HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոչ մի առևտրի կենտրոն Երևանի վերջին այգում՝ Թամանյանի գլխավոր պողոտայում

Մարտի 1-ին տեղեկացանք, որ Երևանի քաղաքապետը և «Տաշիր» գրուպի նախագահը համաձայնագիր են ստորագրել մի շարք ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով։ Քանի որ մամուլում հստակ տեղեկություն չկա այն մասին, արդյոք այդ ծրագրերի թվում է նաև Մաշտոցի պողոտային հարող այգին, «Մենք ենք այս քաղաքի տերը» նախաձեռնությունը հարկ է համարում կրկին հայտնել երևանցիների և հատկապես Կենտրոնի բնակիչների ստորագրահավաքով հաստատված կարծիքն այն մասին, որ.
  • նրանք դեմ են Մաշտոցի պողոտայի և Սարյան փողոցի միջև ընկած այգում որևէ ստորգետնյա առևտրի կենտրոնի կառուցմանը,
  • նման շինարարության դեպքում այգին կկորցնի իր նշանակությունը, քանի որ զբոսայգին աքցանի մեջ կառնեն ստորգետնյա և վերգետնյա կոմերցիոն առևտրային կառույցները, անխուսափելիորեն կտուժեն հազվագյուտ ծառերն ու ծառարմատները,
  • տարրական քաղաքաշինական նորմերի համաձայն զբոսայգու միջավայրն անհամատեղելի է առևտրային կառույցների հետ և ի սպառ կբացառի քաղաքացիների հանգստի և մեկուսի զբոսնելու հնարավորությունը,
  • նշված նախագծով վերջնականապես խաչ կքաշվի Ալ. Թամանյանի նախագծած Գլխավոր պողոտայի հայեցակարգի վրա,
  • պատրաստ ենք տրամադրել մեր նախաձեռնության Բաց ճարտարապետական ֆորումի անկախ մասնագիտական կարծիքներ նշված այգու վերաբերյալ։
Հուսով ենք, որ այս հանգամանքը հաշվի է առնվել համաձայնագրի կնքման ժամանակ և նախկինի պես ներդրումային ծրագրերը վեր չեն դասվելու մարդկանց առողջության և կանաչ միջավայրի գերխնդրից։ Հարակից շենքերի բնակիչները պատրաստ են բոլոր օրինական միջոցներով պաշտպանել սեփական կարծիքը՝ այգին հանրային բարեկարգ տարածք դարձնելու և այն բետոնապատումից զերծ պահելու համար։ Երևանի քաղաքապետից ակնկալում ենք, որ Մաշտոցի պողոտային հարող հանրային այգում ևս կպահպանվի նրա կողմից տրված «կանաչ տարածքների հաշվին շինարարություն չի լինելու» խոստումը։ «Մե՛նք ենք այս քաղաքի տերը» քաղաքացիական նախաձեռնություն 2-ը մարտի, 2011թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter