HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Ինչո՞ւ է Ադրբեջանը հայտնվել 10-րդ տեղում, իսկ Հայաստանը դուրս մնացել ցուցակից

Փետրվարի 25-ին ամերիկյան «The Wall Street Journal» պարբերականի բլոգում հրապարակվել է այն երկրների վարկանիշային ցուցակը, որտեղ հավանական է հեղափոխությունը: Ըստ 85 երկիր ընդգրկող ցուցակի` հեղափոխությունն ամենից հավանական է Քենիայում, Կամերունում և Պակիստանում, ամենից քիչ հավանական` Շվեդիայում, Ավստրիայում և Կանադայում:

Հեղափախական երկրների ռեյտինգում Ադրբեջանը 10-րդ տեղում է, Եգիպտոսը` 16-րդ, Վրաստանը` 18-րդ, Թուրքիան` 36-րդ, Ռուսաստանը` 40-րդ: Իսկ Հայաստանը բացակայում է հեղափոխական ռեյտինգի ցուցակից: Վերջին տարում հեղափոխական ներուժը տարբեր երկրներում աճել է: Փորձագետները դա պայմանավորում են տնտեսական ճգնաժամով: Նույնիսկ Եվրոպայում, կապված միջին խավի բարեկեցության անկման և ուսանողության խնդիրների հետ, աճել է սոցիալական լարվածությունը:

Ի՞նչ չափանիշներով է կազմվել «The Wall Street Journal»-ի վարկանիշային ցուցակը

«The Wall Street Journal»-ի ցուցակը կազմվել է` ըստ 3 ցուցանիշի` կաշառակերություն, մարդկային ներուժի զարգացում և սոցիալական զարգացվածություն: Այսօրվա մամուլի ասուլիսում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ 3 ցուցանիշը բավարար չէ` որևէ երկրում հեղափոխության հավանականությունը գնահատելու համար: Կան ոչ պակաս կարևոր ինդեքսներ, որոնք տվյալ դեպքում չեն հաշվարկվել:

Եթե հեղափոխական երկրների ցուցակը կազմեր Ռուբեն Սաֆրաստյանը, ապա նա անպայման կընդգրկեր նաև ինտերնետից օգտվողների ինդեքսը, քանի որ մարդկության զարգացման այս փուլում ինտերնետը և մասնավորապես սոցիալական ցանցերը սկսում են ուղղակիորեն ներազդել սոցիալական, քաղաքական իրադարձությունների վրա: Նման վարկանիշային աղյուսակ կազմելիս շատ կարևոր է որոշել նաև տվյալ իսլամական երկրում գործող ծայրահեղական կազմակերպությունների ինդեքսը: «Այսինքն` ընտրվել են, իմ կարծիքով, այնպիսի ցուցանիշներ, որոնք հասարակական, քաղաքական ռեալ կյանքի շատ փոքր հատվածն են արտացոլում, և դրանց հիման վրա որևիցե եզրակացություն լուրջ ընդունելու համար ես, համենայն դեպս, հիմքեր չեմ տեսնում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: Նա հավելեց, որ վերջերս հեղափոխական երկրների ցանկ է հրապարակել ամերիկյան մեկ այլ հեղինակավոր պարբերական` «The New York Times»-ը: Այս ցուցակում, սակայն, տեղ են գտել բոլորովին այլ երկրներ, քան «The Wall Street Journal»-ի ցուցակում, և Ադրբեջանում էլ հեղափոխության հավանականությունը շատ ավելի փոքր է համարվել: «Այնպես որ, այսպիսի գնահատականները, իմ կարծիքով, խաբուսիկ են, որովհետև տպավորություն է ստեղծվում, որ օբյեկտիվ ցուցանիշների հիման վրա են, բայց իրականում այդ օբյեկտիվ ցուցանիշները չեն գործում, և դրանցով բացատրել հասարակության շարժումները շատ դժվար է: Եվ 2-րդ` դրանք արտացոլում են ընդհանուր մթնոլորտը, որ տվյալ երկրի նկատմամբ ստեղծվել է ցուցակը կազմողի շրջապատում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Ինչո՞ւ է Ադրբեջանը հայտնվել 10-րդ տեղում, իսկ Հայաստանը դուրս մնացել ցուցակից

Եվ ադրբեջանցիները, և հայերը «The Wall Street Journal»-ի բլոգում հարցնում են, թե ինչու է Հայաստանը դուրս մնացել պարբերականի վարկանիշային ցուցակից: Ամերիկացիներն այս հարցին միայն ասում են, թե պատճառը տեխնիկական է. ցուցակը կազմողները տվյալներ չեն ունեցել Հայաստանում բնակչության գնողունակության վերաբերյալ:

«Հիմնականում խոսքը մի ցուցիչի մասին էր, թե Հայաստանի բնակչությունը իր բյուջեի որ մասն է ծախսում սննդամթերքի վրա: Օրինակ` համարվում է, որ միջին եգիպտացին ծախսում է իր բյուջեի մոտավորապես 30%-ը պարեն գնելու համար: Եվ երբ այնտեղ տեղի ունեցավ գնաճ` 30 %-ով, դա բերեց նրան, որ միջին եգիպտացին իր բյուջեի գրեթե 40-45 %-ը սկսեց ծախսել միայն և միայն սննդամթերք գնելու համար: Այսինքն` սա բերեց խոշոր իրողությունների»,- ասաց ասուլիսի մյուս բանախոսը` «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի տնօրեն, վերլուծաբան Գագիկ Հարությունյանը: Իսկ Ռուբեն Սաֆրաստյանը չբացառեց, որ գուցեև վարկանիշային աղյուսակը կազմողները պարզապես չեն ցանկացել, որ Հայաստանի անունը լինի հեղափոխական երկրների ցուցակում: Նրա կարծիքով` Ադրբեջանին ցուցակում այդքան բարձր հորիզոնական տալու հարցում հաշվի է առնվել այն, որ այդ երկրում, բացի սոցիալական և քաղաքական խնդիրներից, սկսում են ակտիվանալ տարբեր տեսակի ծայրահեղական, իսլամական կազմակերպությունները: Մինչդեռ Հայաստանում նման երևույթ չկա: 2-րդ` Ադրբեջանը հայտնվել է ցուցակում, քանի որ վերջին տարիներին այդ երկրի իշխանությունների քաղաքականությունը որոշակի ռուսամետ ուղղվածություն է ձեռք բերում: Այս ձևով ցուցակը կազմողները գուցե ցանկացել են արտահայտել Ադրբեջանի նկատմամբ Արևմուտքի դժգոհությունը: Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով` ի տարբերություն Վրաստանի, իսկ վերջին տարիներին նաև Ադրբեջանի` Հայաստանի արտաքին քաղաքականությունը վերջին 20 տարում խոշոր տատանումներ չի ունեցել և շատ կանխատեսելի է: «Սա նաև կարևոր գործոն է եղել, որ Հայաստանը ուղղակի, ես կարծում եմ, միտումնավոր դուրս են թողել այդ ցուցակից»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը: Գագիկ Հարությունյանի խոսքերով` հեղափոխական երկրների ռեյտինգը կազմելիս բլոգի հեղինակները հաշվի են առել այն, որ Ադրբեջանում շատ խորն է տնտեսական անհավասարությունը, մեծ են կոռուպցիոն ռիսկերը, ցածր է զարգացման ցուցանիշը, և ձևավորվել է անհանդուրժողականության մթնոլորտ` Ալիևի վարչախմբի քարոզչական աշխատանքի հետևանքով: Ադրբեջանական հասարակության մեջ կան սոցիալական, կրոնական լարվածություն և սեփական ապագայի, զարգացման վերաբերյալ հավատի ճգնաժամ: «Ես կարծում եմ` այս բոլոր հանգամանքները միասին հիմնականում պայմանավորում են Ադրբեջանի նման «բարձր» դիրքը: Դա շատ պայթյունավտանգ երկիր է: Եվ կարծում եմ` դա շատ օբյեկտիվ ցուցանիշ է, որն արտահայտում է իրերի դրությունը»,- ասաց Գագիկ Հարությունյանը:

Որքանո՞վ է հավանական հեղափոխությունը Հայաստանում

«Նորավանքի» տնօրենի խոսքերով` տնտեսական անհավասարության գործակիցը Հայաստանում ավելի փոքր է, քան Ադրբեջանում, և Հայաստանը պետք է նվազագույնը 25-րդ, 30-րդ տեղից ցածր դիրք գրավեր աղյուսակում: «Այսինքն` մի քանի անգամ մենք ավելի ոչ հեղափոխական երկիր ենք, քան Ադրբեջանը»,- ասաց նա: Ռուբեն Սաֆրաստյանն էլ նշեց, որ Հայաստանում սոցիալական որևէ զանգվածային շարժման հնարավորությունը պետք է բավականին ցածր լինի, քանի որ առկա է մի քանի հանգամանք: «1-ինը` այն, որ իշխանությունը չի փոխանցվում ժառանգաբար: Եթե մենք տեսնում ենք օրինաչափությունը, և Եգիպտոսում էր գործը դրան գնում, և Թունիսում»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը: 2-րդ` Հայաստանից բացակայում է իսլամի գործոնը: 3-րդ` Մերձավոր Արևելքի այն երկրներում, որտեղ տեղի ունեցան ընդվզումներ, իշխող քաղաքական ռեժիմները վարում էին արևմտամետ քաղաքականություն: Հայաստանի պարագայում նման բան չկա: 4-րդ` արտաքին գործոնը, որը ձգտում է ներազդել Հայաստանի քաղաքական զարգացումների վրա, ներկա փուլում արտահայտված չէ: Ուստի, Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով` Հայաստանն իր ցուցանիշներով կարող էր լինել հեղափոխական երկրների ցուցակի եթե ոչ վերջին տեղերում, ապա գոնե «ցուցակի կեսից ավելի այնկողմ»:

Որքանո՞վ է հավանական հեղափոխությունը Ադրբեջանում

«The Wall Street Journal»-ի բլոգում ադրբեջանցիները գրում են, որ այդ երկրում հեղափոխության պոտենցիալն ավելի մեծ է, քան արտացոլված է ռեյտինգում, և Ադրբեջանը պետք է ոչ թե 10-րդ, այլ մոտ 5-րդ տեղում լիներ: Ռուբեն Սաֆրաստյանի համոզմամբ` Ադրբեջանը, սոցիալական լարվածության տեսանկյունից, իսկապես ծանր վիճակում է: Սրան գումարած` Ադրբեջանում իշխանությունը փոխանցվեց հորից որդուն, և վերջին տարիներին սկսեցին ակտիվանալ կրոնական, ծայրահեղական, իսլամիստական տարբեր տեսակի եղբայրություններն ու կազմակերպությունները: «Իմ կարծիքով, իսկապես Ադրբեջանը իր զարգացման բավական վտանգավոր փուլում է գտնվում, երբ հեղափոխական, ծայրահեղական բնույթի զանգվածային ընդվզումները բավական մեծ հնարավորություն ունեն, որ իրականություն դառնան»,- ասաց Արևելագիտության ինստիտուտի տնօրենը: Միաժամանակ նա նշեց, որ Ադրբեջանի իշխող վարչակարգը ստեղծել է բավական «հուսալի» ապարատ, որի միջոցով կկարողանա պահպանել իր իշխանությունը, եթե դրսից միջամտություն չլինի: Կլինի՞ արդյոք ընդվզում Ադրբեջանում, և ի՞նչ միջամտություն կլինի դրսից: Գագիկ Հարությունյանի կարծիքով` եթե Ադրբեջանը հայտնվել է ամերիկյան հեղինակավար պարբերականի վարկանիշային ցուցակի 10-րդ տեղում, ապա դա ոչ ուղղակիորեն վկայում է «դրսի» մոտեցումների մասին: «Կարծես թե ալիևյան ռեժիմը կորցրել է իր գրավչությունը Արևմուտքի համար»,- ասաց «Նորավանքի» տնօրենը: Լրագրողներից մեկը հարցրեց, թե այսօր Ադրբեջանում առկա ընդդիմություը որքանո՞վ է ուժեղ, որ հնարավոր սոցիալական լարվածությունն օգտագործի իշխանության հասնելու համար, և առհասարակ Ադրբեջանում կա՞ այնպիսի ռեսուրս ունեցող ընդդիմություն: Ռուբեն Սաֆրաստյանն ասաց, որ Ադրբեջանում նման ընդդիմություն կա, որը կփորձի օգտագործել սոցիալական լարվածությունը: Սակայն գոնե մոտ ապագայում կառավարող ռեժիմը կկարողանա պահպանել իր իշխանությունը, եթե չլինի արտաքին շատ ուժեղ միջամտություն:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter