HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Ողջ Եգիպտոսը հավաքվեց, որ մի կենդանի հոգի ունեցող մարդու լսի»

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը հնարավոր է համարում Հայաստանում Եգիպտոսի սցենարի կրկնությունը: Այսօրվա մամուլի ասուլիսին նա ասաց, որ Եգիպտոսում հեղափոխության նոր ալիքն առաջացավ մեկ ելույթից. մի եգիպտացի երիտասարդ facebook սոցիալական ցանցի միջոցով կազմակերպեց առաջին ընդվզումը:

Երիտասարդին ձերբակալեցին: Շատ չանցած` ազատ արձակվելուց հետո, նա ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ: Աշոտ Մանուչարյանի համոզմամբ` այդ երիտասարդը բոլորովին նման չէ այն «մեռած» քաղաքական գործիչներին, որոնք կաղապարային բառեր են արտասանում, արդեն իրենք էլ են հոգնել իրենց բառերից և չգիտեն, թե ինչ են ասում: «Եգիպտոսին դիմեց կենդանի հոգի ունեցող մարդ: Եվ նա ներողություն էր խնդրում այն մայրերից, ում որդիները զոհվեցին այդ իրադարձությունների ժամանակ: Եվ նա չդիմացավ, եթերում լաց եղավ: Շատ ազդված էր այդ ամբողջ բեռից, որ իր վրա ընկել էր: Զգացվում էր, թե բանտում ինչ ապրումներ է ունեցել` այդ դեպքերի հետ կապված. չէ՞ որ ինքն էր նախաձեռնողը: Դրանից հետո ողջ Եգիպտոսը հավաքվեց, որ մի կենդանի հոգի ունեցող մարդու լսի: Եվ այդ հանրահավաքը, որ 2 օր առաջ Եգիպտոսում տեղի ունեցավ, ամենախոշորն էր»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Անդրադառնալով Հայաստանում հնչող այն տեսակետներին, որ «Եգիպտոսը հեռու է», «Ի տարբերություն Մուբարաքի` մենք ուժեղ տղաներ ենք», և այլն` Աշոտ Մանուչարյանն ասաց, որ բավական է մի կենդանի մարդու ելույթ, որը կարող է շատ բան փոխել: «Այդպիսի երիտասարդներ կան նաև Հայաստանում: Ես չգիտեմ` նրանցից որը և որ խումբը որ պահին ինչպիսի քայլերի կդիմի: Այդպիսի խմբերը հիմա գործում են, մտածում են և այլն: Եվ ստանդարտ քաղաքական դաշտից դուրս ամեն վայրկյան հնարավոր են շատ հետաքրքիր, շատ խոստումնալից երևույթներ»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով` Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, ապա արաբական աշխարհում սկսված իրադարձությունների շղթան շատ կարևոր լիցք է պարունակում: Գերմանիայում այժմ բացվել են խանութներ, որոնցում վաճառվում է աֆրիկյան երկրներից ներկրված աննդամթերք` մրգեր: Գերմանական խանութներն այդ ապրանքը հատուկ վաճառում են բարձր գներով: Բայց մարդիկ միևնույն է` գնում են այն, քանի որ գիտեն, որ խանութի տերերը բարձր գնից ստացված եկամուտն ուղարկում են Աֆրիկա: Գերմանացիներն անարդար են համարում այն, որ աֆրիկացի երեխաները սովամահ են լինում այն պատճառով, որ Արևուտքը կողոպտում է աֆրիկացիներին` պարտադրելով ցածր գներ: «Սա նոր Եվրոպան է: Նոր Եգիպտոսը պարունակում է այդ բաները: Այդ ամենի մեջ և սրա-նրա խարդավանքները կան, և երկրների գործունեությունը, բայց հիմնական շունչը ուրիշ է. Եգիպտոսը իր համար փնտրում է նոր արդարություն: Հայաստանն էլ իր համար է փնտրում նոր արդարություն: Եվ Հայաստանը տեսնում է և զգում է այդ բանը, շատ անգամ ժողովուրդը, երիտասարդությունը` ավելի շատ, քան քաղաքական շրջանակները»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքից արդյոք հետևո՞ւմ է, որ Հայաստանում, ի տարբերություն Եգիպտոսի, չկա քաղաքական մի ուժ, որի մեջ կլինի կենդանի մարդ և որն ի վիճակի կլինի ապահովել նոր արժեհամակարգի հիմնում: Աշոտ Մանուչարյանի կարծիքով` Հայաստանում գործող բոլոր քաղաքական ուժերում էլ կան դրական կղզյակներ, սակայն քաղաքական ուժերի ընդհանուր որակն այնպիսին է, որ սպասելիքները մեծ չեն, թեև հնարավոր են: Անդրադառնալով այն հարցին, թե դրական ի՞նչ բան է տեսնում Հայաստանի քաղաքական ուժերի մեջ` բանախոսը պատասխանեց, որ տարբեր տեղերում կան առանձին անհատներ և մարդկային խմբեր, որոնք իրենց մեջ ունեն դրական լիցք: Աշոտ Մանուչարյանն այդպիսի լիցքեր է տեսնում ՀԱԿ-ի երիտասարդության, «ֆեյսբուքյան» երիտասարդության, «Սարդարապատ» շարժման և Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի գործունեության մեջ: «Մի խոսքով, բավականին լայն է այդ շրջանակը, որոնք առկա են և քաղաքական ուժերի շրջանակում, և քաղաքական հարթության մեջ, բայց այլ տեղերում»,- ասաց բանախոսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter