HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Տիգրան Հեքեքյան. «Ժողովուրդ, մենք հանձնվել ենք ինքնակամ»

«Եթե մենք հարյուրամյակներ տեսնեինք մեր միջավայրում միշտ 3 աչքանի մարդ, դա մեզ համար կլիներ սովորական, և եթե մի օր մենք տեսնեինք 2 աչքով մարդ, կսարսափեինք: Սովորության հարց է: Ինչ «լսեցրել» ենք, ինչ հաղորդել ենք, ինչ փոխանցել ենք, ինչ դաստիարակել ենք, այն էլ այսօր մենք քաղում ենք: Ինչ ցանում ես, այն էլ հնձում ես»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցի տնօրեն, «Հայաստանի փոքրիկ երգիչներ» երգչախմբի գեղարվեստական ղեկավար Տիգրան Հեքեքյանը:

Ասուլիսի հիմնական թեման երգահան Վահրամ Պետրոսյանի` մի քանի օր առաջ արած այն հայտարարությունն էր, որ իրեն հոգեհարազատ է ադրբեջանական երաժշտությունը: Տիգրան Հեքեքյանի կարծիքով` մարդը բարձրաձայնել է մի երևույթի մասին, որը վաղուց խոր արմատներ է ձգել մեզանում: Մենք կորցրել ենք մեր ինքնությունը, համն ու հոտը: Ուստի, երգահանի հայտարարությունը ոչ թե պատճառ է, այլ հետևանք, որին հասել ենք` դարեր շարունակ պետականություն չունենալով և օտար լծի տակ ապրելով: Տիգրան Հեքեքյանի խոսքերով` մարդու ճաշակը, աշխարհայացքը, ինքնությունը ձևավորվում են հասարակության, պետության մեջ և կրթության միջոցով: Իսկ կրթությունը Հայաստանում միշտ խաթարված է եղել: Բանախոսը հեռու է մտքից, որ պետք է պարտադրել, որ մարդիկ լսեն կամ չլսեն տվյալ երաժշտությունը: Մարդ ազատ է լսելու օտար երաժշտություն, որքան ուզի: Բայց ամբողջ աշխարհում պետությունները և մասնագետները խորհուրդ են տալիս մարդկանց, թե որ «սննդամթերքն է թույն պարունակում և չարժե ուտել»: «Որևէ ձևով պիտի՞ պետությունը, մասնագետները` ի դեմ ինձ, որոնք ունեն լայն ունկնդիր, լայն ամբիոն, ազդեցության ոլորտ, կարողանան դաստիարակել ճաշակ: Սա թերի ճաշակի հետևանք է: Կա ճաշակ, և կա անճաշակություն»,- ասաց Տիգրան Հեքեքյանը:

Նրա խոսքերով` վերջին 10 տարում հայկական երգարվեստի նույնիսկ կիրթ երգիչները, բացառությամբ 1-2 հոգու, իրենց երգացանկում պարտադիր ընդգրկում են ազգային պատկանելություն չունեցող մելիզմատիկա: Արդյունքում ժողովուրդը վարժվում է այդպիսի երաժշտության: Սակայն այդ երաժշտությունն իրականում ադրբեջանական, թուրքական, իրանական կամ արաբական չէ, և այդ ժողովուրդները կվիրավորվեն, եթե այսօր հայկական եթերով հեռարձակվող երաժշտությունը համարենք իրենցը: «Ցանկացած ազգ կասի` «սա իմը չէ», որովհետև դա այնպիսի մի կոնգլոմերատ է, այնպիսի մի միչուրինյան սորտ է, այնպիսի մի տձև երևույթ է, որ դա որևէ ազգի չի պատկանում: Ընդհանրապես որ նայում ես երաժշտական այդ հատվածները, հասկանում ես, որ այդ նույն հատվածում կա ինչ-որ ռուսատիպ, ամենաէժանագին` պոպսա տիպի մի մեղեդի` լատինաամերիկյան ռիթմով և հայկական բառերով, մուղամախառը»,- ասաց Տիգրան Հեքեքյանը: Նրա համոզմամբ` այդ երաժշտությունն անգամ մուղամ չէ: Իրականում մուղամաթը արևելքում մեծ հարգանք վայելող և որակ ունեցող արվեստ է: Հայերը մուղամ են նվագել, քանի որ, նախ, պետականություն չեն ունեցել և, երկրորդ, մրցել են արևելյան տարբեր գործիքներ նվագող երաժիշտների հետ: «Մենք չէինք կարող այլ լեզվով իրենց հետ մրցել: Բայց մեր երգարվեստում բացառվում է այդ մելիզմատիկան»,- նշեց Տիգրան Հեքեքյանը:

Մամուլի ասուլիսի մյուս բանախոսը` երգչուհի Լիլիթ Պիպոյանը, ինտերնետում փնտրել և լսել է այն երգերը, որոնք վերջին օրերին բուռն քննարկվում են: Այդ երգերն այսօր տեղ ունեն Հայաստանում. հնչում են ցանկացած ռեստորանում, և մարդիկ էլ պարում են: Ուստի զարմանալի չէ, որ Վահրամ Պետրոսյանն ասում է, որ սիրում է այդ երգերը: «Եթե մարդը արտահայտում է իր կարծիքը ազնվորեն, ես իրեն ավելի եմ հարգում, քան այն մարդկանց, ովքեր, կեղծ պատկերների տակ թաքնվելով, իրականում անում են նույնը: Պետք է լինի պետական քաղաքականություն, որպեսզի այդ ցածր մակարդակի կողքին մատուցվի նաև բարձրը, գոնե իր մի տարածությունը ունենա, որպեսզի ունկնդիրը կարողանա համեմատել»,- ասաց Լիլիթ Պիպոյանը: Նա քսենոֆոբ չէ և հարգում է ամբողջ Արևելքի արվեստը: Հայերը փոխազդեցություն են ունեցել այդ ազգերի հետ և չեն կարող դրանից խուսափել: Բայց այլ հարց է, երբ հայկական երաժշտության մեջ լսում ենք գռեհկություններ:

«Զայրացնում է ցածրորակ վավաշը, որը թափանցել է մեր երաժշտության մեջ: Ես ինքս ներքին հակազդեցություն ունեմ թուրքականին և ադրբեջանականին»,- նշեց Լիլիթ Պիպոյանը: Միաժամանակ նա ասաց, որ հայերը կարող են հարգել հարևան ժողովուրդների արվեստը, բայց պարտավոր են շեշտել իրենց ինքնությունը, տարբերությունը, քանի որ ոչնչացումից մազապուրծ եղած ազգ են: «Մենք ընդհանրապես ինքնաճանաչման, մեր ինքնությունը հասկանալու, պարզելու խնդիր ունենք: Ու այդ տարբերությունը շեշտելու համար գոնե 1-2 հեռուստաընկերություն պետք է վերցնի իր վրա այդ պարտականությունը: Այսինքն` չի կարելի համատարած տրվել այդ կոմերցիալիզացված արվեստին»,- ասաց Լիլիթ Պիպոյանը: Որքան արվեստն առևտրայնացվում է, այնքան ենթարկվում է միջին շերտի ճաշակին: Այդ շերտը բազմամարդ է ու բերում է եկամուտներ: Երգչուհու համոզմամբ` ամենապարզունակ, տարրական, համատարած բնազդները բավարարող արվեստն է, որ ամենից հեշտ է վաճառվում: Այդ է պատճառը, որ արվեստն անկում ապրեց ողջ աշխարհում:

Տիգրան Հեքեքյանը կկարողանա՞ իրականացնել իր ծրագիրը

Տիգրան Հեքեքյանի խոսքերով` պատերազմները հայտարարվում են ոչ միայն մեկ այլ ազգի հողատարածքին, հարստությանը տիրելու, այլևս այդ ազգին սեփական մշակույթը պարտադրելու նպատակով: «Ժողովուրդ, մենք հանձնվել ենք ինքնակամ, մեր մշակույթը դրել ենք մի կողմ ու տրվել ենք այլ մշակույթների: Երբ դա դառնում է մեր բնակչության ինքնությունը, էությունը, դա ինձ համար հավասարազոր է նրան, որ ազգովի արյունը փոխենք, որովհետև երբ այսօր Կոմիտաս են լսում մարդիկ, այնպես են նայում, ոնց որ կյանքում բաոբաբի ծառ չեն տեսել ու նայում են»,- ասաց գեղարվեստական ղեկավարը:

Նրա համոզմամբ` 1991 թ.-ի ի վեր մենք դատարակ էինք թողել կրթության դաշտը: Իսկ եթե մի բան դատարկ է, ապա դրա մեջ ով ինչ ուզի, կլցնի: Այսօր Հայաստանում 400 հազար աշակերտ կա: Տիգրան Հեքեքյանն առաջարկում է երեխաներին կրթել դպրոցից` տարեկան 20 ժողովրդական երգ սովորեցնելով: Օրերս նման առաջարկ է արել նաև կոմիտասագետ Արթուր Շահնազարյանը: Տիգրան Հեքեքյանը սիրով կմիանա Արթուր Շահնազարյանին և ցանկացած մարդու, ով նման ծրագիր կիրականացնի: Նախկինում նա և Արթուր Շահնազարյանն այս գաղափարը ներկայացրել են մի կազմակերպության, սակայն մշակույթի նախարարությունը գումար չի հատկացրել: Տիգրան Հեքեքյանը նորից է փորձել:

«Այս անգամ ներկայացրել եմ առաջարկը: Ներկա են եղել երկրի բարձրաստիճան ղեկավարությունը, բիզնեսմենները, և Ռալֆ Յիրիկյանը շատ ոգևորվեց»,- ասաց նա: Լիլիթ Պիպոյանն արձագանքեց, որ ներկայիս ընդհանուր գռեհկության և զարհուրելի սերիալների մթնոլորտում դժվար թե մի քանի երգով հնարավոր լինի շատ բան փոխել: Տիգրան Հեքեքյանն ասաց, որ գուցե այդպես է, բայց համենայնդեպս թույնին հակաթույն է պետք: Երեխան ծիլ է, և ինչպես խնամես, այնպես էլ կաճի:

«Պետությունը պարտավոր է կրթել իր երեխաներին, որովհետև նրանք վաղը դառնում են անկիրթ ծնողներ և շարունակում են երկրաչափական պրոգրեսիայով մեծացնել անկիրթ հասարակության զանգվածի չափը: Այ, սա պետական անվտանգության խնդիր է: Ո՞վ է տվել իրավունք հանրային փողերով ստեղծված կառույցներում ուղղակի անտեսել, հեռացնել որակյալը, դասականը»,- ասաց Տիգրան Հեքեքյանը: Լիլիթ Պիպոյանն էլ նշեց, որ Հանրային հեռուստատեսությունը դեռ հպարտանում է նրանով, որ իր հաղորդումները մեծ ժողովրդականություն են վայելում: «Մեծ վնաս է հասցրել Հանրային հեռուստաընկերությունը»,- ասաց երգչուհին: Տիգրան Հեքեքյանը կարծում է, որ այսօր համընդհանուր մակարդակի իջեցում է, և պիտի ընդհանուր մակարդակը բարձրանա, որպեսզի հեռուստաընկերություններն անհարմար զգան հեռարձակել այն հաղորդումները, որոնք հեռարձակում են այսօր:

«Ինձ մեկ-մեկ թվում է, որ ինչ-որ նպատակային ձևով, ուղղակի դեբիլացնում են (ներողություն կոպիտ խոսքիս համար) ժողովրդին, որովհետև էնքան «լավ», նպատակային է գնում մակարդակի էդ ոչնչացումը, որ արդեն սկսում ես նման բաներ կարծել»,- ասաց Լիլիթ Պիպոյանը: Նա մի քանի օր առաջ Փարիզում հանդիպել է հայ նկարիչների, ովքեր առաջարկել են Հայաստանում քաղաքացիական անհամաձայնության ակցիա անել. բոլոր հեռուստացույցները հանել և դնել մայթին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter