HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոսկան Սարգսյան

Իջեւանի ՏԻՄ ոլորտում ճգնաժամը շարունակվում է

«Հետքի» «Երբ արհամարհված է ՏԻՄ օրենքը» հոդվածին արձագանքեց տարածքային կառավարման նախարարությունը: Նախարարության վեբ-կայքում (www. region.am) այդ հոդվածի վերաբերյալ փետրվարի 11-ին տրվեց «Պարզաբանում»: Ներկայացնելով Իջեւանի տեղական ինքնակառավարման ոլորտում տիրող ճգնաժամը` նշվում է. «Ստեղծված իրավիճակը տարածքային կառավարման նախարարության ուշադրության կենտրոնում է, եւ նախարարությունը ներկայումս աշխատում է ՀՀ արդարադատության նախարարության հետ` գործող օրենսդրության շրջանակում խնդրի լուծումը գտնելու համար, ուստի հրապարակման մեջ արված եզրահանգումները, թե «ՀՀ Կառավարությունը շարունակում է աչք փակել այս ամենի վրա», տարակուսանք են առաջացնում եւ առնվազն տեղին չեն»: Հաջորդ օրը` փետրվարի 12-ին, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը, Տավուշի մարզպետարանում քննարկելով մարզի զարգացման ծրագրի կատարման ընթացքը, դրանից հետո, ըստ նախարարության վեբ-կայքի, «մարզպետ Արմեն Ղուլարյանի եւ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի հետ քննարկեց նաեւ Իջեւանի տեղական ինքնակառավարման մարմիններում ստեղծված իրավիճակը: Համայնքի ղեկավարին առաջարկվեց սահմանված կարգով հրավիրել ավագանու հերթական նիստ եւ դրա արդյունքներով դիմել մարզպետին` գործող օրենսդրության շրջանակում ավագանու նոր ընտրություններ կազմակերպելու համար»: Տեսնենք, թե ինչպես է կատարվել տարածքային կառավարման նախարարի այս «առաջարկը»: Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը մարտի 3-ին հրավիրել էր ավագանու նիստ, որի օրակարգում ընդգրկված էին քաղաքի 2011 թ. բյուջեի տարեկան եկամուտների եւ ծախսերի նախահաշիվը հաստատելու, Իջեւանի քաղաքապետարանի աշխատակազմի եւ ենթակա բյուջետային հիմնարկների եւ ոչ առեւտրային կազմակերպությունների հաստիքացուցակները եւ պաշտոնական դրույքաչափերը հաստատելու, «Իջեւանի բնակարանային տնտեսություն» եւ «Կամուրջ» փակ բաժնետիրական ընկերությունները լուծարելու, «Իջեւանի կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի հաշվեկշռում գտնվող հասարակական զուգարանը քանդելու մասին, Իջեւանի Սպիտակ ջուր արհեստական ջրամբարի խնդիրը եւ այլ հարցեր: Օրակարգի նախավերջին` 13-րդ հարցը վերաբերում էր ավագանու անդամներ Նիկոլ Ղալթախչյանի, Գրիգոր Դանիելյանի, Մհեր Մելիքսեթյանի եւ Սուրեն Մանուկյանի` ավագանու անդամությունից հրաժարվելու դիմումներին: Դա օրակարգի 13-րդ հարցն էր, թեեւ ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածով ավագանու անդամների լիազորությունները դադարեցվում են ավագանու նիստի սկզբին: Մեր տեղեկություններով, մարտի 3-ին Իջեւանի տուրիզմի կենտրոնում մեկնարկած նիստին ավագանու անդամներից ներկայացել է միայն քաղաքապետի հարազատ եղբայրը` «Իջեւանի բժշկական կենտրոն» ՓԲԸ տնօրեն Հրաչ Ներսիսյանը: Ավագանու նախորդ նիստին` այս տարվա փետրվարի 9-ին, 2 հոգի էին ներկայացել` Հրաչ Ներսիսյանը եւ քաղաքապետ Վ. Ներսիսյանի քարտուղարուհու քույր Նարինե Գրիգորյանը: Փետրվարի 9-ի նիստն էլ, քվորումի բացակայության պատճառով, չէր կայացել: Իջեւանի ավագանու վերջին նիստը տեղի է ունեցել 2009 թ. դեկտեմբերի 21-ին: Հիշեցնենք, որ ի սկզբանե` 2007 թ. դեկտեմբերի 16-ին, Իջեւանի ավագանին կազմավորվեց 13 հոգով` նախատեսված 15-ի փոխարեն: 2009 թ. հոկտեմբերի 6-ին ավագանու 8 անդամներ, դժգոհ լինելով քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի աշխատաոճից, պահանջել էին նրա հրաժարականը: Քաղաքապետ Ներսիսյանն էլ, ամենեւին մտադրություն չունենալով թողնել իր պաշտոնը, ավագանու նիստերից ոչ հարգելի բացակայության պատճառաբանությամբ դադարեցրեց ավագանու վերոհիշյալ 8 անդամներից 5-ի լիազորությունները: Ավագանու նշված 5 անդամները Վ. Ներսիսյանի այդ որոշումը բողոքարկեցին դատարան, սակայն դատարանը մերժեց նրանց հայցը: Դեռեւս 2009 թ. դեկտեմբերի 16-ին ավագանու անդամ Նիկոլ Ղալթախչյանը բնակության վայրը փոխելու, Երեւան մշտական բնակության տեղափոխվելու պատճառաբանությամբ հրաժարականի դիմում էր ներկայացրել: Սակայն Վ. Ներսիսյանը 5 օր անց` դեկտեմբերի 21-ի նիստում, այդ հրաժարականին ընթացք չէր տվել: 2011 թ. փետրվարի 12-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի կատարած առաջարկից շուրջ մեկ ամիս է անցել, սակայն «սայլը տեղից չի շարժվել»: Իջեւանի քաղաքապետը կրկին անտեսել է ՏԻՄ օրենքի 21-րդ հոդվածը, որով ավագանու անդամների հրաժարականն ընդունվում է նիստի սկզբին: Ավագանու նախորդ` փետրվարի 9-ի նիստի օրակարգում էլ ավագանու վերոհիշյալ 4 անդամների հրաժարականը օրակարգի 9-րդ հարցն էր: Ուրեմն ինչո՞ւ է արհամարհվում ՏԻՄ օրենքը: Այս տարվա աշնանը Իջեւանում պետք է կայանան հերթական ընտրությունները: Քաղաքապետ Վ. Ներսիսյանին առաջնահերթ անհրաժեշտ է հաստատել քաղաքի այս տարվա բյուջեն, որպեսզի ինքը կարողանա պաշտոնավարել մինչեւ աշուն: Ակնհայտ է, որ դրա համար ավագանու քվորում չի լինելու: Այդ դեպքում քաղաքապետարանի եւ դրա ենթակայության ներքո գտնվող հիմնարկությունների աշխատողները ինչպե՞ս են աշխատելու եւ ապրելու առանց աշխատավարձի: Բացի այդ, ավելի քան 20 հազար բնակիչ ունեցող Տավուշի մարզկենտրոնում բազմաթիվ այլ հարցեր կան, որոնք պետք է լուծվեն ավագանու որոշումներով: Ավագանու արտահերթ ընտրություններ անցկացնելու համար Կառավարությունը հարկադրված կլինի Իջեւանում ՏԻՄ ընտրություններ կազմակերպելու համար մի տարվա մեջ երկու անգամ ծախս կատարել` ավագանու արտահերթ եւ աշնանը` համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների համար: Սակայն դրա համար Հայաստանի պետբյուջեն այնքան էլ հարուստ չէ: Հիշեցնեմ, որ Իջեւանում ՏԻՄ նախորդ ընտրությունները նախատեսված էին 2008 թ. գարնանը: 2008 թ. մայիսի 12-ին Հայաստանում խորհրդարանական ընտրություններ տեղի ունեցան: Որպեսզի Իջեւանում ՏԻՄ ընտրությունները ժամկետային առումով չհամընկնեն ԱԺ ընտրությունների հետ, այն ժամանակ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը ինքնակամ հրաժարական ներկայացրեց: Այդ պատճառով Իջեւանում համայնքի ղեկավարի եւ ավագանու նախորդ ընտրությունները տեղի ունեցան արտահերթ` 2007 թ. դեկտեմբերի 16-ին: Միգուցե այս դեպքում էլ Իջեւանում համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրությունները տեղի ունենան միաժամանա՞կ: Այդ ընտրություններով կարող է վերջապես հանգուցալուծվել Իջեւանի ՏԻՄ ոլորտում տիրող թնջուկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter