HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

2012-ից հետո Ռուսաստանին այլեւս պետք չի՞ գալու Գաբալայի կայանն Ադրբեջանում

Փետրվարի 8-ին հայաստանյան մի շարք լրագրողների համար («Երկիր», «Ժամանակ», «Հետք» թերթերից, Հանրային ռադիոյից,  news.am. panarmenian.net, newsarmenia.am կայքերից) Հայաստանում Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ «Ռեգիոն» կենտրոնի կազմակերպված օնլայն հարցազրույցում ադրբեջանցի փորձագետ Ռաուֆ Ռաջաբովը մեկնաբանում էր ՆԱՏՕ-ի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցության, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ՆԱՏՕ-ն որպես Ադրբեջանի համար անվտանգության համակարգի մասին եւ մի շարք այլ հարցեր:

Վերլուծաբանի համոզմամբ` Հայաստանում եւ Ադրբեջանում պատերազմական հռետորաբանության կիրառումը օբյեկտիվ գործընթաց է:

«Կան բազմաթիվ օբյեկտիվ եւ սուբյեկտիվ պատճառներ, որոնք բացատրում են պատերազմական հռետորաբանությունը:  Սակայն կարեւորն այն, է, որ քաղաքական գործընթացը, չնայած այս կամ այն վայրիվերումներին, շարունակվում է»,- ասաց նա: Քաղաքական գործընթաց ասելով` Ռ.Ռաջաբովը հասկանում է ոչ միայն հայ-ադրբեջանական պաշտոնական «շփումները», այլեւ երկու հասարակությունների ներկայացուցիչների այն ոչ ինտենսիվ հանդիպումներն ու համատեղ քննարկումները, որոնք տեղի են ունենում` չնայած հայ-ադրբեջանական արդի պայմաններին: Մեզ հետաքրքրում էր հարցը, որ այս պահին էլ (Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի` СНВ-3 վավերացումից հետո) հակահրթիռային պաշտպանության բնագավառում ռուս-ամերիկյան  հակասությունները չեն լուծվել, իսկ 2012 թվականին լրանալու է Գաբալայի ռադիոլոկացիոն կայանի վարձակալության ժամկետը: Ա

րդյո՞ք  այս համատեքստում Ադրբեջանին ձեռնտու կլինի շարունակել պայմանագիրը Ռուսաստանի հետ: Սրան Ռ.Ռաջաբովը պատասխանեց. «Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրի (СНВ-3) ստորագրումն ավելի լավ է, քան դրա բացակայությունը: Հասկանալի է, որ երկու երկրները տարբեր կերպ են ընկալում այս կամ այն սպառնալիքները: Ցավոք, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը դեռեւս չեն համաձայնեցրել այն սպառնալիքների ցուցակը, որոնք թուլացնում են գլոբալ անվտանգության համակարգը: Ինչպես օրինակ Հակահրթիռային պաշտպանության համակարգի (ՀՀՊ) հարցում եղած անհամաձայնություններն են: Եկեք ոչ ինքներս մեզ խաբենք, ոչ էլ շփոթեցնենք ուրիշներին. երկու տերությունների միջուկային գլխիկներով հրթիռները, նույնիսկ պայմանագրի վավերացումից հետո էլ, ուղղված են լինելու միմյանց դեմ: Եվ Կոնգրեսում, եւ Պետդումայում պայմանագիրը վավերացվեց այս կամ այն հավելումներով: Սա արդեն շատ բանի մասին է խոսում: Միայն այն ժամանակ, երբ միջազգային հանրությունը ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից կստանա ոչ թե ասիմետրիկ, այլ համաչափ պատասխան ՀՀՊ-ի հարցում, հնարավոր կլինի ասել, որ մենք կանգնած ենք միջուկային զենքից զերծ աշխարհի շեմին: Ինչ վերաբերում է Ադրբեջանին եւ Գաբալայի կայանին, ապա այդ հարցը լուծում կստանա գործող Սահմանադրության, Ազգային անվտանգության հայեցակարգի եւ Ռազմական դոկտրինի համաձայն: Ադրբեջանն ի վիճակի է ինքնուրույն կառավարելու իր ռազմական օբյեկտը, մանավանդ որ Ռուսաստանն արդեն նման կայան կառուցել է Արմավիրի մերձակայքում: Ուստի` այս օբյեկտը (Ադրբեջանի Գաբալայի կայանը – Լ.Բ.) նրան բոլորովին պետք չէ»:

Սրա հետ կապված մեկ այլ հարցին ի պատասխան (Հանրային ռադիոյից` արդյո՞ք, Ադրբեջանում կարող են տեղակայվել ՆԱՏՕ-ի կամ Թուրքիայի ռազմական բազաներ), ադրբեջանցի վերլուծաբանն ասաց, որ երկու տարբերակներն էլ բացառվում են:

Նախ, քանի որ դա հակասում է երկրի Սահմանադրությանը, որով արգելվում է Ադրբեջանի տարածքում այլ երկրների ռազմակայանների տեղակայումը:

Երկրորդ, քանի որ նույն Թուրքիայի հետ «ռազմատեխնիկական բնագավառում հանագործակցությունը կարգավորվում է անցած տարի կնքված ռազմավարական գործընկերության մասին պայմանագրով: Ադրբեջանի տարածքում թուրքական ռազմակայանների տեղակայումն այս պայմանագրի ինքնանպատակը չէ: Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանուր սահման ունեն Նախիջեւանի կողմից  եւ դրա (թուրքական ռազմակայանի տեղակայման – Լ.Բ.) անհրաժեշտությունը չկա»:

Մեր մյուս հարցը վերաբերում էր Ադրբեջանում ռուսամետ եւ արեւմտամետ տրամադրությունների ներկայիս վիճակին, ինչպես նաեւ, թե ինչպես կարող է սերնդափոխությունն Ադրբեջանում անդրադառնալ Ադրբեջանի հյուսիսատլանտյան կողմնորոշման հարցում ներկայիս դիրքորոշման վրա: «Դժվար է խոսել միտումների մասին, Ադրբեջանում հյուսիսատլանտյան կողմնորոշման կողմնակիցների թվի ավելացման կամ նվազման միտումները պարզելու լայնամասշտաբ հարցումներ չենք անցկացրել:  Սակայն կասեմ, որ ի տարբերություն Վրաստանի, Ադրբեջանում արդյունավետ չէ կազմակերպված եվրատլանտյան արժեքների պրոպագանդման գործը, եւ դա իր հերթին չի նպաստում հասարակության մեջ այդ նույն եվրատլանտյան արժեքների արմատավորմանը: Որոշակիորեն կարող եմ ասել, որ ռուսամետ տրամադրությունների նվազումը Ադրբեջանի նվաճումն է: Ադրբեջանի երիտասարդությունը միանշանակ եվրաինտեգրման, այլ ոչ թե որեւէ այլ ուղղությամբ զարգացման կողմնակիցն է: Չնայած, որ տարածաշրջանային ինտեգրումն է այս խնդրի լուծման առաջին քայլը»,- պատասխանեց Ռ.Ռաջաբովը:

Հարցազրույցն ամբողջովին կարելի է կարդալ Կովկասի լրագրողների ցանցում (www.caucasusjournalists.net):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter