HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Զոհված զինծառայողների ծնողները պահանջում են պատժել մեղավորներին

Այսօր կառավարության շենքի առջև բողոքի ակցիա անցկացրին բանակում զոհված զինծառայողների ծնողները: Նրանք պահանջում էին արդար դատաքննություն անցկացնել և պատժել իրենց որդիների սպանության մեջ մեղավորներին:

Մայրերից ոմանք լաց էին լինում: 2007 թ. օգոստոսի 30-ին Վարդենիսի զորամասում մահացած Տիգրան Օհանջանյանի մայրը` Գոհար Սարգսյանը, ասաց, որ իրականում իր որդուն սպանել են, թեև ըստ պաշտոնական վարկածի` Տիգրանն էլեկտրահարվել է: Ընտանիքը աշխատանք չգտնելու պատճառով Ռուսաստան էր տեղափոխվել: Տիգրանը լսել էր 2006 թ. Սերժ Սարգսյանի ուղերձը և որոշել վերադառնալ Հայաստան, որպեսզի ծառայի հայրենիքին, ոչ թե ռուսներին:

«Ես հանդիպման ժամանակ ասեցի. «Ձեր ուղերձը լսելով` իմ երեխեն Ռուսաստանից եկավ հայրենիքին ծառայելու: Դիակը տվեցիք, գոնե մահվան պատճառը ասեք»: Ես ծնող եմ, ոնց ապրեմ մյուս երեխուս համար»,- ասաց Գոհար Սարգսյանը:

Բոլոր ատյաններով անցած դատական ակտով հերքվել է պաշտոնական վարկածը, թե Տիգրանի մահվան պատճառը էլեկտրահարումն է, սակայն նորից սկսված նախաքննությունը պաշտպանում է էլեկտրահարման հին վարկածը: Տիգրան Օհանջանյանի ծնողները էլեկտրահարման վարկածը հերքող փաստեր էին ներկայացրել նորանշանակ զինդատախազ Գևորգ Կոստանյանին: Սերժ Սարգսյանը ևս խոստացել էր, որ նորանշանակ զինդատախազը նոր ձևով լուծում կտա խնդրին: Սակայն ծնողները դժգոհ են նախաքննության ընթացքից: «Նորից նույնն է: Հիմա նույն տեղում որոշում են դատաէլեկտրատեխնիկական փորձաքննություն անել: Բայց չէ՞ որ հայտնաբերվել է, որ էդտեղ հոսանք չկա: Արդարացվել են էդ մեղադրյալները: Հենց ռազմական ոստիկանությունում, հենց հրամանատարությունում գործը կասեցվում է ու շպրտվում մի կողմ: Ով իմացավ, որ Կարախչյան Ստյոպան էդ երեխեքին ծեծել է, ոչ մեկը»,- ասաց Գոհար Սարգսյանը:

2001 թ. հոկտեմբերի 30-ին Վայքի զորամասում զոհված Արայիկ Ավետիսյանի մայրը` Անահիտ Մկրտչյանը, ևս չի հավատում որդու մահվան պաշտոնական վարկածին: Նա ասաց, որ սպանություն կատարողը հայտնաբերված չէ, թեև այս աշնանը լրանում է սպանության 10 տարին: «Հստակ գիտեմ` մարդասպանը ով է: Մի զինվորի անզգույշ սպանության մեջ մեղադրում էին: Նա արդարացվել է: 9 քառ. մետր սենյակում` դեպքի վայրում, 4 ականատես վկայի ներկայությամբ չգիտեն` ով է սպանել տղայիս` էն պարագայում, որ քրեական գործում կան բավարար ապացույցներ սպանություն կատարող անձին մեղադրանք առաջադրելու, ձերբակալելու»,- նշեց Անահիտ Մկրտչյանը: Նրան ևս ընդունել է զինդատախազը, ում կինը ներկայացրել է քրեական գործում առկա բոլոր հակասությունները: Արայիկ Ավետիսյանի մայրը վստահ է, որ եթե այդ հակասություններին իրավական գնահատական տրվի, ապա սպանություն կատարողը կբացահայտվի ու կձերբակալվի: Կնոջն առաջարկել են հակասությունները ներկայացնել քննիչին, ինչից հետո քննիչն առաջարկել է արտաշիրիմում անել:

«Ես չեմ գնա արտաշիրիմման, չեմ թողնի` պղծեն իմ երեխու շիրիմը` էն պարագայում, երբ կան բազմաթիվ հակասություններ, որոնք իրավական գնահատական չեն ստացել»,- ասաց Անահիտ Մկրտչյանը:

Ակցիային մասնակցում էր նաև Մեհրաբ զորամասում զոհված սպա Արտակ Նազարյանի մայրը` Հասմիկ Հովհաննիսյանը: Արտակը, ով պայմանագրային զինծառայության էր անցել այլ աշխատանք չգտնելու պատճառով, ըստ պաշտոնական վարկածի, ինքնասպան է եղել: Հասմիկ Հովհաննիսյանն ասում էր, որ պայմանագրային զինծառայողների աշխատանքի հրավիրելուց առաջ պետք է հստակ հայտարարել, որ այդ զինծառայողները պետք է լինեն փող աշխատող սպաներ, որպեսզի մարդն ինքը որոշի` անցնո՞ւմ է պայմանագրային զինծառայության, թե՞ ոչ:

Կառավարության շենքից դուրս եկավ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Սակայն զոհված զինծառայողների ծնողները չմոտեցան նրան: Նախարարին մոտեցան այլ զինծառայողների ծնողներ և դիմեցին իրենց որդիների ծառայության հետ կապված տարբեր խնդրանքներով: Սեյրան Օհանյանը խոստացավ արձագանքել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter