HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Պարենի գները մեղմելու համար հարկավոր է քաղաքականություն մշակել եւ այն իրագործել

Աշխարհում առկա պարենային ճգնաժամը, որի բացասական ազդեցությունն առավել նկատելի է աղքատ երկրներում, ինչպիսին Հայաստանն է, խուճապի նոր ալիք է առաջացրել:

Կանխատեսելի՞ էր այն, եւ ի՞նչ միտումներ են առկա պարենի շուկայում` գնաճի հետ կապված, եւ ընդհանրապես գյուղոլորտում տարվող քաղաքականության մասին է մեր զրույցը Հաշխարհային բանկի գյուղատնտեսության, գյուղական զարգացման եւ բնապահպանական ծրագրերի պատասխանատու Արտավազդ Հակոբյանի եւ արտաքին կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանի հետ:

Պարենային գների աճը որքանո՞վ էր կանխատեսելի նախորդ տարիներին, եւ Համաշխարհային բանկն (ՀԲ) ունե՞ր կանխատեսումներ պարենային ճգնաժամի վերաբերյալ:

Արտավազդ Հակոբյան - Պարենային գների աճն անակնկալ չի ոչ Կառավարության, ոչ էլ բնակչության այն հատվածի համար, ովքեր զբաղվում են պարենի խնդրով: Աշխարհում պարենային համակարգում մեծ փոփոխություններ են տեղի ունեցել, հայտնվել են խոշոր սպառողներ` Չինաստանը, Հնդկաստանը, Աֆրիկայի որոշ երկրներ: Նրանց կենսամակարդակի բարձրացման, եկամուտների աճին զուգահեռ երկրներն ավելի շատ սննդամթերք են սկսել սպառել: Հայտնվել են ոչ ավանդական արտադրողներ. նախկինում պարենամթերք արտադրողները ավանդական երկրներն էին` Կանադան, ԱՄՆ-ը, Ռուսաստանը, Ղազախստանը: Հիմա հայտնվել են երկրներ, որոնք նախկինում արտադրում էին պարենային առաջին անհրաժեշտության ապրանքներ` սոյա, հացահատիկ, եգիպտացորեն եւ այլն, սակայն այդ ծավալներով չէին արտահանում: Որոշ երկրներ, որոնք ավանդական արտահանողներ էին, նվազեցնում են արտահանման իրենց ծավալները: Ավանդական արտահանողները միշտ կանխատեսելի են եղել, իսկ ոչ ավանդական արտահանողները, որոնք վերջին 5-6 տարիների ընթացքում են հայտնվել, անկանխատեսելի են: Նրանք արտահանման յուրահատուկ քաղաքականություն են վարում, որոշ դեպքերում` սահմանափակում են արտահանումը, որոշ դեպքերում նույնիսկ թույլ չեն տալիս արտահանել, եւ դա ազդում է միջազգային գների վրա: Երրորդ փոփոխությունը, որ վերջին 5 տարիներին կատարվել է այս ոլորտում, այն է, որ կլիմայի փոփոխության հետեւանքով արտադրանքի քանակները տատանվում են. մի տարի կարող է ավելի շատ բերք լինել, մյուս տարի` ավելի քիչ: Ճիշտ է, գյուղատնտեսությունը միշտ էլ տատանվող է` եղանակից կախված է եղել, բայց նախկինում տատանումներն այդքան մեծ չէին: Այս երեք միջազգային տենդենցներն ազդում են այնպիսի երկրների վրա, որոնք հիմնականում ներկրում են առաջին անհրաժետության սննդամթերքը: Այսինքն` ասել, որ գների աճը կանխատեսելի չէր, մի քիչ սխալ կլինի, որովհետեւ դա բավականին կանխատեսելի էր: Պետք է ասեմ, որ համաշխարհային պարենային համակարգն այլեւս այն չէ, ինչ 5-6 տարի առաջ, եւ նախկինում տարվող քաղաքականությունն այսօր կարող է ճիշտ չլինել. պարենային համակարգում այսօր նորարար մոտեցումներ են պետք:

Մինչեւ հիմա ՀԲ-ի քաղաքականությունը մի շարք երկրներում, այդ թվում նաեւ Հայաստանում, աղքատության հաղթահարմանն էր ուղղված, ներկա վիճակի հետ կապված, երբ աշխարհում 44 մլն աղքատների մասին է խոսվում, իսկ Հայաստանում` 34% աղքատության, ի՞նչ լուծումներ ունի բանկը: Ի՞նչպիսի քաղաքականություն է տարվում այս վիճակը հաղթահարելու համար:

Բանկի մանդատը` «աշխարհն առանց աղքատների», ներկայումս չի փոխվել, դա միշտ նույնն է մնալու: Հայաստանի համար կատարվող քայլերը նույնպես այդ մանդատի շրջանակում են: Մասնավորապես` անցյալ տարի մեր կատարած հետազոտությունը ցույց տվեց, որ աղքատության աճի պատճառով մեր ազգաբնակչության 40%-ը տառապեց ճգնաժամից: Նրանց ծախսերը` ներառյալ սննդի վրա արվածները, 12%-ով պակասեցին: Առաջիկայում եւս գների աճի հետեւանքով մարդկանց հնարավորությունները կրկին կնվազեն: Այս պարագայում եւ քաղաքականության հետ կապված է բանկը աջակցում երկրներին, եւ կոնկրետ ծրագրերի շրջանակներում է փորձում աջակցել: Դա վերաբերում է եւ կարճաժամկետ, եւ միջնաժամկետ, եւ երկարաժամկետ ծրագրերին: Դա վերաբերում է նաեւ գյուղատնտեսական ծրագրերին, որոնք ուղղված են գյուղում անասնապահության զարգացմանը:

Մեր երկրի կառավարության քաղաքականությունը վերջին տարիներին համահո՞ւնչ էր սպասվելիք պարենային ճգնաժամին: Ես հիշում եմ, որ ՄԱԿ-ի պարենի հանձնաժողովի նախագահը երկու տարի առաջ ՄԱԿ-ի ամբիոնից զգուշացնում էր առաջիկա տարիներին աշխարհում սպասվող սովի մասին եւ Կառավարություններին կոչ էր անում զարկ տալ գյուղատնտեսությանը` սովը հաղթահարելու համար: Արդյոք կառավարությունները, մասնավորապես` Հայաստանի կառավարությունը, լրջորեն վերաբերվեցի՞ն այդ կոչին այս վիճակը հաղթահարելու համար:

Ցավոք, այս տարի գյուղատնտեսությանը բավարար ուշադրություն չի դարձվել, որպեսզի ասենք` հնարավոր էր ճգնաժամերի կանխատեսման եւ կանխարգելման հետ կապված քայլեր ձեռնարկել, բայց կարծես ազդակներ կան, որ հետագա տարիներին այդ ուշադրությունը կավելանա: Ուշադրություն ասելով նկատի ունեմ կոնկրետ քայլերը` ամրագրված կոնկրետ ֆինանսավորումով, նաեւ` կոնկրետ բարեփոխումները: Եթե գները բարձրանում են, ընկերական, բարիդրացիական հարաբերություններով, խնդրելով գները չեն իջնի: Գնաճը մեղմելու համար հարկավոր է քաղաքականություն մշակել եւ դրանք իրականացնել: Ասել, որ այս պահին կա մի համապարփակ ռազմավարություն` դժվար է, որովհետեւ Հայաստանի նման երկրների համար, որոնք ինքնաբավ չեն, եւ առաջին անհրաժեշտության ապրանքների հիմնական մասը ներմուծվում է` պարենային անվտանգության ապահովումն անհրաժեշտ է, քանի որ գները շարունակելու են աճել: Հայաստանում հիմա ավելի շատ գները իջեցվում են կամ մի քիչ ցածր մակարդակում են պահպանվում ընկերական հարաբերությունների միջոցով: ԱԺ նախագահը վերջերս այդպիսի հայտարարություն արեց` բարի կամքի շնորհիվ է, որ Հայաստանում շաքարի գինը շատ չի բարձրացել: Բիզնեսմենի բարի կամքը պետք չէ, նա իր բիզնեսը պետք է անի, իսկ պետությունը գոնե պետք է ստեղծի այն միջավայրը, որտեղ բիզնեսմենը եւ փող աշխատի, եւ կարողանա գները կանխատեսելիության շրջանակում պահել: Գործիքներ շատ կան, որոնք պետք է աշխատեն խնդիրը կարգավորելու համար, բայց ոչ թե խնդրենք, որ գները չբարձրացնեն:

Պարենային ճգնաժամը հաղթահարելու առումով երեք կարեւոր ուղերձ պետք է հիշենք` - մենք այլեւս այն պարենային համակարգում չենք, ինչ որ անցյալում էր, - գների աճի դեմ պայքարում չպետք է խորտակենք բիզնեսը, թեկուզեւ այն մոնոպոլ պայմաններում է, պետք է գնաճի դեմ պայքարը ավելի մեղմ լինի, - դրան հասնելու համար ճիշտ մոտեցում պետք է ունենանք` ռազմավարական մոտեցում, ընկերական-բարեկամական հարաբերությունները չեն կարող այս դեպքում գործել:

Բանկի քաղաքականությունը, աջակցությունը ինչպիսի՞ն է նոր զարգացող երկրներին` այդ քաղաքականությունը մշակելու հարցում:

Վիգեն Սարգսյան - Այն ռազմավարությունը, որ ՀԲ-ն մշակեց 2009-12 թթ.-ի համար` խոցելիությունը մեղմելու նպատակով, եւ գումարներ տրամադրվեցին կարճաժամկետ եւ միջնաժամկետ ծրագրերի համար` չի փոխվելու: Բոլորս հույս ունեինք, որ, ըստ էության, ճգնաժամը կանցնի, տնտեսական աճը կվերականգնվի: Պարենային ճգնաժամը գլոբալ ճգնաժամի ֆինանսատնտեսական երկրորդ ալիքն է, որ միգուցե այն կանխատեսելի էր 5-6 տարի առաջ, բայց մենք չկանխատեսեցինք, ինչքան էլ բանկը զգուշացնում էր: Ըստ էության, Համաշխարհային բանկը նոր ռազմավարություն չի իրականացնելու առաջիկա երկու տարիներին, բայց այստեղ շատ ավելի կարեւոր է ոչ թե այն, թե բանկն ինչ է անելու, այլ թե Հայաստանն ինքն ինչ է անելու հենց գյուղատնտեսության ոլորտում մրցունակությունը խթանելու համար, որ շատ կարեւոր է` թեկուզ ելնելով այն իրողությունից, որ այդ պարենային զամբյուղի մեծ մասը բերվում է դրսից եւ մոնոպոլացված է: Սա մեզ համար շատ ավելի համապարփակ խնդիր է, քան ՀԲ-ի քաղաքականությունը: Բանկի քաղաքականությունը կարող է միտված լինել ավելի շատ մի ինչ-որ խավի վիճակը մեղմելուն, բարելավելուն, բայց գլոբալ առումով մեր ներքին խնդիրը սա չի կարող լուծել: Մենք պետք է գիտակցենք, որ նոր ժամանակներ են, տնտեսական աճի դարաշրջանն ավարտվեց: Այնուամենայնիվ, բանկը ներկայումս մի ծրագիր ունի գյուղատնտեսության ոլորտի համար, որը մարտի վերջին կներկայացվի Կառավարության հաստատմանը: Սա պիլոտային ծրագիր է, որով Հայաստանում մի վերջին անգամ կոոպերատիվների ստեղծման փորձ է արվելու: Ծրագրով նախատեսվում է 55 գյուղերում խթանել անասնապահությունը` ստեղծել պայմաններ կերի արտադրությունը, անասնաբուժական ծառայությունները բարելավելու, շուկա արտահանելու հետ կապված հարցերը լուծելու համար: Սա կլուծի սոցիալական, տնտեսական եւ բնապահպանական խնդիրներ: Բնապահպանականն այստեղ շատ կարեւոր է` այն կնպաստի արոտավայրերի պահպանմանն ու վերականգնմանը, չօգտագործված հազարավոր հա արոտավայրերի նպատակային օգտագործմանը: Գյուղացիներն իրենք են որոշելու, թե ինչ է անհրաժեշտ իրենց անասնապահությունը զարգացնելու համար:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter