HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինչու է հաստացել Հայաստանի նոր Կարմիր գիրքը

Նոր հրատարակված Հայաստանի Կարմիր գրքում աճել են անհետացման վտանգի տակ հայտնված կենդանական և բուսական տեսակները: Ողնաշարավոր կենդանիներից արդեն անհետացած տեսակներ կան. Սևանա լճի իշխան ձկան երկու ենթատեսակներն իսպառ վերացել են, ոչ մի կերպ դրանք վերարտադրել հնարավոր չէ: Վտանգված է հայկական մուֆլոնը, բեզոարյան այծը, հովազը և այլն: Բուսական աշխարհում որևէ տեսակի կորուստ չի եղել: 2010-ի դեկտեմբերին 500 օրինակով հրատարակվել է Հայաստանի Կարմիր գիրքը, որտեղ ընդգրկված են առավել վտանգավոր բուսական և կենդանական աշխարհի տեսակները: ԲՆ կենսաբազմազանության քաղաքականության բաժնի պետ Տատյանա Դանիելյանը նշում է, որ Կարմիր գրքի մեծացման պատճառը նախևառաջ մարդու ազդեցությունն է էկոհամակարգի վրա, որը մեծացել է, ինչը, սակայն, բնորոշ է ողջ աշխարհին: Եթե նախորդ Կարմիր գրքում ընդհանուր առմամբ 367 տեսակ էր ընդգրկված, ապա նորում 452 տեսակի բույս է ընդգրկված և 40 տեսակի սունկ (նախրոդում սնկերը չէին ներառվել): Նախորդ Կարմիր գրքում 99 տեսակ ողնաշարավոր կենդանիներ են եղել, նորում` 153 տեսակ, 155 տեսակ անողնաշարավորներ: Չափազանց բարձր ռիսկի տակ գնտվող կամ կրիտիկական 143 տեսակ կա: Վտանգված տեսակները, որոնք շատ բարձր ռիսկային խմբում են` 249 են, իսկ խոցելի, անհետացման բարձր ռիսկի տակ 60 տեսակ կա: «Բնակչությունը մեծաքանակ դառնալով` ավելի մեծ ազդեցություն է թողնում էկոհամակարգերի վրա: Բացի դրանից, ինչքան երկիրը աղքատ է, այդքան այդ ազդեցությունն ավելի մեծ է, որովհետև մարդիկ կախված են այն կենսառեսուրսներից, որոնք շրջապատում են նրանց: Մարդիկ կախված են ծառից` որպես բնափայտի աղբյուր, որով տաքացնում են  իրենց, քանի որ հնարավորություն չունեն, ենթադրենք, օգտվել գազից, և մարդիկ կախված են կենդանուց, ենթադրենք` ձկից»,- ասում է Տատյանա Դանիելյանը: «Բնակչության վերաբերյալ ես կասեի, որ հակառակն է մեզնում, մենք կորցնում ենք մեր բնակչությունը, և եթե այսպես շարունակվի, Կարմիր գրքում կարող ենք նաև ընդգրկել Հայաստանում հայ մարդուն, որովհետև երբ նայում ենք, որ մենք մեզ անգամ չենք վերարտադրում, իսկ միգրացիան էլ եթե միացնենք, ապա ստացվում է, որ մեր բանկչությունն ուղղակի մարում է»,- կարծում է էկոլոգ Կարինե Դանիելյանը և կարևորում նաև պահպանությունը: Կարինե Դանիելյանը նշում է, որ Հայաստանը վերածվել է հումքային կցորդ երկրի, արտահանման հիմնական կազմը ընդերքի օգտագործումից է առաջանում, ընդ որում` բաց ընդերքի: Օրինակ` Թեղուտում` անտառային տարածքի բաց օգտագործումը, ինչը ամենամեծ հարվածն է բնությանը: Երկրորդը` շինարարությունն է: Մյուս կողմից` պահպանվող տարածքներն են ավելանում: «Բայց որքանով է այնտեղ ռեժիմը պահպանվում»,- հարցնում է էկոլոգը և մանրամասնում, եթե հանկարծ բարձրաստիճան պաշտոնյային մի գեղեցիկ հատված է դուր գալիս պահպանվող տարածքում, ապա ներքին կարգով այն տրվում է նրան, ինչպես Խոսրովի արգելոցի Գիլանի դեպքում էր: Կարինե Դանիելյանը նշում է, որ դրա արդյունքում են Կարմիր գրքերը հաստափոր դառնում: Այսինքն` էկոհամակարգը փողկապակցված է, և մեկը պայմանավորված է մյուսով: Կարինե Դանիելյանը չի ժխտում, որ Կարմիր գրքի հրապարակմամբ Բնապահպանության նախարարությունը իր աշխատանքը կատարել է, բայց նախարարության աշխատանքն է նաև վերահսկել կենսաբազմազանության պահպանությունը, որպեսզի Կարմիր գրքերը ոչ թե հաստանան, այլ ավելի բարակեն: «Կապերը որ խզվեցին, հաջորդը զարմանալու ենք` էս ինչի քաղցկեղն աճեց, էս ինչի աննորմալ ծնունդներն աճեցին, մենք բոլոր թելերով կապված ենք»,- նշում է բնապահպանը: Կարինե Դանիելյանը նաև հիշեցնում է, որ կենսաբազմազանության տեսակետից Հայաստանը աշխարհի կենտրոններից է,  օրինակ, էնդեմիկ տեսակներ կան, որոնք միայն Հայաստանն ունի, եթե կորավ, ուրեմն աշխարհն է կորցնում այդ տեսակները: Վերջին Կարմիր գիրքը տպագրվել էր ավելի քան 20 տարի առաջ, որից հետո ոչ վերանայվել էին գրքում ընդգրկված բուսական և կենդանական աշխարհի ցուցակներ, ոչ էլ գիրքն էր վերահրատարակվել, քանի որ ֆինանսական միջոցներ չեն եղել` այդ ծավալուն գործը և ուսումնասիրությունները կատարելուը համար: 2007թ-ից սկսած պետական բյուջեի միջոցներով` 31 մլն դրամով, սկսվել էին աշխատանքները նոր Կարմիր գրքի պատրասման և լրամաշակման ուղղությամբ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter