HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Պարույր Հայրիկյան. «Լևոնը իշխանությունը տվել է իր կազմում եղած վատագույններին»

Ո՞ւմ քաղաքական իդեալն է Պարույր Հայրիկյանը «Այն քաղաքական գործիչը, որն էսօր իրեն մեծ դեմք է համարում, ասել է, որ «Պարույր Հայրիկյանը իմ քաղաքական իդեալն է»: Եթե դու կաս, քո իդեալն էլ կա, մի հատ տես` էդ իդեալդ ինչ է ասում»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը: Նա միայն լրագրողների խնդրանքից հետո ասաց, որ Լևոն Տեր-Պետրոսյանն է այն գորիծիչը, ով 1998 թ. իր հրաժարականից առաջ ասել էր, որ իր քաղաքական իդեալը Պարույր Հայրիկյանն է: «Այսօր մենք, ըստ երևույթին, հանդես գանք առաջարկով` մասնակցել ընտրություն կոչվող միջոցառմանը` փորձելով համախմբել բոլոր, եվրոպական արժեքային համակարգով առաջնորդվող ուժերին ու միասնական ճակատով գնալ ընտրություններին»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նրա խոսքերով` եթե անցկացվում է ընտրություն (ոչ թե ընտրություն կոչվող միջոցառում), և դու քաղաքական կուսակցություն ես, ապա պարտավոր ես մասնակցել: Եթե նույնիսկ անցկացվում է ընտրություն կոչվող միջոցառում, ապա դու պետք է միավորվես` քաղաքական դաշտի վերաստեղծման, այսինքն` իսկապես ընտրություններ հիշեցնող միջոցառում կազմակերպելու համար: «Կարելի է համախմբվել, միասնական կուռ թիմ ստեղծել»,- ասաց բանախոսը: Համախմբվելու այդպիսի օրինակ արդեն կա: 1996 թ. Պարույր Հայրիկյանը նախագահի հիմնական թեկնածուն էր, սակայն իր թեկնածությունը հանեց, և ստեղծվեց թիմ, որը պաշտպանեց Վազգեն Մանուկյանին ու մի քանի անգամ ավելացրեց վերջինի ձայները: «Եվ մենք կարողացանք իրավիճակը փոխել, և Լևոն Տեր-Պետրոսյանը դրա պատճառով ստիպված եղավ 2 տարի հետո հրաժարական տալ: Բայց Լևոն Տեր-Պետրոսյանը բառի եվրոպական իմաստով հրաժարական չտվեց: Եթե ինքը հրաժարական տար, պիտի իշխանությունը տար մեր թիմին: Ինքը իշխանությունը թողեց իր թիմի այն հատվածին, որը որակապես ավելի լավը չէր, քան իրենք էին: Կարող եմ ասել` ավելի վատն էր: Լևոնը իշխանությունը տվել է իր կազմում եղած վատագույններին»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Ներկայումս քաղաքական ուժերի համախմբման նպատակը, նրա խոսքերով, կլինի ոչ թե հակադրվել իշխանությանը, այլ աշխատել սեփական ծրագրերի իրականացման ուղղությամբ: Այդպիսի ծրագրեր կարող են լինել մեսրոպյան ուղղագրությանը վերադառնալը, ժողովրդավարություն ստեղծելը և այլն: Համախմբվող ուժերի մեջ Պարույր Հայրիկյանն արդյոք տեսնո՞ւմ է ՀԱԿ-ին, ՀՅԴ-ին, «Ժառանգությանը» և Ժողովրդական կուսակցությանը, քանի որ այսօր ժողովուրդն այս ուժերին է ընկալում որպես ընդդիմություն: Այս հարցին ԱԻՄ նախագահը պատասխանեց, որ նպատակային, ծրագրային համագործակցության հայտարարությունը պիտի բաց լինի բոլորի, այդ թվում` և վերոնշյալ կուսակցությունների, և իշխանական թևի ներկայացուցիչների համար: «Նպատակային, ծրագրային, սկզբունքներ պարունակող հայտարարությունը` համախմբվելու կոչը, չի կարող ուղղված լինել ժողովրդի այս կամ այն հատվածին` մի կողմ մղելով մյուսներին: Հայտարարությունը պիտի բաց լինի, ընդգրկուն, և պիտի այնպես արվի, որ իրենք` քաղաքական ուժերը, որոշեն` իրենք արժանի՞ են մաս կազմելու այդպիսի համագործակցությանը: Եթե այդ ծրագրերի տեսանկյունից հնարավոր կլինի, ապա կարծում եմ, որ Ձեր նշած բոլոր ուժերը հնարավորություն ունեն իրար կողքի կանգնելու»,- ասաց ԱԻՄ նախագահը: Հետո արդեն, երբ գոնե մեկ անգամ կարգին ընտրություններ կանցկացվեն, և Հայաստանի ընտրական համակարգը կարգի կբերվի, այդ ուժերը կարող են կրկին առանձին հանդես գալ և նույնիսկ դառնալ քաղաքական ախոյաններ: «Բայց այս փուլում մենք բոլորս մեկ խնդիր ունենք. փրկել Հայաստանը: Մենք իսկապես շատ ծանր իրավիճակում ենք: Մենք չենք ուզում տեսնել, բայց հատկապես երբ կողքից ես նայում, տեսնում ես, որ Հայաստանի վիճակը գնալով վատանում է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter