HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեփականատերերն ու համատիրությունները պետք է իմանան իրենց իրավունքներն ու պարտավորությունները

Չնայած նրան, որ համատիրությունները բնակիչների կողմից կամավոր ստեղծված կառույցներ են և իրենց գործառույթներով հորիզոնական հարաբերություններ ունեն քաղաքապետարանի հետ, այդուամենայնիվ վարչական շրջան-համատիրություն փոխգործակցված աշխատանքը պարտադիր պայման է, նշել է Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հերթական աշխատանքային խորհրդակցության ժամանակ` անդրադառնալով համատիրությունների գործունեությանն ու խնդիրներին: Կարեն Կարապետյանը մեկ անգամ ևս շեշտել է, որ ողջ գործընթացը, սկսած գումարների հավաքագրումից մինչև արդյունավետ տնօրինում, պետք է վերահսկեն իրենք` շենքերի բնակիչները: Քաղաքապետն ընդգծել է, որ թերացումների զգալի մասի պատճառը մայրաքաղաքի շատ բազմաբնակարանների սեփականատերերի իրենց իրավունքների և պարտավորությունների մասին ոչ լիարժեք տեղեկացվածությունն է: Ուստի, հարկ է առավել ինտենսիվ աշխատանք տանել այդ ուղղությամբ, որպեսզի գործնականում այս դաշտում ունենանք շոշափելի արդյունք:
Անդրադառնալով Երևան քաղաքի հանրակրթության զարգացման 2011-2015 թթ. ծրագրին ու Երևանի հանրակրթության զարգացման նոր հայեցակարգին` քաղաքապետը կարևոր է համարել հանրակրթական դպրոցներում հոգաբարձուների խորհուրդների ձևավորումը, դպրոցներում էլեկտրոնային կայքերի ստեղծումը և մի շարք այլ խնդիրներ, որոնք պետք է հրատապ լուծում ստանան: Դպրոց մտնող յուրաքանչյուր կամավոր վճարում պետք է թափանցիկ ու հասկանալի լինի բոլորի համար. «Սա է խաղի կանոնները, որպեսզի  վերականգնվի վստահությունը դպրոցի և ուսուցչի հանդեպ, որովհետև այն այսօր ցածր մակարդակի վրա է»,- նշել է քաղաքապետը:
Քաղաքապետի կողմից դարձյալ խիստ և հետևողական վերահսկողության պահանջ է դրվել շինհրապարակների կազմակերպման համար սահմանված անհրաժեշտ նորմերն ու ժամկետները խախտած կառուցապատողների նկատմամբ. «Մենք կառուցապատողին, որն իր պարտականությունները չի կատարում, պետք է ենթարկենք վարչական պատասխանատվության: Եվ այս մոտեցումը պետք է կիրառվի անխտիր բոլոր խախտողների նկատմամբ»,- ասել է Կարեն Կարապետյանը:
Այս համատեքստում քաղաքապետը մեկ անգամ ևս ուշադրություն է հրավիրել տնտեսվարողների կողմից  վարձակալած տարածքների հարակից հատվածները բարեկարգելու և կանաչապատելու խնդրին` հավելելով, որ այս մասով ևս պարտադիր նորմերը չկատարող սուբյեկտները պետք է համապատասխան տույժի ենթարկվեն, ընդհուպ մինչև վարձակալության պայմանագրերի դադարեցում:  Տնտեսվարողները  պարտավոր են պահպանել սահմանված պարտադիր բարեկարգման նորմը և պայմանագրային պարտավորությունները: Այս առումով Կարեն Կարապետյանն առանձնացրել է նաև Հրազդանի կիրճի բարեկարգման ծրագիրը, որին պարտավոր են իրենց գործուն մասնակցությունն ունենալ նաև կիրճում գործող օբյեկտները:
Կարեն Կարապետյանը ուշադրություն է հրավիրել նաև վարչական շրջաններում գործող «Մեկ պատուհան» համակարգի ոչ բավարար վիճակին` հանձնարարելով կարճ ժամկետում խնդիրն այնպես կարգավորել, որ քաղաքացիների համար համակարգից օգտվելն առավել հարմար և արդյունավետ լինի:
Հանձնարարականների շարքում քաղաքապետն ուշադրություն է հրավիրել քաղաքի ընդհանուր բարեկարգման և մաքրման խնդիրներին` շեշտելով, որ այդ առումով նախ և առաջ անհրաժեշտ է գույքագրել առկա հնարավորությունները. «Որ հասկանանք` ընդհանրապես այդ ոլորտում ինչքան ներդրում է մեզ պետք»,- ընդգծել է  Կարեն Կարապետյանը:
Որպես բազիսային նյութ, քաղաքապետն ընդհանուր առմամբ դրական է գնահատել Երևան քաղաքի անձնագրի մոդելային տարբերակը և առաջարկել է համապատասխան առաջարկություններ ներկայացնել վերջնական տարբերակը ձևավորելու համար:
Քաղաքապետը հանձնարարել է շարունակել հետևողական վերահսկողությունը  մայրաքաղաքում գործող շուկաներում և ավտոշուկաներում անհրաժեշտ պայմանների, սանիտարական պատշաճ վիճակի ապահովման մասով:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և  հասարակայնության հետ կապերի վարչություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter