HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Ավագ դպրոցի տնօրենի հորդորը ծնողին. «Իմ ֆիգուրան քոնից լավն է, ես մեքենա եմ քշում, լիքը փող ունեմ...»

Մոտ 40 ծնողներ, աշակերտներ եւ նախկին ուսուցիչներ նամակ են գրել Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին եւ պատրաստվում են առաջիկայում այն հանձնել անձամբ նախարարին: Նամակի տակ ստորագրողները Ա. Աշոտյանին ներկայացրել են, թե բարոյահոգեբանական եւ վախի ինչ մթնոլորտ է տիրում Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցում: Թեեւ նախարար Աշոտյանը փետրվարի 22-ին արդեն խիստ նկատողություն է հայտարարել դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանին, այնուամենայնիվ, նամակի տակ ստորագրողները պնդում են, որ դա բավարար չէ եւ տնօրենին պետք է հեռացնել: Նրանք մեջբերում են նախարարի` վերջին ասուլիսի ժամանակ հնչեցրած այն խոսքերը, թե ոչ մի ավագ դպրոցի տնօրեն չի ներվելու, եթե չենթարկվի օրենքին: ՀՀ ոստիկանությունում արդեն քրեական գործ է հարուցվել տնօրեն Սուսաննա Նազարյանի դեմ` ՀՀ Քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը), կատարվում է նախաքննություն: Մեկ շաբաթ է` Էջմիածնում կրքերը չեն հանդարտվում: Պատճառը թիվ 2 ավագ դպրոցի տնօրեն Սուսաննա Նազարյանի` փետրվարի 17-ին կազմակերպած «աշակերտական հանրահավաքն» էր` ընդդեմ նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Բահար Եղիազարյանի: Այդ օրը աշակերտները ցուցանակներով դուրս էին եկել բակ եւ ասում էին, թե տնօրենն անմեղ է, եւ իրենք սիրում են նրան: Քանի որ տնօրենի դուստրը` Անժելա Տերտերյանը, աշակերտական խորհրդի նախագահն է, հենց նա էլ աշակերտներին գրել էր տվել ցուցանակները եւ նրանց հավաքել բակում: Դպրոցում իրավիճակն այնքան էր սրվել, որ  աշխատակիցներից մեկը ստիպված զանգահարել էր ոստիկանություն, որպեսզի վերջիններս ապահովեն Բ. Եղիազարյանի անվտանգությունը: «Բազմաթիվ են այն դեպքերը, երբ տնօրեն Սուսաննա Նազարյանը սեռական բնույթի հայհոյանքներ է տվել ինչպես ուսուցիչներին, այնպես էլ աշակերտներին: Տնօրենը առիթը բաց չի թողնում վիրավորելու եւ իրեն փոքր-ինչ հակառակվող աշակերտներին անպարկեշտ խոսքեր ասելու համար»,- գրված է նախարարին ուղղված նամակում: Նրանք պահանջում են պատասխանատվության ենթարկել Սուսաննա Նազարյանին, քանի որ նա «խարխլում է դպրոցի հիմքերը»: «Տնօրեն պետք է աշխատի հասարակության սերն ու հարգանքը վայելող մանկավարժը, մինչդեռ Սուսաննա Նազարյանը, լինելով հայոց լեզվի եւ գրականության ուսուցչուհի, հիասթափություն է առաջացնում ողջ համակարգի նկատմամբ»,- գրել են բողոքողները: Հիշեցնենք, որ դպրոցի անդորրը խաթարվեց այն բանից հետո, երբ 2010 թ. աշնան մի օր դպրոցի 9-րդ դասարանի աշակերտ Ալբերտ Հարությունյանը միջանցքում լսեց, թե ինչպես է Սուսաննա Նազարյանը մի աշակերտուհու ասում, թե ձեռքի բջջային հեռախոսը «կմտցնի իրա մամայի համապատասխան տեղը»: Դրանից հետո Ալբերտն ասել է` «վայ արա, էս ո՞ւր ենք ընկել»: Նրա ասածը լսել է տնօրենի որդին` Տիգրանը, որը սովորում է նույն դպրոցի 11-րդ դասարանում: Տիգրանն ու նրա ընկերները անընդհատ կռվի առիթ են փնտրել Ալբերտի հետ, եւ նրանց հարաբերություններն ավելի են սրվել այս տարվա հունվարի 31-ին: Հենց այդ օրն էլ Տիգրանի գլխավորությամբ  9 աշակերտ հարձակվել է Ալբերտի վրա, նրան գցել են գետնին եւ սկսել հարվածել ու հայհոյել: Բահար Եղիազարյանը Ալբերտի տատն է: Նա «Հետքի» հետ զրույցում ասաց, որ Տիգրանը Ալբերտի հետ վիճել է նաեւ փետրվարի 1-ին: Ինքը փորձել է առանձին զրուցել Տիգրանի եւ Ալբերտի հետ, սակայն ներս է մտել տնօրենը եւ բռունցքով փորձել հարվածել Ալբերտին: Վերջինս բռնել է Սուսաննա Նազարյանի ձեռքը: Նույնը կրկնվել է երկրորդ անգամ, ինչից հետո Ալբերտի վրա հարձակվել է տնօրենի որդին` Տիգրանը, եւ սկսել հարվածել: Դրանից հետո Ս. Նազարյանը զանգահարել է ոստիկանություն, եւ դպրոց է ժամանել անչափահասների գծով տեսուչը: Տնօրենը շտապ մանկավարժական խորհրդի նիստ է հրավիրել, որի ժամանակ մանկավարժները վիրավորել են Բահար Եղիազարյանին: Հետո տնօրենը 35 տարվա մանկավարժական ստաժ ունեցող ուսուցչուհուն վերջին նախազգուշացումով խիստ նկատողություն է հայտարարել: Սուսաննա Նազարյանը մեղադրում է Ալբերտին` ասելով, որ նա է միջանցքում հայհոյել եւ իրեն հրել-գցել նստարանների վրա: Երկու օր անց Ալբերտի մայրը` Անահիտ Հարությունյանը, դիմում է գրել տնօրենին` Ալբերտի գործերը թիվ 2 դպրոցից վերցնելու եւ 5-րդ ավագ դպրոց տանելու համար, քանի որ Ս. Նազարյանը որոշել էր անձամբ հեռացնել Ալբերտին: Այդ ժամանակ Ա. Հարությունյանը դիմում է գրել նաեւ ԿԳ նախարարին` ներկայացնելով ստեղծված իրավիճակը: «Փետրվարի 3-ից եմ սկսել այս խնդրի մասին ահազանգել, քանի որ տղաս սթրեսի մեջ էր, նրան ծեծել ու ստորացրել էին հենց դպրոցում, հետո էլ ոստիկան էին կանչել: Ես գիտեի, որ տնօրենը շատ հիշաչար է, եւ խնդիրներ պիտի ունենա նաեւ մայրս»,- ասում է Ալբերտի մայրը: Նա պնդում է, որ Սուսաննա Նազարյանի մասին կարող են պատմել բազմաթիվ էջմիածնեցիներ, քանի որ տնօրենը շատերին է վիրավորել: «Շատ երեխաներ են այս վիճակի մեջ հայտնվել եւ էլի կհայտնվեն: Շատ ուսուցիչներ են հեռացել դպրոցից: Վախի մթնոլորտ կա դպրոցում, քանի որ տնօրենը բազմիցս է ասել, որ իր դեմ «խաղ չկա», ամուր մեջք ունի եւ այլն: Այնքան է ասել, որ երեխաների եւ ուսուցիչների մոտ արդեն կարծրացել է, վախի մթնոլորտ է ձեւավորվել»,- ասում է տիկին Անահիտը: Դպրոցում տեղի ունեցող իրադարձությունները Ա. Հարությունյանին հիշեցնում են ստալինյան բռնապետության տարիները, քանի որ ուսումնական հաստատությունում դրված են տեսախցիկներ, մարդիկ իրար ականջի «փսփսալով» են խոսում, իսկ տնօրենի երեսին ժպտում են եւ հաստատում այն, ինչ ինքն է ասում: Անահիտ Հարությունյանն արդեն երեք անգամ զանգահարել է ԿԳՆ «թեժ գիծ», որպեսզի հանդիպում խնդրի նախարար Աշոտյանից: Մինչեւ վերջ պայքարելու իր պատրաստակամությունը նա այսպես պատճառաբանեց. «Ես ուզում եմ, որ իմ անչափահաս տղան հավատը չկորցնի արդարության նկատմամբ, որ չմտածի, թե միայն բռնությամբ ու անբարոյականությամբ կարելի է հասնել հաղթանակի: Թող իմանան, որ չի կարելի երեխաներին վիրավորել, ծեծել, հետո էլ ստիպել, որ սուտ խոսեն: Ես գիտեմ, որ իմ տղայի դասընկերներին դպրոցում ստիպել են, որ չարախոսեն Ալբերտի մասին, բայց նրանք հրաժարվել են»: Երկու օր առաջ Էջմիածին էր ժամանել նաեւ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը` ստեղծված վիճակին տեղում ծանոթանալու: Նրա հետ հանդիպեցին թիվ 2 ավագ դպրոցում սովորող մոտ երկու տասնյակ աշակերտներ եւ նրանց ծնողները, որոնք նույնպես փաստում էին, որ Ս. Նազարյանը երեխաներին վիրավորել եւ հայհոյել է: Ծնողներից մեկն էլ պատգամավորի ներկայությամբ պատմեց, որ ինքը նույնպես Ս. Նազարյանի «զոհերից» է: Ըստ նրա` երբ ցանկացել է իր երեխային թիվ 2 դպրոցից տեղափոխել այլ դպրոց եւ գրավոր փաստաթուղթ է ներկայացրել ընդունող դպրոցի տնօրենի ստորագրությամբ, Սուսաննա Նազարյանը «ափերից դուրս է եկել», սկսել է գոռգոռալ եւ վիրավորել ծնողին: «Տնօրենն ինձ ասաց` դու ո՞վ ես, քեզանից ի±նչ ես ներկայացնում: Հետո էլ ասաց, թե իմ ֆիգուրան քոնից լավն է, ես մեքենա եմ քշում, լիքը փող ունեմ: Հետո էլ, թե` դու գիտե՞ս` իմ ամուսինն ով է, ոստիկանությունում է աշխատում եւ կարող է վրադ ժուչոկ դնել»,- ասում է ծնողը: Դպրոցի աշակերտները նույնպես հաստատեցին, որ տնօրենը հաճախ է վիրավորել եւ կոպտել իրենց: Աշակերտուհիներից մեկն ամաչում էր ասել, թե տնօրենն ինչ հայհոյանք է տվել եւ ստիպված այդ բառը թղթի վրա գրած ներկայացրեց մեզ: Տնօրենից դժգոհող աշակերտների անունները չենք հրապարակում, քանի որ նրանց մի մասը դեռ սովորում է այդ դպրոցում եւ կարող է «հաշվեհարդարի զոհ» դառնալ: Աշակերտ Ա.Ս.-ն մեզ պատմեց, որ ամռանը` քննությունների ժամանակ, տնօրենն իրեն վիժվածք ու լակոտ է անվանել, ինչից շատ է վիրավորվել: «Ես վաղուց եմ ուզում դուրս գալ այս դպրոցից, բայց քանի որ մեր տունը մյուս ավագ դպրոցից հեռու է, դրա համար դեռ դուրս չեմ գալիս»,- ասում է աշակերտը: Մեկ այլ աշակերտ` Պ.Է.-ն, արդեն փոխել է ավագ դպրոցը եւ այժմ սովորում է քաղաքի մյուս ավագ դպրոցում: Նա ասում է, որ դպրոցը փոխել է հենց տնօրենի պահվածքի պատճառով: Աշակերտների ասելով` դպրոցի տարածքում բուֆետ կա, որը պատկանում է տնօրենի ամուսնուն` Համլետ Տերտերյանին, եւ տնօրենն իր ամուսնու բիզնեսը զարգացնելու համար երկար դասամիջոցներ է սահմանել, որպեսզի երեխաները հաճախ գնան բուֆետ: «Օրինակ` այն դպրոցում, որտեղ հիմա սովորում եմ, բոլոր դասամիջոցները 5 րոպեանոց են, միայն մեկն է 10 րոպե տեւում, սակայն  2-րդ դպրոցում բոլոր դասամիջոցները 10 րոպեանոց է, իսկ 2-ը` նույնիսկ 20»,- ասում է Պ.Է.-ն: Երեխաներից շատերը սպասում են, թե նախարարությունն ինչ քայլեր է ձեռնարկելու, եթե արդյունք չլինի, խոստանում են փոխել դպրոցը: Անահիտ Հարությունյանն ասում է, որ այժմ ավելի քան համոզված է, որ նախարարությունը համապատասխան քայլեր կձեռնարկի, քանի որ ընդհանուր դիմումի տակ ստորագրել են նաեւ մանկավարժներ եւ աշակերտներ, իսկ Ալբերտի դասընկերները ցանկացած հարցում սատարում են որդուն: Նա կարծում է, որ այսօր տնօրենի կողքին կանգնած կոլեկտիվը եւս իրենց կմիանա, եթե Ս. Նազարյանի «դիրքերը փոքր-ինչ թուլանան»: «Եթե կոլեկտիվը մի փոքր վստահ լինի, որ տնօրենի դիրքերն ամուր չեն, ես համոզված եմ, որ բոլորը, ովքեր հիմա նրա ասածը կրկնում են, առաջին հերթին նրանք են բացահայտելու տնօրենի ասածները, քանի որ տնօրենը անխտիր բոլորին վիրավորում է»,- ավելացնում է Ա. Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter