HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Աշոտ Մանուչարյան. «Հայաստանը սկսել է խժռել իր պոչը»

«Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Աշոտ Մանուչարյանը պատկերավոր կերպով այսպես է ներկայացնում Հայաստանը. մի կենդանի է, որը սկսել է խժռել իր պոչը: Ուղեղն այլև չի աշխատում, քանի որ բերանի ռեցեպտորները հուշում են, որ պետք է ուտել: Մարմնի մյուս մասերը նախանձում են բերանին, քանի որ այն հաջողակ է, և իրենք էլ են ուզում բերան դառնալ, ոչ թե խոչընդոտել բերանին:

«Սա է այսօր Հայաստանի պատկերավոր այն կերպը, որը ստեղծել ենք բոլորով միասին: Շրջապատի մյուս կենդանիները, զարմանքով նայելով, թե ինչ է կատարվում, ամեն մեկը փորձում է թռցնել նաև իր պատառը այդ ինքնախժռող էակից: Հայաստանում միացված է ինքնաոչնչացման ծրագիր»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Աշոտ Մանուչարյանը: Նրա խոսքերով` Հայաստանում գործում է արտաքին 2 խոշոր ուժ` անգլոսաքսոնական (ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան Հայաստանում գործում են կոնսոլիդացված) և ռուսական: Անգլոսաքսոնական ուժերը փորձում են Հայաստանում իրադարձություններն ուղղորդել այնպես, որ սպասարկվեն իրենց սեփական երկրների շահերը: Ռուսաստանն էլ իր հերթին սկսել է նկատել է, որ իր ձեռքից տանում են մի լավ պատառ, դրա հետ միասին` նաև Կովկասը: Այս տարածաշրջանը կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար. առանց Կովկասի` Ռուսաստանը կփլուզվի: Ուստի, Ռուսաստանի անհանգստությունն էլ ինչ-որ շարժումների է վերածվել: Աշոտ Մանուչարյանի կարծիքով` Հայաստանում գործընթացները տնօրինվում են արտաքին ուժերի կողմից, քանի որ հայաստանյան քաղաքական ուժերը փաստացի զբաղված են միայն տնտեսական ոլորտի վերաբաշխմամբ: «Քաղաքականությունը հայտնվում է, երբ դու տալիս ես նոր կյանքի պատկերը և անցման ուղին: Մյուս բոլոր բաներից խոսողները քաղաքականությամբ չեն զբաղված: Նրանք զբաղված են տնտեսական գործունեությամբ: Ուղղակի քաղաքական բառապաշարը, մեթոդները օգտագործում են տնտեսական շահերը պահպանելու, ուժեղացնելու համար»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Նա համոզված է, որ Հայաստանն այս վիճակից պետք է դուրս գա` առանց ցնցումների, քանի որ գտնվում է բարդագույն տարածաշրջանում, և միշտ կան ուժեր, որոնք կաշխատեն օգտվել իրավիճակից: Միաժամանակ Աշոտ Մանուչարյանը կտրուկ դեմ է իշխանական քարոզչամեքենայի այն թեզին, թե «այ, էսպես մնանք, միայն թե բան չլինի»: ««Այ, էսպես մնալով»` մենք ինքներս ենք մեզ ոչնչացնում: Էլ ոչ ոք պետք չէ: Ուրեմն, այս վիճակից պետք է անհապաղ դուրս գանք, բայց միևնույն ժամանակ պետք է այնքան նուրբ կարողանանք գործել, որ գործը ընթանա անցնում: Իսկ դա նշանակում է առավելագույն համաձայնություն և բոլոր ուժերի առավելագույն ներգրավում: Սա է Հայաստանի համար անցնցում տեղափոխման միակ հնարավորությունը»,- նշեց Աշոտ Մանուչարյանը: Նա միանգամայն հնարավոր է համարում առաջիկայում ընդդիմության միավորումը: Իսկ թե ո՞ւմ գլխավորությամբ կլինի այդ միավորումը` ամենաբարդ հարցն է: Բանախոսի կարծիքով` եթե ընդդիմությունը միավորվի, ապա դա կլինի ոչ թե մեկ մարդու, այլ մարդկանց խմբի գլխավորությամբ: Աշոտ Մանուչարյանը նաև հնարավոր է համարում, որ նոր ուժեր ձևավորվեն մինչև խորհրդարանական ընտրությունները, քանի որ հիմա այդ ուղղությամբ բուռն գործընթաց կա: «Խորհրդարանական ընտրությունները լինելու են տեղի ունեցող գործընթացների վավերացումը: Ուժերի հիմնական հարաբերությունը ճշտվելու է մինչև խորհրդարանական ընտրություններ»,- ասաց նա: Աշոտ Մանուչարյանի խոսքերով` Հայաստանի գրեթե ողջ քաղաքական դաշտը գործում է ինչ-որ բան պոկելու հարթության մեջ: ՀՀԿ-ԲՀԿ տարաձայնությունները ևս, նրա կարծիքով, պետք է դիտարկել այդ հարթության մեջ: Ուստի, այս տեսանկյունից, այդ տարաձայնությունները հետաքրքիր չեն Հայաստանի համար: Միաժամանակ չի կարելի անտեսել այն, որ ՀՀԿ-ԲՀԿ հարաբերությունները ծնում են իրավիճակ, որի մեջ մյուս ուժերն իրենց համար նոր հեռանկար են տեսնում: Ավելին, այդ հարաբերությունները կարող են հանգեցնել հենց ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ներսում տրամադրությունների ու մոտեցումների փոփոխության, ինչի արդյունքում հնարավոր է, որ այդ կուսակցությունների անդամները մտածեն այլ աշխարհի մասին: «Հավանականությունը շատ մեծ է, որովհետև այդ հարաբերությունները զարգանում են ոչ միայն ինքնուրույն: Մեծ է արտաքին միջամտությունը այդ հարաբերությունների մեջ, և բախումնային զարգացումը շատ մեծ հավանականություն ունի»,- ասաց Աշոտ Մանուչարյանը: Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի` քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցություններին` նա նշեց. «Քոչարյանը միշտ եղել և մնում է քաղաքականության մեջ»:

Բայց դարձյալ կարևորն այն է, որ Ռոբերտ Քոչարյանի քայլերի փիլիսոփայության մեջ որևէ փոփոխություն չկա: «Այս տեսակետից բոլոր կուսակցությունների, քաղաքական գործիչների ելույթների, քայլերի մեջ մեզ պետք է հետաքրքրի միայն մեկ բան. այդ քայլերը պարունակո՞ւմ են այս կյանքից այլ կյանքի անցնելու առաջարկ, ուղի: Եթե չեն պարունակում, նրանք հետաքրքիր չեն»,- ասաց Աշոտ Մանուչարյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter