HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Գէորգ Հաճեան. «Ես միշտ գոհ չեմ իմ աշխատանքեն»

Խմբավար եւ երգիչ Գէորգ Հաճեանը Հայաստանում շատ բաներ կուզենար փոխել, բայց ամենից առաջ կուզեր, որ հայերը, թեկուզ անծանոթ, փողոցում հանդիպելիս բարեւեին իրար: Լիբանանի Այնճար գյուղում, որտեղ ծնվել է Գէորգը, բոլոր հայերը, ծանոթ թե անծանոթ, հանդիպելիս բարեւում են: Մուսալեռցիներով բնակեցված Այնճարը սփյուռքի միակ գյուղն է, որտեղ միայն հայեր են ապրում:

Գյուղում 3 եկեղեցի եւ 3 վարժարան կա: «Մարդ մարդու հանդիպելով` բարեւը հոգի կջերմացնե: Եթէ դրսում դուն չբարեւես, վիրավորական է: Սլովենիա որ կքալեինք մենք «Շարական» անսամբլով, այնքան ջերմիկ էին այդ եվրոպացիները, կբարեւեին: Դրա մեջ կեղծիք չկա: Ընդհակառակը, դրա մեջ ուրիշ ջերմություն մը կա, թեթեւ ես»,- ասում է Գէորգ Հաճեանը: Նա 2005-ին կնոջ եւ որդու հետ վերջնակապես հաստատվել է Հայաստանում:

«Իմ կյանքս այստեղ է արդեն: Ես հող ունիմ, տունս ունիմ, արդեն Հայաստանի երկքաղաքացի եմ տիկնոջս հետ: Այնպես որ, իմ տեղս եմ ես արդեն: Ես շատ շուտ պետք է գայի, բայց Աստծո փառք կուտամ, որ Հայաստան հաստատվելու իմ երազանքս ի կատար ածված է»,- ասում է Գէորգը: Մինչ Հայաստանում մշտական հաստատվելը նա ընտանիքով բազմիցս եղել էր այստեղ:

Հայաստանցիները Գէորգին խորհուրդ էին տվել մշտական բնակության չգալ Հայաստան: Իսկ լիբանանահայ ընկերներն ասել էին. «Դուք մեծ ռիսկի կգնաք, որովհետեւ տակավին Հայաստանը այն երկիրը չէ, որ մենք մեր դասագիրքերուն մեջէն սորվեր ենք: Հետեւաբար, Հայաստանը վարդագոյն երանգներով չդիտեք եւ չերթաք»: Այնուամենայնիվ, Գէորգը Հայաստան գալիս իր հետ բերեց Լիբանանում իր ամբողջ ունեցվածքը` մոտ 2 տոննա ապրանք, քանի որ հաստատ որոշել էր, որ հետագա կյանքը Հայաստանում է ապրելու: Դժվարությունները սկսվեցին առաջին օրը: Գէորգն ուներ Լիբանանում Հայաստանի դեսպանի երաշխավորագիրը, ըստ որի` Լիբանանից բերված, օգտագործված կահույքը Հայաստանում չի մաքսազերծվում, եթե վերջնական բնակություն ես հաստատում Հայաստանում: Այնուամենայնիվ, նա մաքսայինում գումար վճարեց, որպեսզի մաքսազերծի ապրանքը: Գէորգն ասում է, որ այդ գումարը պետբյուջե է մուծվել, քանի որ կտրոններ ունի:

«Այն ատեն այդպես էր երեւի օրենքը, հիմա չեմ գիտեր՝ ինչ: Բայց ես այդ խնդիրներու մասին, օրինակ, չեմ բարձրաձայնած ընկերներուս դուրսը, որովհետեւ շատ հաճախ չարախոսությունն է, որ աւելի արագ կտարածվի եւ մեզի կվնասէ: Ես իմ երկիրս ընդունած եմ որպէս փոքրիկ պատանեակ մը: 19 տարեկան երեխայէն ի՞նչ կպահանջվի դեռ: Ինծի համար իմ երկիրս է ամենէն առաջ Հայաստանը: Եվ Հայաստանը չէ, որ ինծի պիտի տա այն, ինչ որ կեանքի պահանջքներն են: Մարդն է, որ կուտայ ամէն ինչ: Պետք է գալ եւ մասնակցիլ»,- ասում է Գէորգ Հաճեանը: Նա համարում է, որ Հայաստանից դուրս հայը շատ քիչ ժամանակ ունի. 50, 100, գուցե 150 տարի, բայց, ի վերջո, ձուլվելու է:

«Իսկ Հայաստանի մեջ մենք հավերժ ենք, անշուշտ, եթե մենք մեր ազգային քաղաքականությունը ունենանք: Կափսոսամ հայը, երբ որ օտար ափերու մեջ` Հայաստանեն դուրս եւ կստեղծագործե, եւ ինքզինքը կվատնե»,- ասում է Գէորգը` հավելելով, որ Ռուսաստանի հայերից շատերը, որոնք ներքին սփյուռք են համարվում եւ Հայաստանից շատ հեռու չեն աշխարհագրորեն, հայերենին չեն տիրապետում: Գէորգ Հաճեանը սովորել է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Զարեհյան դպրեվանքում, նաեւ Լիբանանի Համազգայինի «Բարսեղ Կանաչյան» երաժշտական քոլեջում: Ավագ սարկավագ է:

«Ես իմ մանկությանս առաջին քայլերս սկսած եմ Այնճարի իմ հայաստանյայց առաքելական Սբ. Պողոս եկեղեցիի մեջ դպիր ըլլալով»,- պատմում է նա: 1994-ին տեղափոխվել է Քուվեյթ, որտեղ 10 տարի ղեկավարել է Ազգային վարժարանի մանկապատանեկան երգչախումբը եւ Ազգային առաջնորդարանի չափահասների «Նարեկացի» երկսեռ երգչախումբը: Իսկ Գէորգի ղեկավարած` Այնճարի ազգային վարժարանի երգչախումբը «Բարսեղ Կանաչյանի» անվան ոսկե մեդալ է շահել Լիբանանի հայկական վարժարանների երգչախմբերի մրցույթում: Հայաստան տեղափոխվելուց հետո Գէորգ Հաճեանը հաճախել է Կոնսերվատորիայի խմբավարական բաժին: Նա երգեցողություն է պարապում հանրահռչակ օպերային երգիչ Բարսեղ Թումանյանի մոտ: Գէորգը չի սիրում խոսել իր ձեռքբերումների մասին, ասում է, որ դա կծուլացնի իրեն: «Ես միշտ ու միշտ անբավարար եմ, գոհ չեմ իմ աշխատանքեն, իմ արդյունքներեն: Իսկ որ բավարարվիմ, արդեն ես կծուլանամ»,- ասում է նա:

Երգեր գրելու մասին Գէորգը չի էլ մտածում, քանի որ համոզված է, որ նախ եւ առաջ պետք է արդեն ստեղծվածի գոնե կեսը մատուցել: Երգիչը համերգներ է ունեցել տարբեր երկրներում` Սիրիա, Իրան, Կիպրոս, Սլովենիա, Ավստրիա, Բուլղարիա, Կանադա, ԱՄՆ: 2006-ին առաջին մենահամերգն է ունեցել Երեւանում, հետո ելույթներ է ունեցել Հայաստանի տարբեր մարզերում: Նրա երգացանկում Կոմիտաս է եւ հոգեւոր երգեր:

«Ինձի համար հայ երգը առաջին հերթին Մեսրոպ Մաշտոց, Նարեկացի, Կոմիտաս է: Երգիչը պետք է երգե այն, ինչ իր հոգիին հարազատ է, ինչ իր սրտին մոտիկ է: Իմ պարագայիս ինձի հոգեւորն է մոտիկ»,- ասում է Գէորգ Հաճեանը: Նրա խոսքերով` օտարերկրացիներն ավելի ջերմ ու հիացմունքով են ընկալում Կոմիտասին, քան այսօրվա հայաստանցի երիտասարդները:

Կանադայի մենահամերգի ժամանակ երգչին նվագակցող չինացի դաշնակահարուհի Ժուան Վանգը հիացել է Կոմիտասի երաժշտության պարզությամբ ու հարստությամբ: Իսկ Իրանում Գէորգ Հաճեանի համերգներին ներկա են եղել շվեյցարացի ու գերմանացի հոգեւորականներ, որոնք եւս հիացել են Կոմիտասի երաժշտությամբ` առանց երգերի բառերը հասկանալու:

«Հերիք չէ, որ արդեն երաժշտությամբ իրենք հափշտակված են, ուր մնաց այդ բառերն ալ որ ընկալեն եւ այդ երաժշտության ներքո տեսնեն, թե ինչ բառեր են, այն ժամանակ արդեն հրաշքը տեղի կունենա»,- ասում է Գէորգ Հաճեանը:

Նա ցավում է, որ ի տարբերություն մյուս երկրների` Հայաստանում չկա մեկ հեռուստաալիք, որը շոու բիզնես քարոզելու կողքին ներկայացնի նաեւ հայ ազգային արվեստը: «Եվ որովհետեւ հեռատեսիլը այսօր նաեւ արբանյակային ցուցադրությամբ ավելի արտասահման է, որ կհասնի, արտասահմանցի երիտասարդ հայուն ալ այդ թրքաբարո ռիթմը, թրքաբարո երգը ավելի դուրեկան է, շատ արագ կրնա հուզել, բայց նաեւ տեղուն վրա վերանա քո մեջեն. երգ մը լսես, խանդավառվիս, բայց 2 րոպե ետք արդեն քո ներքին զգացողությանդ մեջ չէ»,- ասում է Գէորգ Հաճեանը:

Ներմուծված երաժշտական ուղղությունները, նրա կարծիքով, հայկական մշակույթի հետ ունեն ջրի ու ձեթի հարաբերություն. երկուսն էլ հեղուկ են, բայց չեն միախառնվում: Իսկ օտարամոլությունը նա համարում է սեփական ծնողների հարստությունը պաշտպանելու ու ժառանգելու փոխարեն հարեւանի ունեցածը ժառանգելը: Երգիչը համոզված է, որ եթե հայերը կարողանան իրենց իսկական երգերը ներկայացնել դրսում, ապա երկու անգամ ավելի շատ զբոսաշրջիկ կայցելի Հայաստան:

«Ինչպես որ սնվելու ժամանակ մարդ կտոր մը կարագ կուտե, կտոր մը անուշ, կտոր մը պանիր, որպեսզի իր սնունդի բավարարությունը ստանա, սնվի ամեն տեսակի վիտամիններով, մենք այսօր ամեն տեսակի վիտամին կուտանք, միայն հայկականը, մեր ազգայինը չենք տար: Արվեստով մենք շատ բան կրնանք փոխել` եւ քաղաքական հարցերով, եթե ուզենք խորանալ»,- ասում է երգիչը:

Նա Հայաստանում 3 ձայնասկավառակ է թողարկել` «Կոմիտասեան Երախայրիք»-ը (2008 թ.), հոգեւոր երգերից կազմված «զՔեզ Օրհնամք»-ը (2009 թ.) եւ «Հայաստանը Երգերում»-ը (2010 թ.), որում ընդգրկված են Արեւմտյան Հայաստանի տարբեր շրջանների երգեր` Դանիել Երաժիշտի մշակումով: Երգիչն առաջիկա ամիսներին համերգներ է ունենալու եւ Հայաստանում` Երեւանում, Ստեփանակերտում ու Շուշիում, եւ արտասահմանում: Այժմ աշխատում է իր 4-րդ եւ 5-րդ ձայնասկավառակների վրա: 4-րդ ձայնասկավառակը, որում դարձյալ ներկայացված է լինելու Կոմիտասը, նվիրված է լինելու Վանկուվերի հայերի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու 25-ամյակին: «Կոմիտասեան Երախայրիք»-ից հետո Կոմիտասի մյուս մեներգերը եւս ձայնագրելը Գէորգի երազանքն էր: Իսկ 5-րդ ձայնասկավառակն ընդգրկելու է 1840-ից 1870-ականներին Արեւմտյան Հայաստանի ազատագրական պայքարի երգերը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter