HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Պարույր Հայրիկյան. «Ես հակահեղափոխական եմ»

«Սոցիալական բունտի հայ ժողովուրդը, բարեբախտաբար, ընդունակ չի: Ես չգիտեմ, որ հայերը երբևէ ստամոքսի համար կռիվ տված լինեն: Հայերը կարող են (որը պարտության պես մի բան է) ստամոքսի համար հայրենիքը լքել. «Որտեղ հաց, էնտեղ կաց»: Բայց ստամոքսի համար կռիվ չեն տալիս, որը մեզ պատիվ է բերում»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց «Ազգային ինքնորոշում միավորման» նախագահ Պարույր Հայրիկյանը՝ պատասխանելով այն հարցին, թե որքանո՞վ է հավանական, որ Հայաստանում սոցիալական դժգոհությունը վերաճի բունտի: Նրա համոզմամբ` մարդկանց սոցիալական խնդիրները կարելի է լուծել ոչ թե հեղափոխությամբ, այլ օրինական իշխանություն հաստատելով: Ժողովուրդը պետք է հնարավորություն ունենա արագ փոփոխել այն իշխանությունը, որը չի արդարացնում իրեն, կամ, ընդհակառակը, աջակցել արդյունավետ գործող իշխանությանը: «Հեղափոխությամբ իշխանության են գալիս միայն ավազակներ: Հեղափոխությունը ինքնին չարիք է: Ես հակահեղափոխական եմ (նկատի ունեմ բոլշևիկյան հեղափոխության իմաստով): Խոսքս արյուն թափելու մասին է: Բայց հասարակական ճնշման պայմաններում իրավիճակը բարեփոխելը, բնականաբար, հասարակության պահանջն է»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Նա չի ցանկանա մասնակցել սոցիալական բնույթի որևէ միջոցառման և սոցիալական արդարության համար սոցիումի կյանքին վտանգ սպառնացող արարքներ չի անի: Անդրադառնալով ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանի` օրերս հայտնած այն տեսակետին, որ ՀԱԿ-ը թույլ չի տա Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն` Պարույր Հայրիկյանն ասաց, որ ողջունելի կհամարեր, եթե Դավիթ Շահնազարյանը նկատի ունենար Ռոբերտ Քոչարյանի վերադառնալու անթույլատրելիությունը մարտի 1-ի պատճառով:

«Բայց երբ ինքն ասում է, որ «մենք թույլ չենք տա», թույլ տվեք հասկանալ` իսկ ինչպե՞ս թույլ տվեցին մարտի 1-ը էդ դեպքում: Եթե «մենք թույլ չենք տա» տեսանկյունից նայենք, ապա նրանք պիտի թույլ չտային, որ մարտի 1-ը նույնպես տեղի ունենար` հասկանալով` ում հետ գործ ունեն»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նրա համոզմամբ` ցանկացած ողջամիտ հայի պարտականությունը պետք է լինի` թույլ չտալ, որ մարտի 1-ը կազմակերպողը վերադառնա քաղաքականություն: «Այն լկտիությունը, որով դա արվեց, սարսափելի է ուղղակի: Ես հետևում եմ մյուս ժողովուրդների պատմությանը, քաղաքական բուռն գործընթացներին: Այդպիսի դրսևորում շատ քչերն են իրենց թույլ տվել և թույլ տալուց հետո էլ արժանացել են Չաուշեսկուի բախտին, ոչ թե կրկին իշխանության վերադառնալու հնարավորությանը»,- հավելեց ԱԻՄ նախագահը: Միաժամանակ նա ասաց, որ անձնական որևէ խնդիր չունի Ռոբերտ Քոչարյանի հետ, և ինքն է 90 թ.` Պրագայում անցկացված կոնֆերանսներից մեկի ժամանակ, Քոչարյանին տվել եռագույնը, որ նա լինի հայկական ներկայացուցչության դրոշակակիրը: Բայց փաստ է, որ Հայաստանում մարտի 1-ը տեղի ունեցավ այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն էր նախագահ և ուժային կառույցների ղեկավար: Պարույր Հայրիկյանը համոզված է, որ ուժային կառույցները չէին համարձակվի բռնարարքներ կիրառել` առանց նախագահի հրամանի: ԱԻՄ նախագահը կարծում է նաև, որ մարտի 1-ը Ռոբերտ Քոչարյանն ու Լևոն Տեր-Պետրոսյանը կազմակերպել են համատեղ: Լրագրողներից մեկը հարցրեց, թե արդյոք բանախոսն այդ իմաստով հավասարության նշան է դնում այդ երկու գործչի միջև: Պարույր Հայրիկյանի խոսքերով` պարզ է, որ օրվա իշխանավորն է գլխավոր պատասխանատուն ու դրության տերն է: Բայց երկուսն էլ մեղավոր է: ««Լևոն Տեր-Պետրոսյան» էին կանչում մարտի 1-ի զոհերը: Լևոն Տեր-Պետրոսյանը հետո ասաց. «Գնացեք տուն»: Բայց կարո՞ղ էր 3 ժամ առաջ ասել: Եթե տեսնում էր, որ ինքը չի գալու, կարո՞ղ էր ասել. «Ես չեմ գալիս, խնդրում եմ, գնացեք տուն, վաղը նորից կհանդիպենք»: Դա գործին էլ օգտակար կլիներ»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Նա հիշեցրեց, որ Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության օրոք նախագահական նստավայրի դիմաց կազմակերպված հանրահավաքներից մեկի օրը իրեն ոստիկանությունից տեղեկացրել էին, որ հրաման է ուղարկված ջարդել ցուցարարներին: Բայց ինքը այլ քայլի դիմեց, քան ընդդիմության առաջնորդը` մարտի 1-ին:

«Ես կարող էի քաշվել մի կողմ, թույլ տալ, որ ջարդեն, որպեսզի Լևոն Տեր-Պետրոսյանը ավելի խայտառակ լիներ, կամ կարող էի, սիրելով էդ մարդկանց, հետ կանգնեցնել: Ես նրբորեն մարդկանց ասացի. «Գնում ենք, վաղը նորից կհավաքվենք»,- ասաց Պարույր Հայրիկյանը: Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Լևոն Տեր-Պետրոսյանն իր ընտանիքին տեղափոխում է ԱՄՆ և պատրաստվում նոր «հեղափոխության»` բանախոսը նշեց, որ նա ոչ պակաս, քանի որևէ մեկն, իրավունք ունի կարգավորել իր ընտանեկան խնդիրները, թեև շատ հայեր չեն հասկանում, որ ազգն էլ է ընտանիք: «Անկախ անցյալում նրա թույլ տված մեծագույն սխալներից (և ժողովրդավարության, և բանակը փչացնելու ուղղություններով հիմքը ինքն է դրել), որի հետևանքն է այսօրվա Հայաստանը, ես ուզում եմ պահպանել տարրական բարեկրթությունը, և իր ծրագրերի մասին թող ինքը խոսի»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter