HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

1 մլն վիրավորանքի, 2 մլն` զրպարտության համար

Բելլա և Սեդրակ Քոչարյանները պնդում են իրենց պահանջները «Ժամանակ» օրաթերթը մարտի 10-ին հրապարակել է Բելլա և Սեդրակ Քոչարյանների հերքումը, սակայն այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց «Բելա եւ Սեդրակ Քոչարյանները` ընդդեմ «Ժամանակ» օրաթերթի» գործով նախնական դատական նիստը: Հաշտություն չկնքվեց, և Քոչարյանների ներկայացուցիչները պնդեցին իրենց հայցի պահանջները: Քոչարյանների ներկայացուցիչ Արփինե Մելիքբեկյանը նշեց, որ հերքումը տառաչափով և ձևով չի համապատասխանում հերքման պահանջին, ավելին` հերքմանը կցված է խմբագրության մեկնաբանություններով մեկ այլ տեքստ. «Ըստ էության, հերքում որպես այդպիսին չի տրվել, որովհետև մի շարք խախտումներով է հրապարակվել: Եվ հիմա հանգում ենք մի իրավիճակի, երբ պատասխանողը շարունակում է նույն ոճով շարունակել իր գործունեությունը, և որևէ փոփոխություն, այսինքն` հերքմանն ուղղված որևէ քայլ այստեղ արձանագրել հնարավոր չէ, և գտնում եմ, որ դատաքննությունը ենթակա է շարունակման»,- հիմնավորեց Արմինե Մելքբեկյանը: Դատարանը նշեց, որ հայցապահանջի մեջ նշված հերքումը, ըստ էության արդեն կատարվել է, այդ ապացույցն արդեն ներկայացվել է դատարան: «Ժամանակ» օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իրենք, ինչպես խոստացել էին, հրապարակել են հերքման այն տեքստը, որն ուղարկվել է խմբագրություն,  սակայն թե ինչը պիտի հերքեն, այդպես էլ պատասխանող կողմի համար պարզ չէ, քանի որ հերքման տեքստում նույնպես չեն նշվել այն փաստերը, որոնք չեն համապատասխանում իրականությանը, զրպարտություն են և վերավորանք: Քոչարյանների մյուս ներկայացուցիչը` Սարգիս Գրիգորյանը նշեց, որ պատասխանող կողմը կարող էր արձագանքել, որ հերքման այդ տեքստը իրենց կողմից ընդունելի չէ: Ավելին, օրաթերթը մարտի 1-ին նոր հոդված է հրապարակել, որտեղ շարունակում է նույն վիրավորանքն ու զրպարտությունը` կապված Քոչարյանների ներգրավվածությանը տարբեր բիզնեսներում: «Այսինքն` շարունակական գործողություն է գնում տվյալ դաշտումը, որը, կարծում եմ, անընդունելի է մեր համար»,- նշեց Ս. Գրիգորյանը: Արմինե Մելիքբեկյանն ընթերցեց երեք հոդվածների վիճահարույց պարբերությունները, որոնք, ըստ հայցվորների, զրպարտություն են և  արատավորել են Բելլա և Սեդրակ Քոչարյանների բարի համբավը: Հատվածները վերաբերում են Բելլա Քոչարյանի` դեղորայքի բիզնեսում ներգրավված լինելուն, ինչպես նաև այն փաստին, որ Քոչարյանների ընտանիքին է պատկանում «911» դեղատների ցանցը, ու հենց նրանք են հովանավորում դեղերի շուկայում գործող «Քոմսթար», «Լիկվոր» եւ «Ֆարմատեքս» ընկերություններին: Բացի վերոնշյալից, ըստ Ա. Մերիքբեկյանի, զրպարտություն է այն տեղեկությունը, որ Քոչարյաններն ադամանդի հանքեր ունեն Նամիբիայում, իսկ վերջերս Սեդրակ Քոչարյանը նմանատիպ հանք է ձեռք բերել Հնդկաստանում, և բեռնափոխադրումներով զբաղվող «Սպայկա» ընկերության «մեջքին կանգնած է» Սեդրակ Քոչարյանը: «Քոչարյանների սիրտը հերքում է ուզում» հոդվածը, ըստ Քոչարյանների ներկայացուցչի, կրկնում է նախկին հոդվածներում հնչած մտքերը, ընդ որում` վերջին հոդվածը թերթը հրապարակել  է Քոչարյանների` հերքում տպագրելու խնդրանքից հետո: Հայցվորների ներկայացուցիչները 6 մլն դրամի պահանջը հիմնավորեցին հետևյալ կերպ. օրաթերթը 1 մլն դրամ պետք է հատուցի հասցրած վիրավորանքների համար, 2 մլն դրամը` զրպարտության, իսկ մնացած 3 մլն դրամը իրավունքի վերականգնմանն ուղղված ծախսերն են: Դատավորի հարցին, թե ինչու են առավելագուն շեմը վերցրել փոխհատուցման համար, Արմինե Մելիքբեկյանը նշեց, որ առաջնորդվել են Քաղ. Օր.-ի 1087 հոդվածով, որը վիրավորանքի համար նախատեսում են նվազագույն աշխատավարձի մինչև հազարապատիկը փոխհատուցման չափ, իսկ զրպարտության դեպքում` նվազագույն աշխատավարձի մինչև երկուհազարապատիկը: «Մեր վստահորդները պահանջում են առավելագույն չափ, հաշվի առնելով, որ ըստ էության նրանք այնպիսի տեղեկատվություն և այնպիսի հասարակական հնչեղություն են ստացել, որ այլ կերպ գնահատել հնարավոր չէ: Այսինքն` բովանդակային և խստության, ձևակերպումների առումով այլ կերպ գնահատել հնարավոր չէ, և հիմք է ընդունվել հենց վերևի շեմը»,- պարզաբանեց Արմինե Մելիքբեկյանը: Թեև գումարի պահանջում վիրավորանքն ու զրպարտությունը առանձնացված են, սակայն տեքստում որն է վիրավորանքը, որը` զրպարտություն, հայցվոր կողմն այդպես էլ չտարանջատեց` չնայած օրաթերթի ներկայացուցիչ Նիկոլայ Բաղդասարյանի համառ ջանքերին: «Վիրավորանքն ու զրպարտությունը կոմպլեքս երևույթ է»,- ասաց Սարգիս Գրիգորյանը և պարզաբանեց, որ եթե զրպարտել է, ուրեմն դրանով նաև վիրավորել է, և իրենք դա միասին են դիտարկում: 3 մլն դրամ փաստաբանական ծախսերի վերաբերյալ բոլոր փաստաթղթերը հաջորդ նիստին հայցվոր կողմը կներկայացի դատարան: Հաջորդ նախնական դատական նիստը նշանակվեց մարտի 23-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter