HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

4.000 հայկական հուշարձանի և հայերեն խոսող միակ հնդկահայի մասին

Հայկական գերեզմանատուն` չինական սրբավայրի տեսքով

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի 6 հոգանոց խումբը փետրվարի 8-ից մարտի 2-ն ուսումնասիրել է Հնդկաստանի հայկական հուշարձանները: Նախկինում ևս Հայաստանից խմբեր գնացել են Հնդկաստան, սակայն նման ուսումնասիրություն առաջին անգամ է արվում:

Խումբը չափագրել է թվով 10 բոլոր կանգուն եկեղեցիները, տեսել ու հաշվառել է մոտ 4.000 միավոր հուշարձան: «Այդ 4.000 հուշարձանը անմահացրինք 5.200 լուսանկարով: 90 %-ով, գուցե և ավելի մեզ հաջողվեց Հնդկաստանի հայկական հուշարձանները տեսնել»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի նախագահ Սամվել Կարապետյանը: Հնդկաստան ուղևորությունը 7 հազար եվրո է արժեցել: Մշակույթի նախարարությունը և անցյալ, և այս և առաջիկա 2 տարում տարեկան 60 մլն եվրո է հատկացնելու հիմնադրամին` արտերկրի հայկական հուշարձանները հաշվառելու և վկայագրելու համար: Հիմնադրամն ինքն է նախընտրել սկսել Հնդկաստանից: Նախատեսվում է, որ մեկ տարվա ընթացքում հիմնադրամը նախ կպատրաստի ֆիլմ, ապա կհրատարակի ծավալուն հատոր` Հնդկաստանի հայկական հուշարձանների վերաբերյալ: Աշխատելու օրերին արշավախմբին օգնել են Հնդկաստանում Հայաստանի դեսպան Արա Հակոբյանը, նրա օգնականները և հնդկահայերի հովիվ, Կալկաթայի հայոց մարդասիրական ճեմարանի կառավարիչ Հայր Խորենը:

Ավելի քան 20-ական մլն բնակչություն ունեցող քաղաքներում դժվար է հայկական հուշարձան գտնել: «Հայկական» բառը ոչինչ չի ասում հնդիկներին: Երբեմն հնդիկ տաքսիստները Armenia բառը շփոթում էին «army» (բանակ) բառի հետ և Սամվել Կարապետյանի խմբին առաջնորդում Առաջին և Երկրորդ աշխարհամարտերում զոհված բրիտանացի զինվորների գերեզմաններ: Խումբն այցելել է Հնդկաստանի բոլոր այն վայրերը, որտեղ եղել են հայկական գաղութներ: Երթուղին հետևյալն է եղել. մայրաքաղաք Դելի, նախկին մայրաքաղաք Ագրա, ավելի հարավ` Գվալյոր, այնուհետև` Վարանասի (նախկին Բենարես) և Կալկաթա: Կալկաթա քաղաքն ունի 3 հայկական եկեղեցի` Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Աստվածածին և մայր եկեղեցին` Սբ. Նազարեթը: Հայաշատ Կալկաթայում գործում է Հայոց մարդասիրական ճեմարանը, որն ունի հայկական թեքում: Ճեմարանում 90 հայ աշակերտ է սովորում, որոնք եկել են Իրանից, Իրաքից, Հայաստանից: Այնուհետև արշավախումբը եղել է Կալկաթայից հյուսիս գտնվող Չինսուրահ քաղաքում, Բանգլադեշի սահմանին գտնվող Մուշիդաբադ քաղաքին հարևան Սեյդաբադ գյուղում, այցելել է Հնդկաստանի հարավում գտնվող Հեյդարաբադ, Մադրաս, Կոչի, Մումբայ (Բոմբեյ) և վերջում` Սուրաթ քաղաք:

Արշավախմբի տեսած ամենահին հուշարձանը 1611 թվականով թվագրվող խաչքար է եղել Ագրայի հայկական գերեզմանոցում: 1600-ականների գերեզմանաքարեր կային նաև Սուրաթի գերեզմանոցում, Մադրասում և Կալկաթայի Սբ. Նազարեթ եկեղեցու բակում: Հնդկաստանի խաչքարերն ունեն պարզ հորինվածք և շատ տարբեր են դարի կտրվածքով մեր պատկերացրած ու ճանաչած խաչքարերից: Սամվել Կարապետյանի խոսքերով` հնդկահայ համայնքի հուշարձանների տեսականին շատ աղքատիկ է: Եղածները հիմնականում գերեզմանոցներ են` տապանաքարերով, նաև հազվագյուտ խաչքարերով, և եկեղեցիներ: Հայերը Հնդկաստանում ունեցել են նաև բնակելի տներ, դպրոցներ:

Բայց քանի որ 200 տարի է, այդ շենքերում հայեր չեն ապրում, դժվար է գտնել որևէ մեկի, ով կասի. «Այս շենքը հայկական է»: Գրեթե բոլոր եկեղեցիների շինարարական արձանագրությունները պահպանվել են: Ամենահին արձանագրությունները թվագրվում էին 17-րդ դարով: Հիմնականում 18-19-րդ դարի 1-ին կեսի արձանագրություններ են: «Հնդկաստանում և առհասարակ գաղթավայրերում մենք չենք ստեղծել այնպիսի մի արժեք, որ բնօրրանում ստեղծված նույնիսկ միջին կարգի մի հուշարձանի հետ համեմատվի: Գաղթավայրերը ազգային մշակույթի իմաստով ընկած են: Սրանք շատ ավելի ազդեցություններ են կրում: Մեր չափագրած 10 եկեղեցիները եթե չիմանաք, որ հայկական է, գլխի էլ չեք ընկնի, որ հայկական է: Արտաքին ձևերը ձեզ չեն հուշելու, որ սրանք հայ ճարտարապետության հուշարձաններ են: Կրում են ավելի եվրոպական, բրիտանական, կաթոլիկ եկեղեցու, նաև տեղային ազդեցություն»,- ասաց Սամվել Կարապետյանը: Նա հավելեց, որ Գվալյոր քաղաքի հայկական գերեզմանատունը նման է չինական սրբավայրի. հայ տապանատները չինական հատուկ տանիքներ ունեն, թեև ներսում շիրմաքարերը հայերեն արձանագրություններ ունեն (19-րդ դարի առաջին կես):

Խաչատուր Չաչան միակ հնդկահայն է, ով հայերեն է խոսում

«Փորձեցինք գտնել այն, ինչ պահպանվել էր: Հիշատակածս բոլոր քաղաքների շարքի մեջ այսօրվա դրությամբ հայեր ապրում են միայն Կալկաթայում` շուրջ 200 շունչ»,- ասաց Սամվել Կարապետյանը: Նրա խոսքերով` այդ 200 հնդկահայից (ոչ թե Հնդկաստան տեղափոխված իրանահայերից, իրաքահայերից կամ հայաստանցիներից) միակ մարդը, ով կարողանում է հայերեն խոսել, 80-ն անց մի ծերունի էր` Խաչատուր Չաչա անունով: Նրա երկու ծնողն էլ հայ է: Խաչատուր Չաչան ապրում է Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից հայկական ծերանոցում: «Իր լուսամուտից նայում էր Գրիգոր Լուսավորիչ եկեղեցուն կից գերեզմանոցին, արդեն տեղը ուներ ապահոված: Եվ ասում էր. «Հիմա այստեղից ես տեսնում եմ իմ տեղը, ուր որ պիտի ամփոփվեմ, և տեղը լավ եմ ընտրել, որովհետև այդտեղից էլ երևում է լուսամուտս»»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Հնդկաստանի հայերը հիմնականում խոսում են կամ անգլերեն, կամ հինդու լեզուներով: Սամվել Կարապետյանին զարմացրել է այն, որ Հնդկաստանի տարբեր նահանգների պետական լեզուն և գիրը տարբեր են: Տարբեր նահանգներում հնդիկները խոսում ու գրում են անգլերենով և հինդու լեզվի որևէ ճյուղով: Սուրաթի գերեզմանոցը բաժանված է 2 մասի` հայկական և գերմանական: «Գերմանական բաժնում կային դամբարաններ, որ իսկապես վեհաշուք էին, բայց գոնե մեկ արձանագրություն, մեկ տապանագիր ամբողջ այդ բաժնում չկար (եվրոպացի ժողովուրդ են, գիր, գրականություն, դպրություն, մշակույթ ունեցող): Մինչդեռ հայկական բաժնում ուղղակի հայերեն արձանագրությունները ծփում էին»,- ասաց Սամվել Կարապետյանը: Հնդկաստանի հայերի առաջին սերունդն է, սակայն, որ տապանաքարերն արձանագրում էր հայերեն: 18-րդ դարի 2-րդ կեսից և մանավանդ 19-րդ դարից հետո հայերեն արձանագրությունները պակասում են, սկսում են գերակշռել անգլերենը, պարսկերենը (քանի որ Հնդկաստանում հաստատված առաջին հայերը նորջուղայեցիներ էին): Կան թիֆլիսահայերի տապանաքարեր, որոնց արձանագրությունները հայերեն ու վրացերեն են:

Հնդկաստանի ոչ բոլոր քաղաքներում է, որ հայերը գերեզմանոց ունեն: Եկեղեցի չունեցող վայրերի հանգուցյալներին տեղափոխել են եկեղեցի ունեցող վայրեր: Օրինակ` քանի որ Վարանասի և Կոչի քաղաքները չունեն եկեղեցի, այդ քաղաքների հայ համայնքը գերեզմանոց ևս չի ունեցել: Սամվել Կարապետյանի խումբը Կալկաթայում էր, երբ իմացավ, որ Դելիում վախճանված մի հայ կնոջ Կալկաթա են տեղափոխել, որ այդ քաղաքի հայկական գերազմանատանն ամփոփեն: Դելիում մի քանի հայ է մնացել: Իսկ Հնդկաստանի հայկական եկեղեցիներ հաճախում են քրիստոնյա, հիմնականում կաթոլիկ հնդիկներ:

Մարդիկ քնում են տապանաքարերի կողքին

Սամվել Կարապետյանի խոսքերով` Հնդկաստանի հայկական հուշարձանները ընդհանուր առմամբ լավ վիճակում են և վտանգված չեն: Ինչ ստեղծվել է, կանգուն է: Հնդկաստանում, ինչպես և Իրանում, պետությունը պահպանում և նորոգում է հայկական հուշարձանները: Ագրայի և Սուրաթի գերեզմանոցները, Մադրասի եկեղեցին ու գերեզմանոցը պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում են: Վտանգված է միայն Դելիի հայկական գերազմանոցը, որտեղ ընտանիքներ են գիշերում: Այդ խնդրով Հայաստանի դեսպանը դիմել է Հնդկաստանի մշակույթի նախարարությանը և պատասխան ստացել, որ 1 մլրդ 200 մլն բնակչություն ունեցող Հնդկաստանում օրենք կա, ըստ որի` եթե մեկը մի քանի գիշեր, նույնիսկ առանց վրանի, քնել է ինչ-որ տեղ, ապա իրավունք է ձեռք բերում այդ հողի նկատմամբ: «Երևի այդտեղ մի 20 ընտանիք էին: Այդ մի քանի մետրի վրա միայն մահճակալներ են, ուրիշ բան չկա: Եվ մահճակալ, տապանաքար, տապանաքար, մահճակալ: Եվ ապրողի իրավունք: Այսինքն` մարդը պիտի ապրի: Տեղ չունի, ո՞ւր ապրի: Պետությունը այդ իրավունքը տվել է: Չեն քանդել, բայց տապանաքարն է, կողքը պառկում քնում են»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Հնդիկների ազգային հերոսների մեջ հայեր կան

Պորտուգալացիներից հետո հայերը երկրորդ քրիստոնյա ազգն են, որ հաստատվեցին Հնդկաստանում: Ի տարբերություն պորտուգալացիների, որոնք 16-րդ դարում իրենց ձեռքը վերցրին Հնդկաստանի ողջ ծովային առևտուրը` հայերը չբավարարվեցին միայն ծովափնյա քաղաքներով և մտան երկրի խորքերը: Այդ հայերը հիմնականում նորջուղայեցի առևտրականներ էին, որոնք հարմար համարեցին աշխատել Հնդկաստանում: Նրանց առաջին հանգրվանը ծովափնա Սուրաթ քաղաքն էր: Երկրում գործունեություն ծավալելու համար հարկավոր էր թագավորի թույլտվությունը: Այդ պատճառով Սուրաթից հետո հայերը հաստատվեցին թագավորի նստավայր Ագրայում:

«Ազատ առևտրի հետ կապված իրենց ամեն ցանկացածը թագավորից ստանալուց հետո արդեն տարածվեցին երկրով մեկ: 16-րդ դարից Սուրաթում և Ագրայում հայեր եղել են, և ամենահին 2 եկեղեցիները, որ արդեն 16-րդ դարում եղել են, հենց Ագրայի և Սուրաթի հայկական եկեղեցիներն են: Սակայն այսօրվա դրությամբ Հնդկաստանում և մասնավորապես այս 2 քաղաքներում թե այդ 2 եկեղեցիները չկան, և թե գերեզմաններ: Գոնե մեզ պատահածները այդ վաղեմությունը չունեին»,- ասաց Սամվել Կարապետյանը: Հնդկաստանի հայերը սեր էին վայելում հնդիկների շրջանում, քանի որ ազնիվ ճանապարհով էին հարստացել և չէին կեղեքել: Նրանք, հնդիկ ժողովրդի հետ միասին, պայքարել են Հնդկաստանը նվաճած բրիտանացիների դեմ: Այդ շրջանում հայերն իրենց առևտրական նավերը հարմարեցրել են ռազմական նպատակների և պայքարին մասնակցել ռազմական նավատորմիղով, որոշ հաջողություններ ունեցել: Բայց բրիտանացիները, Հնդկաստանի հարստությանը տիրանալու համար, կենտրոնացրել են այնպիսի ուժեր, որոնց հնդիկները չեն կարողացել դիմադրել և գաղութացվել են: Սամվել Կարապետյանն ասաց, որ նույնիսկ կան հայեր, որոնք գլխավորել են հնդիկների ազատագրական պայքարը և ստացել հնդիկ ժողովրդի ազգային հերոսի կոչում:

Հնդիկը կարծում է, որ հայերը տարօրինակ ժողովուրդ են

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը վաղուց էր ցանկանում ուսումնասիրել գաղթավայրերի հայկական հուշարձանները, սակայն դրան հերթ չէր հասնում. հիմնադրամը զբաղված էր ուղևորություններ կատարելով Արևմտյան Հայաստան, որը (չխոսած Փոքր Հայքի և Կիլիկիայի մասին) 7 անգամ ավելի մեծ է ներկայիս ՀՀ տարածքից:

Սամվել Կարապետյանի համոզմամբ` թեև առաջնային է պատմական Հայաստանի և ՀՀ-ի հուշարձանների ուսումնասիրությունը, սակայն Հայաստանի պատմությունը հնարավոր չէ ամբողջական ուսումնասիրել` առանց պատմական գայթավայրերի պատմության: Այդպիսի կարևոր գաղթավայրեր են Վրաստանը, Հյուսիսային Կովկասը` մինչև Աստրախան, Ղրիմը մինչև Կարպատներ, Նեղոսի հովիտը մինչև Եթովպիա կամ Հաբեշստան (Հաբեշստանում հայ վարդապետների քարոզների արդյունքում հաբեշների մի մասն ընդունել է Հայ առաքելական եկեղեցին և այդ գաղափարախոսության ներքո ստեղծել ուրույն մի մշակույթ): Այնուհետև շատ կարևոր են հայկական գաղթավայրերը Միջագետքում, Իրանում, Հնդկաստանում: Հետագայում հայերն ավելի են հեռացել դեպի հարավարևելք` Հնդկաչին, Ինդոնեզիայի կղզիները, հասել մինչև Նոր Զելանդիա և Ավստրալիա: Այս վերջին երկու երկրի գաղութները հիմնողների առաջին սերունդները Հնդկաստանից տեղափոխված հայերն էին: «Որքան հասկացա, հիացած չեք եկել Հնդկաստանից: Մենք սովոր ենք Ձեզ տեսնել հիացած` տարբեր վայրերից վերադառնալիս: Դուք ավելի՞ն էիք սպասում այնտեղից»,- Սամվել Կարապետյանին հարցրեց լրագրողներից մեկը:

Նա պատասխանեց, որ Նոր Ջուղայի հայերը Հնդկաստան գնացին Շահ Աբասի բռնագաղթի հետևանքով: Երբ նրանք հնարավորություն ունեին դուրս գալ Նոր Ջուղայից, ոչ թե տուն վերադարձան, այլ գնացին Հնդկաստան: Իսկ հայր Խորենը պատմել է, որ համայնքի անկման շրջանում շատ հնդկահայեր վաճառել են համայնքի ազգային կալվածքները, թեև դրա իրավունքը չունեին, և մեծ հարստություն ձեռք բերած` գնացել Ավստրալիա:

«Այսինքն` մենք կոչված էինք հավաքելու, պատմության համար ապահովելու հազարներով մարդկանց հիշատակներ, որոնք, ճիշտն ասած, ազգի իմաստով, չէին վաստակել անմահանալու իրավունք: Բայց մենք անմահացրինք, որովհետև մեր գործն է: Եվ դրա համար ուրախություն առանձնապես չեմ ապրում»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Նա շատ է ուզում, որ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամը գնա նաև Հաբեշստան` Նեղոսի գետաբերան, և ուսումնասիրի այնտեղի հայկական հուշարձանները: «Եգիպտահայ գաղութը հին է: Մենք Ալեքսանդրիայում և Կահիրեում ունենք եկեղեցիներ և գերեզմանատներ: Միայն մեկ անուն տամ` Համբարձում Երանյան: Երանյան վարժարանի հիմնադիր վանեցի այդ մարդը թաղված է Ալեքսանդրիայի գերեզմանոցում: Եվ շատ-շատ ուրիշ ազգային նվիրյալներ ունենք: Այ, ավելի խանդավառ կգնամ այս մարդկանց հիշատակները հավաքելու, լուսանկարելու և հասարակության փոխանցելու»,- ասաց Սամվել Կարապետյանը: Նրա խումբը Հնդկաստանի Չինսուրահ քաղաքի եկեղեցուն կից գերեզմանոցում տեսել է Արցախի Գյուլիստան գավառի իշխաններ Մելիք-Բեգլարյանների տոհմանական գերեզմանոցը:

Մի հնդիկ ասել է Սամվել Կարապետյանին. «Դուք տարօրինակ ժողովուրդ եք: Թագավոր ունեք` Փարիզում է թաղված, իշխաններ ունեք` Չինսուրահում են թաղված: Ձեր թագավորն ու իշխանները, ձեր պետությունը թողած, ինչի՞ մասին են մտածել, ո՞ւր են հանգրվանել, ինչի՞ համար»: «Հնդիկ է նկատում սա»,- ասաց Սամվել Կարապետյանը:

Հնդկաստանում արված լուսանկարները տրամադրել է Սամվել Կարապետյանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter