HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

«Միակ բանը, որ ես այսօր տենչում եմ, արդարությունն է»,- ասում է նախկին ազատամարտիկը

Լեւոնը շոշափելով, բայց գիտի իր որդու հասակը... 1992 թ. փետրվարի 22-ն էր... Վեյսալու գյուղի ազատագրումը սկսեցին լուսադեմին: Գյուղի վերեւի սարերից հորիզոնում արեւի առաջին շողերի տակ փայլատակեց այդ տարվա առաջին ձյունը: Լեւոնը գյուղի վերեւում կանգնած հիանում էր իր առջեւ բացված տեսարանով: Եվս մի քանի րոպե, եւ սկսվեց փոխհրաձգությունը, ահա իր աչքի առջեւ մահանում է մարտընկերը, իսկ երկրորդ գնդակից Լեւոնն է վիրավորվում` գլխի հատվածում ստանալով միջանցիկ հրազենային վնասվածք. գնդակը աջ քունքից մտել է, ձախով` դուրս եկել: 1992 թ. փետրվարը ձյունառատ էր, եւ ուղղաթիռը կարողացավ օդ բարձրանալ միայն փետրվարի 29-ին. Լեւոնին տեղափոխեցին Երեւան` Հանրապետական հիվանդանոց: Նա ուշքի եկավ միայն մարտի 4-ին: Մարտի վերջին էլ նրան տեղափոխեցին Մոսկվայի Հերմհոլցի հիվանդանոց, որտեղ էլ վերջնական ախտորոշումը տվեցին: Բժշկուհին զննելուց հետո ներողություն խնդրեց Լեւոնից ու ասաց, որ բժշկությունը դեռ այնքան զորավոր չէ, որ կարողանա աչքի նյարդը «կպցնել»: 49-ամյա Լեւոն Կասյանը ծնվել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղում, այնուհետեւ Կասյանների ընտանիքը տեղափոխվեց Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնի, որտեղից էլ 1980 թ. հետ եկան Ղարաբաղ` հաստատվելով Մարտունի քաղաքում: «Շատերն ասում են, թե Արցախյան շարժումը սկսվել է 1988 թ. փետրվարին, այնինչ իրականում այն սկսվել է 1950-ականներին, սակայն շատ շուտ ճնշվել է ու նորից վերսկսվել միայն 1987 թ. հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին: Սկսվեց ստորագրահավաքով ու գյուղերով շրջելով, որտեղ մարդկանց բացատրում էինք, թե ինչը ինչոց է: Ժողովուրդը միակարծիք էր` պատմական սխալը պիտի ուղղվի ու իր բնականոն ընթացքը ստանա. հայը պիտի հայի հետ ապրի, այլ ոչ թե զոռով բնակեցված ադրբեջանցիների»,- ասում է Լ.Կասյանը: Լեւոնը շարժման սկզբում որպես օգնական էր հանդես գալիս` շարժման ակտիվիստներին պաշտպանելով ադրբեջանական հարձակումներից: Նա խոստովանում է, որ դեռ ամենասկզբում, երբ ընկերներով զրուցում էին, ինքն այն կարծիքին էր, որ հողի հարցը սեղանի շուրջ չի լուծվում: Ցույցերին ու միտինգներին հաջորդեցին թաղային հերթապահությունները, ապա նաեւ` զենք-զինամթերքի հայթայթման գործընթացը: «Մի մասը տեղի զինվորներից էինք գնում, մի մասը Հայաստանից էինք բերում մեր մարմնի վրա կապկպած, իսկ մի մասն էլ գյուղերից էինք հավաքում: Մինչեւ հիմա չեմ մոռանում, թե ինչպես գյուղերից մեկում մի տարեց մարդ լսելով, որ զենք ենք հավաքում, իսկույն կացինը վերցրեց ու տուն մտավ: Հետեւելով նրան` տեսանք, թե ինչպես կացնով պատը քանդեց ու միջից մի հին հրացան հանեց: Դա խոսում էր այն մասին, որ ժողովուրդը գիտեր, որ շարժում պիտի լինի ու այդ օրվա համար էին ժամանակավորապես մի կողմ դրել հրացանը: Ժողովրդական առած կա, ասում է` թուրքի հետ ընկերություն արա, բայց մահակը ձեռքիցդ վայր մի դիր»: Այն, որ գյուղերում (եւ ոչ միայն) մարդիկ կամավոր զենք ու զինամթերք էին հավաքում ու կամավորական ջոկատներին փոխանցում, Լեւոնի համար բնական երեւույթ էր, իսկ երեխաների արածն ուղղակի ապշեցրեց իրեն: Նրանք դպրոցում կարկանդակի համար ծնողների տված կոպեկները հավաքում էին ու փամփուշտ գնում ֆիդայիների համար: Լեւոնը վստահեցնում է, որ երեխաների մեջ «դուխով» տղաներ շատ կային, որոնց ֆիդայիները ««Ճ» գրուպա» էին ասում: Վերջիններս շարժման ամենասկզբում փորձում էին ամեն կերպ օգտակար լինել: Լ. Կասյանը պատմում է, որ սկզբնական շրջանում Մարտունու շրջանի դիրքերում էին հերթապահում, անհրաժեշտության դեպքում օգնության էին գնում Մարտակերտի ջոկատներին: «1991 թ. դեկտեմբերի 10-ին Մարտունու շտաբը տեղակայվեց քաղաքի նախկին ութամյա դպրոցի շենքում: Այդ ժամանակ էլ ով ինչ զինվորական հագուստ ուներ, հագավ ու դիրքեր գնացինք: Իսկ նրանք, ովքեր դիրքեր չէին կարողանում գնալ, գործիքներով եկան պատրաստակամ` խրամատներ փորելու: 1991 թ. արդեն ընկերներով ձեւավորված մի խումբ էինք: Ադրբեջանցիներից մի «ՈւԱԶ» էինք վերցրել, որով էլ դիրքերից դիրք էինք շարժվում»,- հիշում է ազատամարտիկը: Լեւոնը հավաստիացնում է, որ ամենադժվարը ոչ թե ընկերոջ մահը տեսնելն էր, որի հետ րոպե առաջ էիր ծիծաղում ու զրուցում, այլ մարտից հետո այն զգացողությունը, որ կարող էիր ինքդ նրա տեղը լինել: Այդ միտքը սկսում է ուղեղդ որդի պես ուտել, եւ մտքիդ մեջ կրկին ու կրկին տրվող հարցն է` ինչո՞ւ նա, ոչ թե ես: Պատերազմից անցել է 17 տարի, սակայն մարդիկ ուրախության, թե տխրության սեղանի շուրջ միշտ երրորդ բաժակով խմում են զոհվածների կենացը, որին հետեւում են պատերազմական պատմություններն ու հիշողությունները: Լեւոնի կարծիքով, դա բնական երեւույթ է, մարդկանց մոտ հետպատերազմական սինդրոմ է, իսկ օգնել կարող են միայն հոգեբանները: Լեւոնը պատմում է, որ վերջերս այդպիսի գիշեր չի լինում, որ մղձավանջներից քրտինքի մեջ կորած վեր չթռչի: Նա անընդհատ վերհիշում է պատերազմի ամենաթեժ պահերը, արյունը եռում է... Վստահեցնում է, որ սինդրոմի այդ դրսեւորումը կշարունակվի եւս 2-3 տարի, հետո կրքերը կհանգստանան 10-12 տարով: «Ես ամուսնացած էի, երբ ներգրավվեցի շարժմանը ու հիմա վստահ կարող եմ ասել, որ եթե մինչ այդ ամուսնացած չլինեի, դժվար թե հետո ընտանիք կազմեի: Հարցրու` ինչո՞ւ, ու ես քեզ կասեմ` որպեսզի որբ երեխաները քիչ լինեն: Առանց այդ էլ այսօր քիչ չեն որբ երեխաները»,- ասում է նա: Լ. Կասյանին մտահոգում է այն, որ այսօր ողջ մնացածները չեն կարողանում իրականացնել զոհված տղաների երազանքները: «Ինչո՞ւ այսօր զոհված ազատամարտիկի ընտանիքը տուն կառուցելու համար պիտի աճուրդի մասնակցի, տնամերձ հող գնի, տուն կառուցի եւ ընտանիք կազմի ու այդքանից հետո հայրենասեր զավակներ դաստիարակի: Բա էդ նույն տղայի հայրը չի՞ արյուն թափել այդ նույն հողի վրա, իսկ նա այսօր դրա դիմաց պիտի վճարի: Ես էլ եմ հողատարածք գնել որդիներիս համար ու վճարել եմ իմ երկու ամսվա թոշակը` 160 հազար դրամ, իսկ այդ երկու ամիսները ես ի՞նչ է` պիտի սոված նստե՞մ: Ու դեռ արդարանում են, իբրեւ մենք չնչին գումար ենք վճարում, հողատարածքի իրական գնի 25 տոկոսը, բայց դա արդարացում չի, եթե անգամ դա մի դրամ է»,- վրդովված ասում է Լեւոնը` հավելելով, որ պատերազմի տարիներին բոլորը եղբայրներ էին ու կիսում էին վերջին կտոր չոր հացն ու մի կում ջուրը: Ազատամարտիկը ցավով է խոստովանում, որ այսօր այդ ամենը մոռացվել է, որ մարդիկ հանուն պաշտոնի ու փողի մոռացել են ամեն ինչ: Այն հարցին, թե ինչու է այդպես, չէ՞ որ նույն մարդիկ են, Լեւոնն ասաց` կա իմաստուն մի խոսք` լավ է հարուստը հարստանա, քան` աղքատը, քանի որ վերջինս հարստանալով իրեն կորցնում է, չգիտի ինչ անել, ինքն իրենից զարմանում է: Դրա համար էլ նման մարդիկ, պաշտոն ստանալով, իրենց քթից այն կողմ չեն տեսնում: Հստակ գիտեն` այդ ամենը ժամանակավոր է, ուստի առաջին հերթին հոգում են իրենց կարիքները: Լ. Կասյանը երկրի ղեկավարների հետ բոլոր հանդիպումներին բարձրաձայնում է իրեն հուզող վերոնշյալ հարցերի մասին` ասելով` ես թեկուզ շոշափելով, բայց իմ որդու հասակը գիտեմ, իսկ ինչի՞ տեր են հիմա մեր զոհված եղբայրները: «Միակ բանը, որ ես այսօր տենչում եմ, արդարությունն է: Երբ մի երկրում մարդկանց շերտավորում են, դա մեծ վտանգ է ազգի համար»,- համոզված է ազատամարտիկը: Առաջին կարգի հաշմանդամ Լեւոն Կասյանն իր ընտանիքի ծախսերը հոգում է մոտ 80.000 դրամ թոշակով: Նա վստահեցնում է, որ այդ գումարով եթե չասենք` անհնար, ապա գոնե դժվար է ընտանիք պահել: «Շատ դժվար էր համակերպվել իրականության հետ ու փորձել հարմարվել իմ ներկա վիճակին ավելի շատ ու ավելի շուտ հոգեպես, քան ֆիզիկապես, այն էլ իմ ակտիվ կյանքից հետո: 5-6 տարի է, ինչ, կարելի է ասել, ինչ-որ կերպ հարմարվել եմ ու սովորել ինքնուրույն տեղաշարժվել միայն տանն ու բակում. դարպասից այն կողմ մի ուրիշ աշխարհ է, որտեղ առանց հարազատներիս օգնության կողմնորոշվելն անհնար է»,- ասում է Լեւոնը` ավելացնելով, որ հաճախակի է մարտական ընկերների ու իր բախտակից հաշմանդամների հետ շփվում հեռախոսով, տոն օրերին էլ հանդիպում են տոնական սեղանի շուրջ: ԼՂՀ սոցիալական ապահովության նախարարությունը վերջերս Լեւոնին կույր հաշմանդամների համար նախատեսված հատուկ համակարգիչ է տրամադրել, որը եւս արտաքին աշխարհի հետ շփվելու միջոց է: Խոսելով վերջերս ԼՂՀ ՊԲ-ում տեղի ունեցած միջադեպերի մասին` նա ասաց, որ ամեն ինչ երեխաների դաստիարակությունից է գալիս: Լեւոնն այն կարծիքին է, որ տղա երեխայի դաստիարակության 85 տոկոսը հոր բաժինն է, իսկ եթե տղայի հայրն օրերով դրսերում հազիվ հացի փող է փորձում վաստակել, դրանից տուժում է տղայի դաստիարակությունը, իսկ արդյունքում ունենք այն, ինչ ունենք: «Փետրվարի 22-ին լրացավ վիրավորվելուս 19 տարին, իսկ փետրվարի 23-ին ավագ որդիս ամուսնացավ, եւ մեզ համար մի նոր կյանք սկսվեց: Ասում են` աղջիկն ավելի քաղցր է հայրիկ բառն ասում: Եւ իրոք, ես այդ զգացի, երբ հարսս ինձ հայրիկ ասաց»,- անթաքույց ուրախությամբ ասաց Լեւոնը: Վիրավորվելուց հետո Լեւոն Կասյանը զորացրվեց որպես ավագ լեյտենանտ: Նա պարգեւատրվել է «Արիության», «Մարտական ծառայության», «Հայրենյաց պաշտպան» եւ «Մարշալ Բաղրամյան» մեդալներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter