HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ժամանակ» օրաթերթը առաջարկեց հաշտվել

Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացավ «Բելա եւ Սեդրակ Քոչարյանները` ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» նախնական դատական նիստը: Հիշեցնենք, որ օրաթերթն անցած սեպտեմբերին եւ հոկտեմբերի սկզբին տպագրած 3 հրապարակումով հայտնել էր, որ Բելլա Քոչարյանը ներգրավված է դեղորայքի բիզնեսում, Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերություններին: Բացի դրանից` Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում: Թերթը նաեւ գրել էր, թե իրականում բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը: Այսօր դատարանում օրաթերթի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հայցվոր կողմի ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանին խնդրեց հստակեցնել հայցի հիմքերը եւ հայցապահանջը, հատկապես, թե որ փաստերն են ուզում, որ օրաթերթը հերքի: Ավելին` փաստաբանը առաջարկեց հերքման տեքստ պատրաստել եւ տրամադրել օրաթերթի խմբագրությանը` հստակ նշելով այդ փաստերը: Բաղդասարյանն ասաց, որ հերքումը տպագրելուց հետո գուցե գումարային փոխհատուցման պահանջ այլեւս չլինի: Նա նաեւ նշեց, որ դժվար է հասկանալ, թե ինչպես է հաշվարկվել  վիրավորանքի ու զրպարտության միջոցով հասցված վնասը, որը ներկայացվել է հայցվորների կողմից` 6 մլն դրամ: «Եթե դրանից հետո էլ հայցը պնդեն, ուրեմն կհասկանանք, որ պահանջն ավելի շատ գումարային է»,- ասաց Ն. Բաղդասարյանը: Հայցվոր կողմի ներկայացուցիչը դատարանից մեկ ամիս ժամանակ խնդրեց տեքստը պատրաստելու եւ խմբագրությանն ուղարկելու, ինչպես նաեւ լրատվամիջոցի հետագա գործողություններին հետեւելու համար (արդյոք տեքստը բարեխղճորեն և ամբողջությամբ է հրապարակվել), ինչից հետո` հաջորդ դատական նիստում, պարզ կլինի` հաշտվում են, թե վեճը դատական կարգով են լուծում: Դատարանը, մասնակի բավարարելով հայցվոր կողմի միջնորդությունը, երկշաբաթյա ժամկետ տրամադրեց: Հաջորդ նիստը կկայանա մարտի 14-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter