HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«ԵԱՀԿ-ն դիակ է..., Ռուսաստանը` կարգավորման ֆասիլիտատոր», - ասում է ռուս քաղաքագետ Դմիտրի Պոլիկանովը

Ճապոնիայում բնական աղետները վերջինը չեն: Ավելի ու ավելի հաճախ  տեղի ունեցող երաշտներով, ցունամիներով, հրաբխային ժայթքումներով բնությունը, կարծես, մարդկանց մղում է միասնաբար լուծելու գլոբալ խնդիրները:

«Շատ օգտակար է գլոբալ էկոլոգիական հատուկ նշանակման ուժերի կամ փրկարար ծառայության ստեղծման գաղափարը, այն արդեն վաղուց փորձում է առաջ մղել նաեւ Ռուսաստանի Արտակարգ իրավիճակների նախարարությունը»,- «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ընթացքում հայտարարեց «Անվտանգության ինդեքս» միջազգային ամսագրի փոխխմբագիր, քաղաքագիտության դոկտոր, «Եդինայա Ռոսիա» կուսակցության Գործադիր հանձնաժողովի նախագահի խորհրդական Դմիտրի Պոլիկանովը:

Չկան օպերատիվ արձագանքման միջազգային մեխանիզմներ Ըստ Դ. Պոլիկանովի` արաբական երկրների իրադարձությունները եւս մեկ անգամ ցույց տվեցին, որ անվտանգության համակարգերը (ՄԱԿ, Մեծ ութնյակ, G-20, ՆԱՏՕ) այլեւս  արդյունավետ չեն: Ոչ ոք չէր պատկերացնում, թե ինչպես պետք է արձագանքել արաբական անկարգություններին, սկսվեցին անվերջ խորհրդակցությունները: Սա նշանակում է, որ ըստ էության չկան օպերատիվ արձագանքման մեխանիզմներ:

Այս առումով արժե հիշել Ռուսաստանի առաջարկած Եվրոպական անվտանգության դոկտրինի մասին: Սակայն, քանի որ այն նույնպես կոնկրետությամբ չի առանձնանում, դեռ հնարավոր չէ կիրառել ոչ արաբական արեւելքում, ոչ էլ Կովկասում: Միակ բանը, որ նրան ուրախացնում է, բոլոր տարածաշրջաններում ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի միջեւ ավանդական դիմակայության մարումն է: Դ. Պոլիկանովի գնահատմամբ`  «ԵԱՀԿ-ն, մեծ հաշվով, քաղաքական դիակ է»:

Այս կազմակերպության «դժվար մահը» պայմանավորված է բյուրոկրատական իներցիայով` «կա բյուջե, կան գործունեությունը կանոնակարգող բազմաթիվ նորմատիվ փաստաթղթեր, կա նաեւ մտածելակերպի իներցիա: ԵԱՀԿ ողջ աշխատանքը գործնականում հանգում է հումանիտար զամբյուղի բավական ուրույն հատվածին` ընտրություններին դիտորդական առաքելություններին: Մնացածը պարզապես օդի ցնցում է: Այսօր ԵԱՀԿ-ն եվրասիական մասշտաբի ԱՊՀ է, մի հարթակ, որտեղ հարմար է հանդիպել, ետնաբեմում որոշ հարցեր քննարկել: ԵԱՀԿ-ն սկզբունքորեն նախատեսված չէ խնդիրների լուծման համար՚:

Առհասարակ, ավելի պակաս կազմով անվտանգության զուգահեռ գործող կազմակերպություններն (ՀԱՊԿ, ՆԱՏՕ, կենտրոնասիական միություններ եւ այլն) առայժմ լուրջ հաջողություններ չեն բերել: Ի՞նչ անել Ժամանակակից գլոբալ խնդիրներին համարժեք արձագանքելու ճանապարհը, Դ. Պոլիկանովի համոզմամբ, նոր կառույցի ստեղծումն է` ներկայումս առկա համակարգերից ավելի լայն ներկայացուցչական կազմով, օպերատիվ միջամտության իրավասություններով մշտապես գործող մարմնով, համապատասխան փրկարարական, խաղաղապահ եւ այլ ստորաբաժանումներով: Մարմին, որը կզբաղվի եւ հակամարտություններով, եւ հումանիտար աղետներով: Դրա ստեղծման համար նախեւառաջ պետք է հաղթահարել բոլորի «ազգային էգոիզմը»: Լուրջ սպառնալիքների, փոփոխությունների դեպքում է դա հնարավոր:

«Պատմությունը ցույց է տալիս, որ դա կարող է լինել կամ ռեալ պատերազմի վտանգը, կամ անկայուն ռեժիմների, ահաբեկիչների կողմից միջուկային-հրթիռային հարվածի սպառնալիքը, կամ միլիոնավոր փախստականների հոսքը: Մի տարբերակ էլ կա` եվրոպացի առաջնորդներից մեկի խարիզման, որն իր հեղինակությամբ կարող է մյուսներին մղել նման կառույցի ստեղծմանը»,- ասաց նա` հավելելով, որ գուցե 5-10 տարի հետո բոլորը հանգեն դրան:

Թուրքիան Ռուսաստանի գործընկերն է, Հայաստանը` դաշնակիցը Մարտի 15-16-ին Թուրքիայի վարչապետ Ռ. Էրդողանի Ռուսաստան կատարած պաշտոնական այցի առիթով Դ. Պոլիկանովը հայտնեց, որ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները «պարզ գործընկերային են», ոչ ռազմավարական: Չնայած այն բանին, որ այցը տեղի է ունենում միջազգային բավական անհանգիստ իրավիճակում, բանակցությունների հիմնական մասը նվիրված է լինելու տնտեսական հարցերին:

«Ինչ վերաբերում է Ռուսաստան-ՆԱՏՕ համագործակցությանը, ապա կարեւոր է ունենալ Թուրքիայի աջակցությունը»: Սակայն սկզբունքային հարց կա, թե Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդում որքանո՞վ է Թուրքիան պատրաստ պաշտպանելու ռուսաստանյան դիրքորոշումը (Հակահրթիռային պաշտպանության համակարգերի շուրջ ընթացող բանավեճերում - Լ.Բ.):

Դ. Պոլիկանովը համոզված է, որ «Ալյանսի հետ դաշնակցային կապերը Թուրքիայի համար ավելի կարեւոր են, քան Մոսկվայի հետ «ռազմավարական» գործընկերությունը»: Ռուս-թուրքական հարաբերությունները երբեք չեն զարգանալու ի հաշիվ ռուս-հայկական հարաբերությունների: «Հայաստանը մեր հին եւ փորձված դաշնակիցն է, սա նույնիսկ չի էլ քննարկվում»,- ասաց նա:

Պատերազմելն արդեն «մոդայիկ չէ» «Մենք չենք պարտադրում կողմերին գնալ փոխզիջումների, այլ մեր սեփական բնակարանում կլոր սեղանի շուրջ հրավիրում ենք կողմերին, որպեսզի նրանք կարողանան ինչ-որ բանի շուրջ համաձայնության գալ: Սա ավելի շատ ֆասիլիտատորի, քան թե պայմաններ թելադրող միջնորդի դեր է»,- այսպես բնութագրեց Դ. Պոլիկանովը ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ռուսաստանի` Մինսկի խմբից առանձին ջանքերը:

Նա հուսով է, որ բանը «հռետորաբանական սաստկացումից եւ մկանային խաղից» այն կողմ չի գնա: «Վերջ ի վերջո, երկու երկրների ղեկավարները հասկանում են, որ պատերազմը քայքայիչ է տնտեսության համար, անհեռանկարային է հակամարտության կարգավորման առումով: Վերջապես, պատերազմելն արդեն «մոդայիկ չէ», ժամանակակից միջազգային հարաբերություններում անբարեկիրթ տոն է համարվում»:

Դ. Պոլիկանովի հետ հարցազրույցն ամբողջությամբ` «Կովկասի լրագրողների ցանցում» (www.caucasusjournalists.net):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter