HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Հրայր Կարապետյան. «Այն իրավիճակը, ինչ այսօր զինված ուժերում է, մեզ չի գոհացնում»

Ներկայումս Ազգային ժողովի օրակարգում ընդգրկված է զինված ուժերին վերաբերող 3 կարգապահական կանոնագիրք: «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը» արդեն քառօրյա նիստերի օրակարգում է: «ՀՀ զինված ուժերի կայազորային ու պահակային ծառայությունների կանոնագիրքը» ևս քննարկման ընթացքի մեջ է: «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքը» ԱԺ-ի մեծ օրակարգում է: «Այժմ մեր ռազմավարությունը այն է, որ զինված ուժերի վերաբերյալ բոլոր խնդիրները կարգավորվեն ոչ միայն կառավարության որոշումներով կամ նախարարի հրահանգ-հրամաններով, այլ օրենսդրությամբ, օրենքներով»,- այսօր կազմակերպված կլոր սեղանի ժամանակ ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրքն» ուղարկվել է միջազգային փորձաքննության: Արդեն ստացվել են փորձագետների կարծիքները: Փորձագետները կմասնակցեն կանոնագրքին նվիրված ԱԺ լսումներին, որոնք նախատեսված է անցկացնել մարտին: Հրայր Կարապետյանը խոհրդարանական լսումներին մասնակցելու հրավիրեց բոլոր նրանց, ովքեր ուզում են, որ ի վերջո օրենքով, ՀՀ Սահմանադրությանը և միջազգային նորմերին համապատասխան, ամրագրվեն զինված ուժերում հրամանատարների ու զինվորների իրավունքներն ու պարտականությունները: «Զինված ուժերը ունեն յուրահատուկ բնույթ, և այնտեղ որոշակի սահմանափակումներ պետք է լինեն մարդու իրավունքների պաշտպանության հարցում, բայց այն իրավիճակը, ինչ այսօր զինված ուժերում է, պարզ է` մեզ չի գոհացնում, այլապես թե պաշտպանության նախարարը, թե օրենսդիր մարմինը, թե բոլորս այս քննարկումների ընթացքում չենք շեշտադրի այն հանգամանքը, որ պետք է օրենք լինի զինված ուժերում բոլոր կարգապահական տիպի փոխհարաբերությունները կարգավորելու համար»,- ասաց Հրայր Կարապետյանը: Նա ներկայացված առաջարկների մի զգալի մաս ընդունելի և քննարկելի է համարում: Սակայն կան առաջարկներ, այդ թվում նաև միջազգային փորձագետների ներկայացրած, որոնք քննարկելի չեն, քանի որ չեն կարող տեղայնացվել` ելնելով Հայաստանում առկա օբյեկտիվ պատճառներից: Հրայր Կարապետյանը ողջունելի է համարում պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ստեղծումն ու գործունեությունը: Բայց արդեն կարելի է քննարկել նաև Հայաստանում զինվորական օմբուդսմենի ինստիտուտ ստեղծելու հարցը: «Իհարկե, օմբուդսմենի ինստիտուտը զբաղվում է այս խնդիրներով, իհարկե, խնդիրը անտեսված չէր զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության առումով: Բայց, իմ կարծիքով, հասունացել է առանձին զինվորական օմբուդսմենի ինստիտուտով հետապնդելու այս խնդիրները»,- ասաց Հրայր Կարապետյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter