HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

«Դիմեք «Միջազգային բակալավրիատին» և ստացեք իրավունք այդ ծրագիրը կազմակերպել նաև հայերենով»

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամները նամակ են պատրաստում, որն ուղարկելու են Շվեյցարիայում տեղակայված «Միջազգային բակալավրիատ» կազմակերպությանը և բացատրելու այն ամենը, ինչ չկարողացան ասել կազմակերպության այն երկու ներկայացուցչին, որոնք մի քանի օր առաջ Հայաստանում էին:

Հինգշաբթի գիշեր քաղաքացիական նախաձեռնության անդամները տեղեկացել էին, որ Հայաստանում է «Միջազգային բակալավրիատ» կազմակերպության երկու ներկայացուցիչ: Վերջիններն ուրբաթ օրը «Քվանտ» վարժարանում անցկացնելուց հետո լքեցին Հայաստանը, և քաղաքացիական նախաձեռնության անդամները չկարողացան հանդիպել նրանց հետ և բացատրել, թե ինչու են դեմ, որ կազմակերպության Diploma Degree ծրագիրը Հայաստանում իրականացվի օտար լեզվով:

«Միջազգային բակալավրիատը» 3 փուլ է նախատեսում: Այդ 3 ծրագրից ամենաարժեքավոր մասը Diploma Degree-ն է, բոլորը փորձում են դա իրագործել: «Քվանտը» Diploma Degree-ի թեկնածու դպրոցի կարգավիճակը ստացել է արդեն և այս տարի արդեն կարող է` սկսի դասավանդելը: Diploma Degree-ն 2 տարվա ծրագիր է և ավագ դպրոցի համար է: Այսինքն` 10, 11, 12 դասարաններից որևէ երկուսում` երևի 11-ում և 12-ում դա կիրականացվի «Քվանտում»»,- «Հետքին» ասաց «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» քաղաքացիական նախաձեռնության անդամ Արամ Ապատյանը:

Այս պահին Diploma Degree-ն իրականացվում է անգլերեն, ֆրանսերեն և իսպաներեն: Կա ծրագրի փորձնական տարբերակ` գերմաներենով: «Մեր պայքարը միշտ եղել է այն, որ դիմեք «Միջազգային բակալավրիատին» և ստացեք իրավունք այդ ծրագիրը կազմակերպել նաև հայերենով»,- ասաց Արամ Ապատյանը: Փետրվարի սկզբին այս հարցով «Միջազգային բակալավրիատ» կազմակերպությանը դիմել էր Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը: Արամ Ապատյանի համոզմամբ` հետևողական լինելու դեպքում Հայաստանը կարող է հասնել նրան, որ միջազգային հանրակրթական ծրագրերը տեղայնացվեն ու թարգմանվեն հայերեն: «Եթե դա պահանջում է մի փոքր ավելի շատ ժամանակ, ապա դա միևնույն է` ավելի նախընտրելի մոտեցում է, քան թե հենց այս պահին գնալ անգլերենի կամ այլ լեզուների տարբերակով և վերջիվերջո, ստեղծել մի իրավիճակ, երբ մարդիկ, ձգտելով այդ ավելի լավ կրթությանը, կթողնեն մի կողմ հայերենը և կանցնեն այլ լեզուների, և դա կստեղծի շատ վտանգավոր իրավիճակ»,- ասաց Արամ Ապատյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter