HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Փողոցային առևտրով զբաղվողները փող չունեն` կառավարության շենքի մոտ հասնելու համար

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա էին կազմակերպել վաճառականները, որոնց Երևանի քաղաքապետի որոշմամբ արգելվել է քաղաքի տարբեր վայրերում զբաղվել փողոցային առևտրով:

Առևտրականներն ասացին, որ իրենց ընկերներից շատերը չեն կարողացել գալ կառավարության շենքի առջև, քանի որ տրանսպորտին վճարելու փող չունեն: Վաճառողների խոսքերով` Երևանում փողոցային առևտրով են զբաղվում և իրենց օրվա հացը վաստակում նաև մարզերից եկած վաճառականները: Ցուցարարները վանկարկում էին «ամոթ», «հեռացեք», «վախկոտներ», անեծքի ու վիրավորանքի բառեր ուղղում իշխանություններին: Նրանք պահել էին «Ճանաչիր իմ ապրելու իրավունքը», «Հայը հալածվում է իր հայրենիքում», «Մի զրկեք մեզ աշխատանքից», «Մենք ամեն գնով վերանվաճելու ենք մեր իրավունքները» և այլ գրություններով պաստառներ:

Ակցիան հսկում էր մի քանի տասնյակ ոստիկան, այդ թվում` Երևանի պետավտոտեսչության պետ Արսեն Արշակյանը: Ակցիայի մեկնարկից մեկ ժամ անց ոստիկաններին միացան պարեկապահակային ծառայության աշխատակիցները: Ոստիկաններից մեկը նկարահանում էր

ակցիան:

«Մեղք են ժողովուրդը: Հերիք է բարեկեցիկ կյանք ցանկանա ամեն մի իշխանավոր ընտրության ժամանակ և մուրացիկի կյանքի վերածի մեր կյանքը: Բավական է, հոգնել ենք էս երկրից արդեն»,- ասաց ցուցարարներից մեկը` հավելելով, որ 20 տարի շարունակ սոցիալական ծանր պայմանների հետևանքով Հայաստանում ավելացել է հոգեկան հիվանդություն ունեցողների թիվը: Ցուցարարներից ոմանք չեն կարողանում վճարել կոմունալ ծախսերը: Պարտքեր ունեն դեղատներին ու խանութներին: Նրանք ասացին, որ շարունակելու են «նույն ձևով» վաճառել իրենց ապրանքը: «Թող հլը փորձեն գան մոտենան»,- հավելեցին նրանք: Ցուցարարների խոսքերով` իրենց փողոցների մաքրության ու գեղեցկության մասին պետք է մտահոգվեն Գերմանիայի ու Հոլանդիայի նման երկրների, բայց ոչ Հայաստանի իշխանությունները: «Էստեղ փողոցով ո՞վ է քայլելու` սոված, մուրացիկ ժողովո՞ւրդը: Ո՞ւմից է մաքրել փողոցները: Սա սխալ է իշխանավորների կողմից»,- ասացին նրանք:

Նմանատիպ կարծիք հայտնեց նաև «Ժառանգության» խմբակցության պատգամավոր Անահիտ Բաշխյանը, ով մոտեցել էր ցուցարարներին: «Համատարած այս անօրինականության մեջ պահանջել այս խեղճուկրակ ժողովրդից, որ իրենք էդ կոպեկներն էլ չաշխատեն, անմարդկային է»,- ասաց նա և հավելեց, որ եթե Հայաստանում օրենքի առջև հավասար լինեին բոլորը` սկսած նախագահից ու նրա բարեկամներից, ապա ինքն անձամբ կհամոզեր վաճառականներին ենթարկվել փողոցային առևտուրն արգելելու քաղաքապետի որոշմանը: «Իսկապես շատ լարված վիճակ է: Սոցիալական լարումը ուղղակի հասնում է շատ կրիտիկական չափերի: Ժողովուրդը ոտքի կելնի: Հրաբուխ կլինի»,- ասաց Անահիտ Բախշյանը:

Ցուցարարներից Լուսինե Ալեքսանյանը 17 տարի շարունակ առևտուր է արել Շրջանայինում: Հունվարի 6-ից նա այլևս չի կարողացել աշխատել: Սրան զուգահեռ թանկանում են առաջին անհրաժեշտության ապրանքները: «Շաբաթական հաց է թանկանում: Մի քանի հոգու համա՞ր է լավ էս երկիրը, որ ուտեն իրանց երեխեքի հետ: Առաջնահերթ քաղաքի գեղեցկությո՞ւնն է կարևոր, թե մարդկանց սոցիալական անապահով վիճակը, որ մարդիկ սոված մուրում են: Բա սուպերմարկետներին է հարստացնում: Սերժին է հարստացնում, իրա աղբորը, Լֆիկ Սամոյին, իսկ մյուսները թող հալածվեն: Որ մենք մեր տանջանքով գոյատևում ենք, էդ էլ չի թողնում»,- ասաց Լուսինե Ալեքսանյանը: Նրան առաջարկել են առևտուր անել շուկայում: Լուսինեն փորձել է աշխատել շուկայում, բայց իրենից մթերք չեն գնել, քանի որ շուկայի հին վաճառողներն արդեն ունեն իրենց մշտական հաճախորդները:

Մեկ այլ ցուցարար` 80-ամյա Կալիպսե Թովմասյանը, ևս քաղաքապետի որոշումից հետո փորձել է աշխատել Փակ շուկայում, բայց հաճախորդներն առևտուր են արել միայն շուկայի հին վաճառողներից: Կալիպսեի բանջարեղենն էլ փչացել է: Նա գոհ է շուկայի տնօրինությունից, ասաց, որ շուկայում վարձ չեն ուզում, պարզապես շուկայում ինքը հաճախորդ չունի: «Եթե վաճառվի, մեծ սիրով կգնամ շուկայում կկանգնեմ»,- ասաց Կալիպսեն: Նա նախկինում առևտուր էր անում Փակ շուկային հարակից փողոցում: Մեկ ամիս է` չի աշխատում, ստանում է 16.000 դրամ թոշակ ու չի կարողանում գնել բժշկի նշանակած դեղերը: Շրջանայինում առևտուր անող մեկ այլ կին` Նարինե Վարդանյանը, նշեց, որ մինչ փողոցային առևտրով զբաղվելու արգելքն իրենք կարողացել են արժանապատվորեն վաստակել իրենց ապրուստը, իսկ այժմ իրենց աղքատության են մատնում:

«Աղքատությունը մարդու հոգեբանության մեջ ստրկամտություն է առաջացնում: Սրանից են օգտվում նրանք: Սա է էն հենարանը, որի շնորհիվ նրանց աներեր են թվում իրենց աթոռները: Ինչի՞ համար է ինձ ուղարկում շուկաները, ինչի՞ պիտի ես շուկայում կանգնեմ, երբ որ տաքուկ գրասենյակներում էսօր իրենց օրը սպառում են կոֆե խմելով, անեկդոտներ պատմելով»,- ասաց Նարինե Վարդանյանը: Նա կարծում է, որ այն ամենը, ինչ կատարում է իշխանությունը, ունի մեկ նպատակ. ժողովրդին հասցնել ծայրահեղ աղքատության, որպեսզի մոտ ապագայում այդ ժողովուրդը վերցնի իրենից գողացվածի մի կաթիլը` 5.000 դրամ ընտրակաշառքի տեսքով: «Էսօր մեզանից շատերը պահանջում են` գնանք ապաստան պահանջենք օտար երկրներից: Ինչի՞ պետք է օտարներից մենք ապաստան պահանջենք, եթե մենք մեր պապերից ժառանգած հայրենիք ունենք: Այս արտի ցորենը մենք ենք: Մոլախոտերից ենք զտելու էս արտը: Թող գնան նրանք, ովքեր արդեն որոշում ունեն կայացրած, ուղղակի ժամանակը չի, դեռ իրենց պիղծ առաքելությունը չեն ավարտել: Իրանք են գնալու, մենք պետք է մնանք, աշխատենք ու ապրենք»,- ասաց Նարինե Վարդանյանը: «Չենք գնալու, իրանք պիտի գնան»,- արձագանքում էին մյուսները` հավելելով, որ հայերը լքում են Հայաստանը, փոխարենն այստեղ բնակություն են հաստատում իրանցիները:

Ակցիայի մասնակիցներին մոտեցավ նաև «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը: Նրա խոսքերով` եթե քաղաքացին սեփական երկրում իրավատեր ու իրավազոր չէ, ապա ազգային անվտանգություն չի կարող լինել: «Այս առաջիկա շաբաթների և ամիսների ընթացքում եթե իշխանությունը ականջալուր չլինի սեփական ժողովրդին, ինքն իրեն չբարեփոխի, քայլ չկատարի դեպի ազգային համաձայնություն և այս հարցերի լուծման, ես կարծում եմ, որ ինքնըստինքյան գնալու ենք շատ արտահերթ լուծումների, որոնք ցավալի են լինելու երկրի համար, որովհետև մենք ունենք ազգային հարցեր` Արցախյան հիմնահարց, ճակատը ամուր, ամբողջական պահելու հրամայական»,- ասաց Րաֆֆի Հովհաննիսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter