HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Դատավորը կծանոթանա «Հետքի» նյութերին

«Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպությանը տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցն ընդդեմ Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի, այսօր լսվեց Վարչական դատարանի Գյումրիի նստավայրում` Էդիկ Նահապետյանի նախագահությամբ: Հայցադիմումի պատճառը «Հետք» շաբաթաթերթում գյումրեցի ազդեցիկ տոհմերից մեկի` Դրամփյանների պատմությունը լիարժեք ներկայացնելու առնչությամբ քաղաքապետ Վարդան Ղուկասյանին ուղղված գրավոր հարցաշարին չպատասխանելն էր: Անդրադառնալով այս տոհմին` չի շրջանցվել նաեւ նրանց ժառանգ Իրինա Աբաջյանի եւ Գյումրու քաղաքապետարանի միջեւ երկարատեւ դատական վեճը: Այս առիթով «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն Գյումրու քաղաքապետին 2010թ-ի հուլիսի 6-ին տեղեկատվություն ստանալու 8 հարցից բաղկացած գրություն էր ուղարկել: Հուլիսի 9-ին քաղաքապետարանի Ընդհանուր բաժնում հարցումը մուտք էր արվել, հետագայում պատասխանի համար մակագրվել Իրավաբանական բաժին: 2010թ-ի Նոյեմբերի 12-ին ՀՀ վարչական դատարանը (նստավայրը` Գյումրի, նախագահությամբ Էդ. Նահապետյանի) ադեն իսկ վարույթ էր ընդունել «Հետաքննող լրագրողներ» հասարակական կազմակերպության տեղեկատվություն տրամադրելու պահանջի մասին հայցն ընդդեմ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի: Մոտ երկու շաբաթ անց` հարցումն ուղարկելուց հինգ ամիս անց, քաղաքապետարանից ստացվել է մի պատասխան: Այսօր կայացած դատական նիստին մասնակցում էր ոչ թե քաղաքապետարանի իրավաբանական բաժնի ղեկավար Արա Սարգսյանն, ով դեռ 2010թ-ի հուլիսին պիտի պատասխաներ հարցումներին, այլ նույն բաժնի աշխատակից Կարեն Եղիազարյանը: Լսելով հայցը` վերջինս պնդեց, որ չեն ընդունում այն, իսկ հայցվոր կողմն էլ հայտարարեց, որ հայցապահանջը պնդում է ամբողջովին: «Խախտվել է «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի դրույթները,- նշեց հայցվոր կողմի ներկայացուցիչը,- եւ մինչ օրս չի տրամադրվել պահանջվող ամբողջ տեղեկատվությունը»: Դատավոր Էդիկ Նահապետյանը փորձեց ճշտել հայցվոր կողմից` արդյոք այդքան անհրաժե՞շտ էր, ասենք, քաղաքապետ Վարդան Ղուկասյանից ճշտել, թե ում է պատկանում Աբովյան փողոցի թիվ 262 շենքը եւ արդյոք քաղաքապետն իրավասո՞ւ էր իմանալ, թե երբ, ում եւ ինչ նպատակներով է վաճառվել այն: Հայցվոր կողմը ստիպված էր բացատրել, որ ցանկացած տեղեկատվություն լրագրողը պիտի ճշտի մի քանի աղբյուրներից: Իսկ որ քաղաքապետը ոչ միայն կարող էր եւ տեղյակ պիտի լիներ, թե ում է օտարվել այդքան կարեւորագույն մի շինություն, որ գտնվում է «Կումայրի» արգելոցի հաշվեկշռում եւ կադաստրային արժեքն էլ անցնում է 53 մլն դրամը, այլ պարտավոր էր: Եվ հարցն էլ քաղաքապետին ուղղվել էր` հաշվի առնելով հենց այս հանգամանքը: Հայցվոր կողմը միջնորդեց հնարավորություն տալ հավելյալ ապացույցներ ներկայացնելու համար: Դրանք արդեն իսկ հրապարակված հոդվածներն էին, որոնց հետազոտումը դատավոր Էդիկ Նահապետյանը համարեց առավել նպատակահարմար մինչեւ հաջորդ դատական նիստը: Քաղաքապետարանի ներկայացուցիչ Կարեն Եղիազարյանն այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե որն է «քաղաքապետարանի ամենօրյա գերլարված եւ ծանրաբեռնված աշխատանքը», որի պատճառով իրենք 5 ամիս ուշացրել են պատասխանը: «Մենք ամեն դեպքում պատասխանել ենք, հարգելի դատարան»,- ասաց նա: «Իսկ ինչո՞ւ միայն նոյեմբերի 25-ին, հետաքննողների հայցը վարույթ ընդունելուց 13 օր հետո»,-հարցրեց հայցվոր կողմի ներկայացուցիչը: «Այդ ժամանակ նոր հնարավոր եղավ պատասխանել»,-պարզաբանեց Կարեն Եղիազարյանը: Հայցվորը դատարանին պարզաբանեց, որ սովորաբար «ձեր այսինչ հարցի պատասխանը կգտնեք այսինչ կետում, կամ այնինչ հարցի պատասխանը` այնինչ կետում» հնարավորություն չի տալիս լրագրողին լիարժեք ինֆորմացիա ստանալ, այն ձեւակերպելու եւ ընթերցողին հասցնելու: Հայցվորի հարցին Կարեն Եղիազարյանն այդպես էլ չպատասխանեց, թե ինչու է խախտվել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները եւ հարցման արձագանքը հնչել միայն 5 ամիս անց: Լրացուցիչ ապացույցներ ներկայացնելու համար դատարանը հայցվոր կողմին տվեց 10 օր ժամանակ: Հաջորդ դատական նիստի մասին կողմերը կծանուցվեն լրացուցիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter