HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բանաստեղծական և պատկերային` «Մեր առաջին տարրը»

Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը մարտի 9-ին Հայաստանում Գերմանիայի Դաշնության դեսպանատան հետ համատեղ Բյուրոկրատ գրախանությում կազմակերպեց «Մեր առաջին տարրը» գրքի շնորհանդեսը: Դեռևս 2009 թվականի հոկտեմբերին «Արևորդի» երկրորդ միջազգային բնապահպանական փառատոնի շրջանակներում Հոլանդիայի Պրինց Քլաուսի անվան մշակույթի և զարգացման հիմնադրամի մեկնարկեց «Մեր առաջին տարրը. Կովկասյան ջուր» խորագրով տարածաշրջանային լուսանկարչական մրցույթը:

Լուսանկարչական մրցույթը նպատակ ուներ հասարակության ուշադրությունը սևեռել ջրի խնդիրներին, բարձրաձայնել դրանց մասին ամբողջ տարածաշրջանում, ինչպես նաև հնարավորություն ընձեռել հանրությանը` ծանոթանալու աստվածային պարգևի`մեր առաջին տարրի  զարմանահրաշ գեղեցկությանը: Մրցույթին մասնակցել են  լուսանկարիչներ Հայաստանից, Վրաստանից, Թուրքիայից, Իրանի Իսլամական Հանրապետությունից: Յուրաքանչյուր մասնակցի հնարավորություն է ընձեռնվել ներկայացնելու մինչև չորս աշխատանք ներառող լուսանկարների շարք: Մրցույթի ժյուրիի կազմը համալրել են  պրոֆեսիոնալներ  տարածաշրջանի հինգ երկրներից` Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն, լուսանկարիչ Զավեն Սարգսյանը, Բաթումիի Արտ Հաուս կինոփառատոնի տնօրեն, ռեժիսոր Գեորգի Գոգիբերիձեն, Թուրքիշմուն Ֆիլմ Յապինի տնօրեն, ռեժիսոր Այդին Քուդուն, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական Մոհամմադ Շաքիբան և ադրբեջանցի լրագրող Վաֆա Ֆարաջովան: Ջրի թեմային նվիրված լուսանկարների ցուցահանդեսը մեծ արձագանք ունեցավ ոչ միայն լուսանկարիչների, այլև բնապահպանական խնդիրներով հետաքրքրված կազմակերպությունների, անհատների շրջանում: Այն առանձնացավ թե իր գեղագիտական նշանակությամբ և թե հասարակական-սոցիալական: Որպես ինքնատիպ մրցույթի խորհրդանշական շարունակություն` Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը  հրատարակել է «Մեր Առաջին տարրը» խորագրով լուսանկարչական գիրք, որտեղ ոչ միայն ներկայացված է մրցույթին մասնակցած լուսանկարների ընտրանին, այլև զետեղված են Կովկասյան տարածաշրջանի ջրին նվիրված բանաստեղծություններ և առասպելներ: Այսօր Բյուրոկրատ գրախանութում կազմակերպված գրքի շնորհանդեսին ներկա էին լուսանկարիչներ, գրողներ, բնապահպանական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Բանաստեղծ Կարեն Անտաշյանն, ում «Էա» բանաստեղծությունը տեղ է գտել գրքում, նկատեց, որ գիրքը յուրօրինակ հարթակ է դարձել, որտեղ քաղաքականության մեջ երբեմն միմյանց հետ խնդիրներ և հարցեր ունեցող տարբեր հանրության ներկայացուցիչները համերաշխաբար համախմբվել են: Նա նաև հիշեց Էքզյուպերուն` մեջբերելով նրա խոսքերը. «Չի կարելի ասել, թե ջուրն անհրաժեշտ է կյանքի համար, այն հենց կյանքն է, ամենամեծ պարգևը»:

 Լուսանկարիչ Զավեն Սարգսյանն էլ, ողջունելով Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի  այսպիսի գիրք հրատարակելու գաղափարը, նախ կոչ արեց գաղափարն ընդլայնել` հաջորդիվ նույպես կազմակերպելով ավելի մեծ ցուցահանդեսներ, ապա կոչ արեց լուսանկարիչներին առավել ուշադիր լինել խոցելի թեմաների նկատմամբ և լուսանկարներով բարձրաձայնել դրանց մասին: «Բյուրոկրատում» էր նաև ՀՀ-ում Գերմանիայի դաշնային  հանրապետության դեսպանը` Հանս Յոհան Շմիդթը, ով ներկաների ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքին, որ այս  ձեռնարկը ոչ  միայն ողջունելի է գեղագիտական տեսանկյունից, այլև որ ամենակարևորն է`ըստ էության  հղում է մեր  հասարակությանը` բնական պաշարներին առավել հոգածությամբ վերաբերվելու: Հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանի կարիծիքով` գիրքը  ինչ-որ տեղ յուրահատուկ կամուրջ դարձավ տարածաշրջանում ապրողներիս համար` համախմբելով մեզ մեկ կարևոր գաղափարի շուրջ` բնությունը բոլորիս հարստությունն է, և մենք պատասխանատու ենք միմյանց առջև: Շնորհանդեսի ընթացքում նաև մրցանակներ հանձնվեցին հաղթողներին, ինչպես նաև Ռուբեն Խաչատրյանը հիմնադրամի անունից շնորհակալագիր տվեց Հանս Յոհան Շմիդթին: Նշենք, Ստեղծագործությունների հեղինակները գրողներ են ամբողջ տարածաշրջանից: Լուսանկարիչների և գրողների  անունները ներկայացված են ստորև: Նշենք, որ հիմնադրամը նաև ծրագրում է իրականացնել մրցույթում հաղթած լուսանկարների ցուցադրությունների շարք Կովկասյան տարածաշրջանի երկրներում:

Լուսանկարիչներ Արման Կարախանյան /Հայաստան/ Գեորգի Գոգաթիշվիլի /Վրաստան/ Մեհրդադ Օսկուեյ /Իրան/ Հակոբ Մաջարյան /Հայաստան-Ավստրալիա/ Հայկ Բարսեղյան /Հայաստան/ Անաստասիա Դանիելյան /Հայաստան/ Գայանե Մանուկյան /Հայաստան/ Սեդա Պապոյան /Հայաստան/ Վահան Ստեփանյան /Հայաստան/ Բուրաստան Գևորգյան /Հայաստան/ Նազիկ Արմենակյան /Հայաստան/ Գայանե Մանուկյան /Հայաստան/ Մանուկ Մանուկյան /Հայաստան/ Սոֆիա Նեմսիցվերիդձե /Վրաստան/ Գոհար Լալայան /Հայաստան/ Աննա Դավթյան /Հայաստան/ Հրաչ Ղազարյան /Հայաստան/ Արմինե Խաչատուրյան /Հայաստան/ Կարեն Ապոյան /Հայաստան/ Սերկան Թայկան /Թուրքիա/ Լիլի Ալթունյան /Հայաստան/ Հայկ Շալունց /Հայաստան/ Գևորգ Հովսեփյան /Հայաստան/

Բանաստեղծներ Կարեն Անտաշյան /Հայաստան/ Նուշին Նաբավի /Իրան/ Բեդիա Աքյուզ /Թուրքիա-Գերմանիա/ Արմինե Անդա /Հայաստան/ Դոստ Կորպե /Թուրքիա/ Թամար Մթվարելիդձե /Վրաստան/ Մուշֆիգ Բերմեկ /Վրաստան/ Օրանգ Գոլիխանի /Իրան/ Արտակ Կոլյան /Հայաստան/ Օրհան Փամուկ /Թուրքիա/

Ժյուրիի անդամներ ·    Զավեն Սարգսյանը - լուսանկարիչ, Սերգեյ Փարաջանովի անվան տուն-թանգարանի տնօրեն, Հայաստան ·    Մոհամմադ Շաքիբա, ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանության մշակույթի խորհրդական, Իրան ·    Գեորգի Գոգիբերիձե, ռեժիսոր, Բաթումիի Արտ Հաուս կինոփառատոնի տնօրեն, ·    Այդին Քուդու, ռեժիսոր, Թուրքիշմուն Ֆիլմ Յապինի տնօրեն, Թուրքիա ·    Վաֆա Ֆարաջովա, ադրբեջանցի լրագրող: Հաղթողներ ·    Էդգար Մարուքյան. սիրողական բաժնում խրախուսական մրցանակ, Հայաստան ·    Արմինե Խաչատուրյան. սիրողական բաժնում առաջին մրցանակ, Հայաստան ·    Սերկան Թայկան. պրոֆեսիոնալների բաժնում հատուկ մրցանակ, Թուրքիա ·    Սուրեն Մանվելյան. պրոֆեսիոնալների բաժնում առաջին մրցանակ, Հայաստան:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter