությունը շոյվեց, երբ նա կարդաց. «1988 թ. հոկտեմբերի 12-ին մի տղա, որը պետք է դառնայի ես, Գյումրիում` Հայաստանի երկրորդ ամենամեծ քաղաքում, ծնվելու անսահման բախտն ունեցավ»:

Նա թիկնեց իր աթոռին ու ծեծեց պատը: Մի կին դուրս եկավ անկյունից, եւ նա կնոջը խնդրեց փնտրել Սամվել, Սամվել Մուշեղ, Սամվել Մուշեղ Դալակաշվիլի եւ Մուշեղ Դալակաշվիլի անունները: Մենք նստեցինք նրա գրասենյակում ու սկսեցինք խոսել այն մասին, թե ինչ պետք է անենք: Աչքիցս չէր վրիպում Հիսուսի` գրպանի գրքի չափսի նկարը, որը պատին անկյունագծով հենված էր այնպես, որ նայում էր Գագիկին: Մեր խոսակցության ընթացքում մարդիկ ներս լցվեցին, եւ Գագիկը ստուգեց նրանց անձնագրերը` մեզ հետ խոսելուն զուգահեռ: Ներս մտավ մեկ ուրիշ կին` մեզ համար սուրճ բերելով, եւ մինչ մենք կվերջացնեինք սուրճը, վերադարձավ առաջին կինը` հայտնելով, որ Գյումրիում այդպիսի անունով մարդիկ չկան:

Հետո Գագիկն ինձ ասաց, որ իր վարորդներից մեկը ինձ կտանի մանկատուն: Գագիկի վարորդներից մեկի հետ ես վերադարձա մանկատուն: Այս անգամ եւս այնտեղ փոխարինող կար: Այս մարդն ավելի մռայլ ու բարձրախոս էր, քան նախորդ փոխարինողը: Այնուհետեւ եղավ ամենագրգռիչ խոսակցությունը, որի ժամանակ ես հարց էի տալիս, իսկ նա տալիս էր այնպիսի պատասխան, որն ակնհայտորեն պահանջում էր մեկ այլ հարց: Լիլիթը ճշգրտորեն թարգմանում էր հետեւյալ երկխոսությունը:

-Ես չեմ կարող օգնել ձեզ,- ասաց նա:
-Ինչո՞ւ չեք կարող:
-Տեղեկատվությունը սեյֆում է:
-Այդ դեպքում ինձ պետք է, որ գնաք ու բացեք սեյֆը:
-Ես բանալի չունեմ:
-Ո՞վ ունի բանալի:
-Ռուզաննան:
-Որտե՞ղ է Ռուզաննան:
-Լենինգրադ:
-Ուրիշ որեւէ մեկը բանալի ունի՞:
-Ոչ:
-Ե՞րբ նա կվերադառնա:
-15 օրից: Նա արձակուրդում է:
-Ձեր ասելով` այստեղ որեւէ մեկի մոտ բանալի չի լինելու 15 օր շարունա՞կ: Իսկ եթե անհետաձգելի դե՞պք պատահի: Ժողովուրդ, դուք իսկապես այսքան հիմա՞ր եք, թե՞ ուղղակի սուտ եք խոսում հենց երեսիս նայելով:

Նա ժպտաց սրան ու շուռ եկավ, որ գնա:

«Ստախոսներ»,- մտածեցի ինքս ինձ: Տեղեկատվությունը, որն ուզում էի, ինձ համար նշանակում էր 22 տարի, իսկ նրա համար պարզապես երեքշաբթի էր: Իմ մեջ արթնացավ այնպիսի կատաղություն, որպիսին նախկինում երբեք չէի զգացել: Երբ նա հավանաբար 10 մետր հեռացել էր, աչքիս առաջ եկավ, թե ինչպես եմ խեղդում այս բանից անտեղյակ ու կոշտուկոպիտ մարդուն: Իմ կամքից անկախ, ես պարզեցի ձեռքերս ու սկսեցի քայլել նրա ուղղությամբ:

«Կներեք»,- կանչեց ինչ-որ մեկը, երբ դեռ նույնիսկ երեք քայլ էլ չէի արել:

Ես շուռ եկա ու տեսա մի տղամարդու, որը հենվել էր մուտքին ու ծխում էր: Լիլիթը մոտեցավ նրան ու սկսեց խոսել: Լիլիթն ինձ համար թարգմանեց, որ նրա մայրը` Սուսաննան, 50 տարուց ավելի աշխատել է մանկատանը եւ կարող էր օգնել ինձ: Նա մեզ ցուցումներ տվեց, թե ինչպես գնանք Սուսաննայի մոտ, մենք էլ այդ ցուցումները տվեցինք Գագիկի վարորդին:

Կես ժամ անց ես Լիլիթի հետ կանգնած էի մի բաց, ավազոտ վայրում, որը շրջապատված էր երեք հատ գորշ բնակելի շենքով: Երբ ես մոտեցա իմ կարծած ճիշտ նպատակակետին, տեսա մի խոշորամարմին կնոջ, ով կանգնած էր բնակարաններից մեկի առջեւ: Ես քայլեցի նրա ուղղությամբ, որպեսզի ճշտեմ հասցեն, բայց երբ նա շուռ եկավ ու նկատեց, որ դեպի իրեն եմ քայլում, նրա շագանակագույն մեղմ աչքերը լայն բացվեցին:

«ՍԱՄՎԵ՞Լ»,- հարցրեց նա` աչքերին չհավատալով:

Սա այն կինն էր, որին ես փնտրում էի: Նա Լիլիթին, մեր վարորդին ու ինձ հրավիրեց վերեւ բարձրանալ:

«Դու հիշո՞ւմ ես ինձ: Որովհետեւ ես հիշում եմ քեզ»,- առաջին բանն էր, որ նա ասաց, հենց նստեցի նրա կանաչ թախտին:

Նա ասաց, որ չէր կարող մոռանալ իմ աչքերը` շիլ ու ոչ շիլ: Այնուհետեւ նա պատմեց իմ` մանկատանը մնալու ժամանակի մասին: Նա ասաց, որ մի օր, երբ արեւն այնքան ցածր էր, որ մանկատունը լիակատար ստվերում էր, մի կին հայտնվեց` իր հետ բերելով մի երեխայի եւ ուղեկցությամբ մի տղամարդու, «որը նրա ամուսինը չէր»: Սուսաննան ասաց, որ նրա առոգանությունը միանշանակ գյումրեցու չէր, որ նա կարող էր Վրաստանից լինել, բայց անկասկած նրա երակներով հայի արյուն էր հոսում: Սուսաննան շատ կարճ խոսեց իմ մոր հետ, քանի որ վերջինս շատ շտապում էր, որ գնացքից չուշանա:

Հետո նա ինձ ասաց, թե ես ինչպիսին էի մանկատանը, եւ թե ինչպես դայակներն ու բժիշկներն ինձ հետ վարվում էին մի քիչ այլ կերպ, քան մյուս երեխաների. մի բան, որ շատ եմ լսել: Նա ասաց, որ Հեւուշ անունով մի դայակ կար, ում ես Գենգուշ էի ասում, քանի որ չէի կարողանում արտաբերել նրա անունը: Այս խոսակցությունը շարունակվեց առնվազն մեկ ժամ, որի ընթացքում նա հատկապես անդրադառնում էր մանրամասների: Դժբախտաբար, նա չկարողացավ պատասխանել հենց ամենից կարեւոր հարցերին. իմ մոր կամ հոր անունը, որտեղից եմ ես, եւ ինչու ինձ լքեցին: Ուստի, նույնիսկ այդքան հստակ բացահայտումներից հետո այդ հարցերը շարունակում էին գաղտնի մնալ:

Գյումրիից երկրորդ անգամ տուն գալը պետք է որ շատ ավելի լավ լիներ, քան առաջին անգամ, քանի որ ես քնել էի խեղճ Լիլիթի ուսին` բավարարված երեխայի նման: Ինձ այնպես էր թվում, թե իմ զբոսանքը ավերակների միջով, խոսակցությունը Գագիկի հետ, եւ ավելի երկար խոսակցությունը Սուսաննայի հետ չափազանց մեծ ներդրում էին անցյալիս մասին օրեցօր հարստացող գիտելիքներիս մեջ:

Մոտ մեկ շաբաթ անց ես Երեւանում հանդիպեցի մի զույգի, որն ինձ ճանաչեց «Հետքում» տպագրված հոդվածից: Ամուսինը Լոս Անջելեսից էր, իսկ կինը գյումրեցի էր: Նրանք իրենց դրսեւորեցին որպես հրաշալի, սրտացավ մարդիկ եւ առաջարկեցին իրենց օգնությունը: Նրանց հետ ծանոթանալուց երկու շաբաթ անց, երբ մասնակցում էի «Օրրանի» կազմակերպած մի միջոցառման, նրանք զանգեցին ինձ:

«Սե՞մ: Ես խոսեցի Ռուզաննայի հետ,- սկսեց կինը,- եւ նա ասում է, որ եթե դու այդքան մտահոգված ես քո վաղ մանկությամբ, ուրեմն պետք է ուղղակի գնաս հարցնես քրոջդ»:

Իմ սիրտը պետք է որ պայթած, իսկ հետո վերակենդանացած լիներ:

«Ի՞նչ քույր: Նա գիտի՞, թե որ Սեմի մասին է խոսում: Դուք նրան ասացիք Սեմյուել Արմե՞ն, թե՞ Սամվել Մուշեղ Դալակաշվիլի»,- արձագանքեցի ես:

«Նա ասաց, որ դու քույր ունես եւ պետք է գնաս հարցնես քրոջդ»:

Կինն ու ամուսինն այնուհետեւ հեռախոսով խոսեցին ինձ հետ: Նրանք ինձ տվեցին մի անուն, որը ես գրեցի ձախ ձեռքիս` դողալով անկառավարելի խուճապից ու սարսափելի շփոթվածությունից: «Քո՞ւյր,- մտածեցի ինքս ինձ:- Նա լա՞վ է: Որտե՞ղ է նա: Ո՞վ է խնամում նրան»:

Ես կախեցի հեռախոսը, հետ քայլեցի դեպի մեր սեղանն ու նստեցի: Հորեղբայրս նայեց ձախ ձեռքիս ու հարցրեց. «Այդ ո՞վ է»:

Ես ուզում էի ասել` իմ պոտենցիալ քույրը, որ նա կրում է իմ իսկական ազգանունը ու մի շատ հին անուն, եւ որ նա կարող է ահավոր վայրում լինել: Բայց այս ճաշասրահում էր, որտեղ հավաքվել էին անբախտ երեխաներին օգնող այս լավ մարդիկ, որտեղ լսվում էին մեղմորեն նվագող դաշնամուրի յուրահատուկ հնչյունները` զուգորդված նուրբ ձայնով մի կնոջ երգեցողության հետ, եւ այս մարդկանց` իմ իսկական ընտանիքի կողքին էր, որոնց ձայները ես հանկարծ չէի կարողանում լսել, որ ես հույսս կտրեցի:

Այո, ես հույսս կտրեցի իմ կյանքի գրքի առաջին երկու գլխից: Ամեն ինչ կարծես խճճված էր շատ ճշմարտանման ստերի սարդոստայնում, եւ ես այլեւս չէի կարող դիմանալ դրան: «Գուցե ինչ-որ մի ուրիշ օր պատասխանները կգտնեն ինձ,- մտածեցի ես,- կամ իմ վճռականության կրակը կվերածնվի»: «Հայաստանում այսպես է,- ասացի ինքս ինձ,- կոռումպացված բյուրոկրատիան կանգնում է ճանապարհիդ»: Ինձ շատ մարդիկ են ասել. «Հուսով եմ, որ շուտով կստանաս քո պատասխանները»: Կարծես մարդկանց սիրտը ցավում էր ինձ համար: «Շատ վատ է»,- մտածեցի ես, քանի որ իմ սիրտն էլ էր ցավում ինձ համար:

Հետո, ասես պատժելով ինձ կամքի բացակայության համար, տեղեկատվությունը, որը միշտ էլ սարսափելի էր, ինքն իրեն հայտնի դարձրեց ինձ: Այդ միջոցառումից մի քանի ժամ անց Հյուսիսային պողոտայի մի բարում, որտեղ նարգիլե էին մատուցում, ես հայտնվեցի նոր ընկերների շրջապատում: Մի անձնավորություն, որը լավ կապեր ուներ, ինձ նայեց կարեկցանքով: «Ոչ ոք չի ուզում քեզ ասել ճշմարտությունը, Սեմ»,- սկսեց նա, ինչն անմիջապես գրավեց իմ ուշադրությունը: «Առնվազն հինգ մարդ գիտի ճշմարտությունը քո մոր մասին, բայց նրանք չեն ուզում ցավ պատճառել քեզ»: Նա լռեց մի պահ ու նյարդային շշնջաց. «Սեմ... քո մայրը մարմնավաճառ էր»:

Ամբողջ աշխարհը կարծես ընկավ ինձ վրա` ինձ խորը թաղելով գահավիժող քարի, կեղտի, ցեխի, ոսկորների տակ` այս ամբողջ ընթացքում քաշելով հրե ծածկոցի տակ, որտեղ ես սկսեցի առատ քրտնել: Ես չէի շնչում. ես գետնի տակ էի: Ես տեսողություն չունեի. ես այն գետնի տակ էի, որի վրայով քայլում են սովորական մարդիկ: Ես ոչինչ չունեի: Ժամանակի մի անչափելի պահ անցավ իմ կողքով, ես թմբիրի մեջ էի, մինչ մեկ անգամ եւս կկարողանայի տեսնել այն անձնավորությանը, ով ինձ հայտնեց այս տեղեկատվությունը: Նա թրթռում էր իմ արցունքոտ աչքերում: «Ցավում եմ, ես պարզապես ասացի քեզ դա»,- ասաց նա` այս ամբողջ ընթացքում ինձ նայած լինելով:

Ես լաց եղա ամբողջ գիշեր` դողալով ու մտածելով, որ իմ մայրը մարմնավաճառ էր, իմ հայրը անիծյալ հաճախորդ էր: Առավոտյան ես արթնացա արցունքներով ու սարսափելի գլխացավով: Բայց մի ճակատագրական ու ոչ հստակ երկխոսության ժամանակ ես պատահաբար հորս հայտնեցի ինչ իմացել էի, ինչի արդյունքում մենք շատ երկար խոսակցություն ունեցանք` լեցուն բացահայտումներով ու մանրամասներով:

Հայրս գիտեր իմ քրոջ մասին: Նա քրոջս հանդիպել էր մոտ մեկ տասնամյակ առաջ եւ պատրաստվում էր ինձ ասել այդ մասին, երբ զգար, որ ես լիովին պատրաստ եմ: Այս պահին նա արդեն ընտրություն չուներ: Նրան մտահոգում էր ոչ թե զուտ այն փաստը, որ ես քույր ունեմ, այլ այն, թե ինչպես կարձագանքեմ նրա վիճակին: Ես ու քույրս տարբեր հայրերից ենք, նա ինձանից մեծ է երկու տարով եւ տառապում է ծանր ուղեղային կաթվածով, ինչի հետեւանքով նրա հաղորդակցվելու ունակությունը հավասարվել է 4 տարեկանի հաղորդակցվելու ունակությանը: Նա լավագույն վայրում է, որտեղ կարող է լինել նրա նման մեկը, եւ իմ հայրը հաճախ հետեւում է` համոզվելու համար, որ նրա խնամատարները չեն ստում, երբ ասում են, թե նա աշխարհի ամենաերջանիկ աղջիկն է:

Հայրս նաեւ օգնում է նրան ամեն անգամ, երբ լինում է այնպիսի միջոցառում, որը հաճույք կպատճառեր նրան, օրինակ` խմբով էքսկուրսիան: Հայրս ասում է, որ այդպես է անում մասամբ այն պատճառով, որ գիտի, որ նա ու ես կապ ունենք իրար հետ, որ նա իմ խորթ քույրն է, որ նա իրեն հանդիպած միակ մարդն է աշխարհում, ով ունի իմ արյունից, եւ որ հակառակ դեպքում նա կարող էր ողբերգական ճակատագիր ունենալ: Այդքանը բավական էր դոկտոր Գարո Արմենի համար, որ հայրաբար վարվեր:

Կուզեի մի պահ կանգ առնել` ընդգծելու համար, որ Ռուզաննայի ասածը, որ «գնամ հարցնեմ քրոջս», բարեսիրտ առաջարկ չէր, այլ ավելի շատ անսիրտ, անհոգի, անզգամ եւ անխոհեմ վիրավորանք` եւ ներկայումս իր ղեկավարած մանկատանն ապրած մի տղայի, եւ նույն իրավիճակում հայտնված մի աղջկա նկատմամբ: Սա պետք է մարդկանց ստիպի, որ սկսեն հետաքրքրվել, թե ինչպես են այնտեղ վարվում երեխաների հետ, եւ արդյոք իրենք կարո՞ղ են գտնել ավելի լավ ղեկավարների: Իրականում, բացի սրանից ու իր պարբերական արձակուրդներից, կարելի է խոսել շատ սարսափելի բաների մասին, որոնք արել է այս կինը:

Հորս հետ խոսելու օրը ես Երեւանում մի ընկերոջից իմացա, որ այս կինը` Ռուզաննան, որը պատահաբար բավականին մեծ փողեր է կուտակել` մտավոր խնդիրներ ունեցող երեխաների մանկատան տնօրեն լինելու հաշվին, նոր է բռնվել մանկատնից մեկ անգամ եւս միլիոնավոր դրամներ գողանալու պատճառով, եւ որ նա պատժվելու է: Ես ժպտացի: Հետո նա անպատիժ մնաց: Ես շատ տխրեցի: Մարդիկ շատ բան ունեն պատմելու այս կնոջ մասին, եւ հուսով եմ, որ «Հետքը» շատ շուտով կհրապարակի այդ պատմությունները:

Վերադառնալով հորս ու իմ զրույցին` ասեմ, որ մենք սկսեցինք խոսել իմ մոր թեմայով: Հայրս ու մի քանի ուրիշներ ասացին, որ չհավատամ, որ նա մարմնավաճառ է եղել: Ավելի երիտասարդ տարիքում հորս հորաքրոջը, որը շատ կարգին կին էր, շատ մարդիկ «մարմնավաճառ» էին ասում, քանի որ նա ժամադրության էր գնում մի տղայի հետ, իսկ հետո` մեկ շաբաթ անց, ժամադրվում էր մեկ ուրիշի հետ: Երկու տասնամյակ առաջ խորհրդային Գյումրիում շատ հեշտ էր կնոջ վրա «մարմնավաճառ» պիտակը կպցնել: Նույնիսկ եթե նա այդ ժամանակ հեշտասեր էր, ես ոչ մի կերպ չեմ հասկանում, թե ինչ արդարացում կարող են ունենալ նրա գործողությունները վերջերս աղքատացած, Երկրաշարժը վերապրող այնպիսի քաղաքում, ինչպիսին Գյումրին էր:

Ես ընդունեցի խորհուրդը, որ տվեցին ավելի մեծ ու իմաստուն մտերիմներիցս շատերը, ովքեր գիտեին, որ գրելու եմ այս հոդվածը. այն է, որ ճշգրիտ լինեմ նրան պատկերելիս: Անկեղծ ասած` ամենից ճշմարտանմանն այն է, որ իմ մայրը ԱՄԵՆԱՔԻՉԸ ընկալվում էր որպես թեթեւաբարո:

Սա էր անհրաժեշտ եզրակացությունը այս ճամփորդությունից, որի նպատակն էր իմանալ իմ վաղ մանկության մասին: Ես քույր ունեմ եւ ծրագրում եմ այցելել նրան շատ մոտ ապագայում:

Ոմանք կարող են ասել, որ ճամփորդությունը զրոյական արդյունք տվեց, բայց նույնիսկ ես, որ փոթորկի կենտրոնում էի, բոլորովին համաձայն չեմ: Ես ստացել եմ ավելի շատ պատասխաններ, քան հույս ունեի: Այս ճամփորդությունը ինձ հետ բերեց իմ ծննդավայր` հնամենի երկիր, որտեղ հայկական ու նախահայկական հետքերը ամենաքիչը 10 հազար տարվա պատմություն ունեն: Երկու տասնամյակ անց ես վերադարձա իմ մանկատուն` այն հաստատություն, որտեղ մնացել եմ ավելի քան մեկ տարի: Ես սովորել եմ, որ մարդ պետք է անցնի արատավոր բյուրոկրատիայի միջով, երբ փորձում է ինչ-որ բան գլուխ բերել Հայաստանում: Ես տեսել եմ համակարգը ու շատ լավ հասկացել, թե ով էր կոռումպացված, ով էր չար, եւ ով էր, որ օգնության ձեռք մեկնեց:

Հնարավոր է, որ երբեք չպարզեմ իմ արմատները, բայց նրանք են ինձ միս ու արյուն տվել, ուստի երբ նայում եմ հայելու մեջ, ինչ-որ առումով նրանց է, որ տեսնում եմ ես` ամբողջ կյանքումս զարգանալով ու առաջընթաց ապրելով իմ նոր, իրական, սիրող ընտանիքի շնորհիվ: Այս ճամփորդությունը մոտեցրեց ինձ ու իմ իսկական ծնողներին եւ բացահայտեց իմ կյանքի անհավատալի մանրամասներ, որոնց մասին երբեք չէի իմացել, ինչպես, օրինակ, իմ բազմաշերտ հոգեվերլուծությունների էջերը, մանկատանը եղած ժամանակվա լուսանկարներս (իմ ամենափոքր տարիքի լուսանկարներից մեկը, որ երբեւէ տեսել եմ): Իմ գրքի կորած գլուխների էջերը ամբողջությամբ չեն վերագտնվել, բայց գոնե ես ավելի լավ պատկերացում ունեմ դրանց մասին, քան երբեւէ: Եթե ես մի օր իսկապես գտնեմ այնքան տեղեկատվություն, որը կբավարարի` լրացնելու առաջին այդ երկու գլուխը, խոստանում եմ, որ առաջինը «Հետքը» կլինի, որ կտպագրի դա:

Այս ճամփորդության համար ես շնորհակալություն եմ հայտնում.

- Իմ հայկական արմատներին, որոնք անխուսափելիորեն պարունակում են ողջ մնացածների պատմություն, ովքեր հնարավորություն տվեցին ինձ ծնվելու:

- Ստելլա Գրիգորյանին, Արթուր Հալվաջյանին եւ Ալիս Մովսեսյանին` ինձ Ամերիկա բերելու եւ իմ առջեւ դեպի ընտանիք տանող ճանապարհ բացելու համար:

- Տիկին Մարիամին, պարոն Կրիկորին եւ Նյու Ջերսիի հայկական համայնքին` ինձ նոր աշխարհում ջերմ ընդունելու համար:

- ՀԲԸՄ-ի երեւանյան ամառային ծրագրի ղեկավարներ Ալինին եւ Աննային, նաեւ ծրագրի 20 մասնակիցներին, որոնք ինձ համար հնարավոր դարձրին այս ճամփորդությունը:

- Էդիկ Բաղդասարյանին, երկու Սոնաներին, Քրիստինեին, Վահեին եւ «Հետքի» ողջ անձնակազմին նրա համար, որ այդքան խիզախ ու բարի են, եւ որ ինձ հնարավորություն տվեցին զգալու, որ աշխատել եմ մի նոր, հրաշալի ընտանիքի կողքին:

- Այն ընտանիքներին ու զույգերին, որոնք այնքան հաճախ օգնեցին ինձ տարբեր ձեւերով, ինչպես Յաքուբյան ընտանիքը:

- Եվ, իհարկե, բոլորից առավել` դոկտոր Գարո Արմենին, Վալերի Արմենին եւ Զաքարի Արմենին, ովքեր արժեքավոր դարձրին մնացած բոլորի ջանքերը, ովքեր ինձ տվել են մի բան, որը բառերով հնարավոր չէ ասել, բայց որը ձեռք բերելու համար տարիներ են պահանջվում, եւ դա չունենալը կամ դա ունենալը նշանակում է տխրության կամ երջանկության արցունքներ:

Նաեւ շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ ժամանակ ծախսելու եւ իմ ճամփորդության մասին կարդալու համար: Թող այս աշխարհի Վերին ուժերը, ով էլ որ նրանք լինեն, միայն օրհնեն նրանց, ովքեր իրենք են կամենում օրհնել աշխարհը:

Լուսանկար 1-ին` Լիլիթը լուսանկարում է Գյումրիի անձնագրային բաժանմունքի հետեւում գտնվող քարուքանդ շենքը
Լուսանկար 2-րդ` Գյումրիի «Երեխաների տուն» մանկատան լուսանկարը` արված մոտ 20 տարի առաջ

Անգլերենից թարգմանությունը` Սոնա Ավագյանի

Մեկնաբանություններ (3)

nan
sirts ktor ktor exav.......bayc de mor masin tnoren@ chisht kimanr menak
armen g
having read your previous articles.. i got the sense that you weren't ready to find out all the answers and weren't working hard enough in that direction.. but it's understandable...it does take courage.. when you're ready you can continue again with this process...
george omartian
Samvel jan, Thanks for you articles in HETQ.....I found all of them of great interest and at time so moving, I wept.... You and your peers are the treasure and future of Armenia !!!! Serov, George P.S. My friend Harut and I had the pleasure of meeting you at the COAF Party at the Cascade in August....and I can understand how you could be recognizable by your beautiful eyes.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter