HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Իջեւանի քաղաքապետարանն ընդդեմ «Հետաքննող լրագրողների»

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը` կրկին «ձայն բարբառոյ յանապատի»

2001 թ. հունվարի 25-ին Հայաստանի Հանրապետությունը դարձավ Եվրոպայի խորհրդի լիիրավ անդամ, որով այդ կառույցի առջեւ ստանձնեց մի շարք պարտավորություններ' այդ թվում նաեւ անդամակցություն ստանալու պահին Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի (ՄԻԵԿ) ստորագրման եւ անդամակցություն ձեռք բերելուց հետո մեկ տարվա ընթացքում ՄԻԵԿ-ի վավերացման պարտավորություններ: Մեր պետությունը վավերացրել է ՄԻԵԿ-ը 2002 թ. ապրիլի 26-ին: ՄԻԵԿ-ի 46-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն' բարձր պայմանավորվող կողմերը պարտավորվում են կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) վերջնական վճիռներն իրենց մասնակցությամբ վեճերով:

Բացի այդ, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի Rec(2004) 5 հանձնարարական-առաջարկության 3-րդ կետով առաջարկվում է, որ անդամ պետություններն իրենց իրավական համակարգում կոնվենցիան կյանքի կոչեն ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո: Հետեւելով այս առաջարկությանը' ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասը եւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի 4-րդ մասն ամրագրում են. «Որոշակի փաստական հանգամանքներ ունեցող գործով վճռաբեկ դատարանի կամ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատական ակտի հիմնավորումները' այդ թվում օրենքի մեկնաբանությունները, պարտադիր են դատարանի համար' նույնանման փաստական հանգամանքներով գործի քննության ժամանակ, բացառությամբ այն դեպքի, երբ վերջինս ծանրակշիռ փաստարկների մատնանշմամբ հիմնավորում է, որ դրանք կիրառելի չեն տվյալ փաստական հանգամանքների նկատմամբ»:

Պետք է փաստել, սակայն, որ Հայաստանի Հանրապետության դատարանների գերակշիռ մեծամասնությունը շարունակում է անուշադրության մատնել ՄԻԵԿ-ի դրույթները եւ ՄԻԵԴ-ի' այդ դրույթները մեկնաբանող բազում կարեւորագույն սկզբունքներ (American Bar Association, Rule of Law Initiative, Judicial Reform Index for Armenia, Volume III, January 2008.): Ասվածի վառ ապացույցն են «Իջեւանի քաղաքապետարանն ընդդեմ «Հետաքննող լրագրողների» քաղաքացիական գործի մոտ 2 տարի տեւած դատաքննության ընթացքում բոլոր 3 ատյանների դատարանների կայացրած դատական ակտերը:

Հիշեցնենք, որ 2008 մայիսին «Ազգ» օրաթերթում եւ «www.hetq.am» ինտերնետային կայքում տեղադրված հրապարակման կապակցությամբ Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանն իր եւ քաղաքապետարանի անունից հայց էր ներկայացրել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան' պահանջելով պարտավորեցնել ՙՀետաքաննող լրագրողներին՚ հերքելու իր պատիվը եւ արժանապատվությունը, ինչպես նաւ իր եւ Իջեւանի քաղաքապետարանի գործարար համբավն արատավորող տեղեկությունները եւ փոխհատուցել կրած փաստաբանական ծախսերը:

Դատարանն իր վճռով մերժել էր հայցը, որից հետո Վարուժան Ներսիսյանը բողոքարկել էր վճիռը ՀՀ վերաքննիչ դատարան: Վերջինս բավարարել էր վերաքննիչ բողոքը: «Հետաքննող լրագրողներն» այնուհետեւ վճռաբեկ բողոք էին ներկայացրել ՀՀ վճռաբեկ դատարան, որը, սակայն, վերադարձվել էր: Այսպիսով' գործն ուղարկվել էր ընդհանուր իրավասության դատարան' նոր քննության: Իր 2010թ. հուլիսի 9-ի վճռով Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն այս անգամ բավարարել էր հայցը: «Հետաքննող լրագրողների» վերաքննիչ բողոքը մերժվել էր, իսկ դրան հետեւած վճռաբեկ բողոքը' վերադարձվել:

Այս քաղաքացիական գործով բոլոր 3 ատյանների դատարանների կողմից կայացված դատական ակտերի ամենահպանցիկ քննությունը ցույց է տալիս, որ առնվազն խոսքի ազատության ոլորտում մեր դատարանները հետեւողականորեն անտեսում են ՄԻԵԿ-ը եւ վերջինիս դրույթները մեկնաբանող' ՄԻԵԴ-ի սկզբունքները: Այսպես' գործի առաջին քննության ժամանակ թեեւ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում վկայակոչել էր Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի 1-ին մասով երաշխավորված' յուրաքանչյուրի արտահայտվելու ազատության իրավունքը, հետագայում այն ընդհանրապես չէր անդրադարձել նույն հոդվածի 2-րդ մասին:

Մինչդեռ, 10-րդ հոդվածի 2-րդ մասն է, որ սահմանում է այն հիմքերը, որոնց առկայությամբ միայն անհատի արտահայտվելու ազատության իրավունքը կարող է սահմանափակվել: ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումն ընդհանրապես որեւէ հղում չէր պարունակում ՄԻԵԿ-ին եւ ոչ էլ արտահայտվելու ազատության բնագավառում ՄԻԵԴ-ի կողմից սահմանված ընդհանուր սկզբունքներին: Նույնպիսին էր նաեւ ՀՀ վճռաբեկ դատարանի մոտեցումը:

Գործի նոր քննության ժամանակ պատկերը նույնն է: Թեեւ ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում վկայակոչում է մի շարք միջազգային փաստաթղթեր, այդ թվում' Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, Կոնվենցիան եւ նույնիսկ «Հիմնարար իրավունքների մասին» Եվրոպական Միության խարտիան, այն այդուհանդերձ, ընդհանրապես որեւէ անդրադարձ չի կատարում Հայաստանի Հանրապետության կողմից վավերացրած Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ մասի դրույթներին եւ ոչ էլ ՄԻԵԴ-ի համապատասխան նախադեպերին:

Հարց է, թե որքանով է դատարանն ընդհանրապես տեղյակ, որ «Հիմնարար իրավունքների մասին» Եվրոպական Միության խարտիան Հայաստանի Հանրապետության համար ունի զուտ ուղենիշի արժեք' պարտադիր լինելով միայն Եվրոպական Միության անդամ հանդիսացող պետությունների համար: Դատարանի այն պնդումը, որ Խարտիան «ապահովվում է» Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական Միության միջեւ կնքված «Գործընկերության եւ համագործակցության մասին» համաձայնագրի դրույթներով, կասկած չի թողնում ԵՄ-ի իրավական ակտերից' մեր դատարանի լիակատար անտեղյակության հարցում:

Վերաքննիչ դատարանն, իր հերթին, «լրջագույն» փիլիսոփայական խորհրդածություններով փորձում է բացահայտել «պատիվ», «արժանապատվություն» եւ «գործարար համբավ» հասկացությունների էությունը: Այսպես' «պատիվը անհատի հասարակական գնահատականն է, քաղաքացու որոշ հոգեւոր եւ սոցիալական հատկանիշները: Այն մարդու համար հանդիսանում է այնպիսի բարիք, ինչպիսին է իր կյանքը, առողջությունը եւ ազատությունը: Մարդն, ով գնահատում է իր պատիվը, հավասարեցնում է այն իր բարի համբավին եւ խղճին»: Կամ' ՙքաղաքացու պատիվն ու արժանապատվությունը, ինչպես նաեւ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործարար համբավն անխզելիորեն կապված են իրավունքի հետ...»:

Թե ինչ ասել է «ֆիզիկական եւ իրավաբանական անձանց գործարար համբավի անխզելի կապվածություն իրավունքի հետ» չեմ էլ համարձակվում վերլուծել: Կբավարարվեմ այն փաստի արձանագրմամբ, որ իրավափիլիսոփայական մտքի այս անհաս սլացքի կողքին չենք գտնում ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի դրույթների անգամ մակերեսային վերլուծություն:

ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի մասին ընդհանրապես խոսելն ավելորդ է: ՀՀ վճռաբեկ դատարանն իր հերթին հիմնավոր է համարում վերաքննիչի որոշումը: Մինչդեռ ՄԻԵԿ-ի դրույթների եւ ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի լույսի ներքո տվյալ գործը չվերլուծելն այն առաջին լուրջ սխալն է, որի վրա կենտրոնանալու է ՄԻԵԴ-ը, եթե «Հետաքննող լրագրողները» որոշեն գանգատ ներկայացնել ՄԻԵԴ:

Վերադառնալով բուն գործին, կփորձեմ կատարել այդ վերլուծությունն ինքս: Եվ այսպես' 2008 թ. մայիսի 20-ին «Ազգ» օրաթերթի ներդիրում տպագրվել է Ոսկան Սարգսյանի «Ում գրպանն են մտնում ավազահանքի փողերը» հոդվածը, որտեղ մասնավորապես նշվել է. «Դիլիջան քաղաքում ընթացող շինարարության համար այստեղ ավազ տեղափոխող վարորդը վկայեց, որ լճից մի մեքենա ավազ վերցնելու համար 8.000 դրամ են վճարում, ավելի մեծ տարողությամբ մեքենա բեռնելու համար մինչեւ 20.000 դրամ է պահանջվում: Ովքե՞ր են այս ջրամբարի հարստությունից օգտվողները, որոնք լիճը տիղմից մաքրելու պատճառաբանությամբ, անօրինական չհարկվող մեծ եկամուտներ են ստանում:

Մեր ունեցած տեղեկությամբ' այս բիզնեսը գտնվում է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո: Այն պաշտոնապես ճշտելու համար 2007 թ. հոկտեմբերին լճից ավազի արդյունահանման կապակցությամբ նամակով դիմեցինք Տավուշի մարզի դատախազություն...»: 2008 թ. մայիսի 26-ին նույն թեմայով տեղեկություններ են տեղադրվել նաեւ www.hetq.am ինտերնետային կայքում:

Հիշյալ հոդվածները կարդացած անձանց համար դժվար չէ տեսնել, որ դրանք ընդհանրապես որեւէ ուղղակի կամ անուղղակի անդրադարձ չեն պարունակում Իջեւանի քաղաքապետարանին: Բացի այդ, չի կարելի չհամաձայնել «Հետաքննող լրագրողների» վերաքննիչ բողոքի այն պնդման հետ, որ ՀՀ օրենսդրության համաձայն' իրավաբանական անձի կարգավիճակ ունի համայնքը' գյուղական կամ քաղաքային, այլ ոչ թե' քաղաքապետարանը կամ գյուղապետարանը:

Վերջինս ոչ այլ ինչ է, եթե ոչ' համայնքի ղեկավարի աշխատակազմ, որին, ըստ կազմակերպության փաստաբան Վահե Գրիգորյանի, իրավաբանական անձի կարգավիճակ վերագրելն ակնհայտորեն շփոթ կարող է ստեղծել ՙհամայնքի ղեկավար», «համայնք», «իրավաբանական անձ», «տեղական ինքնակառավարման մարմնի աշխատակազմ» հասկացությունների միջեւ: Հետեւաբար, հայցը չի կարող վերաբերել Իջեւանի քաղաքապետարանի գործարար համբավի արատավորմանը:

Հարկ է նշել նաեւ, որ պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմիններին' լրագրողների դեմ այսօրինակ քաղաքացիական գործերով հայցվոր չճանաչելը համահունչ է նաեւ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի դիրքորոշմանը, որով ԵԽԽՎ-ն հորդորել էր Ռուսաստանի Դաշնությանը վերացնել լրատվամիջոցների եւ լրագրողների դեմ այդ մարմինների, օրինակ' տարբեր նախարարությունների, վարչությունների եւ այլ պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հայցեր հարուցելու հնարավորությունը' հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջիններս չեն կարող ունենալ արժանապատվություն, պատիվ կամ հեղինակություն:

Ըստ այդմ' ԵԽԽՎ-ն հորդորել էր Ռուսաստանի Դաշնության իշխանություններին փոփոխությունների ենթարկել իր օրենդրությունը եւ արգելել այդ մարմիներին պաշտպանել իրենց «հեղինակությունը» քաղաքացիական հայցվորի կարգավիճակով' միեւնույն ժամանակ չարգելելով նրանց այդ անելու որպես այդ մարմինների պաշտոնատար անձինք (Report on the Honouring of Obligations and Commitments by the Russian Federation, adopted by the Monitoring Committee to the Parliamentary Assembly of the Council of Europe (doc. 10568, 3 June 2005)):

Անտեսելով վերաքննիչ բողոքի այս բոլոր պնդումները' ՀՀ վերաքննիչ դատարանը գործը երկրորդ անգամ քննելիս եկել է այն ցնցող եզրահանգման, որ հրապարակումը վերաբերում է «եւ քաղաքապետ Վ. Ներսիսյանին' որպես պաշտոնատար անձ (համայնքի ղեկավար) եւ հետեւաբար անմիջականորեն Իջեւան քաղաքային համայնքին»:

Դատարանը հրապարակումը վերաբերելի է համարել նաեւ Իջեւանի քաղաքապետարանին այն պատճառաբանությամբ, որ «վերջինս' ի դեմս Իջեւանի համայնքի ղեկավար Վ. Ներսիսյանի, իրականացնելով տեղական ինքնակառավարում հանդես է գալիս համայնքի անունից եւ գործում է ի շահ նրան»: Նույն տրամաբանությամբ' իր գործարար համբավն արատավորված համարելու դեպքում ՀՀ Ազգային ժողովի պատգամավորը կարող է հայց ներկայացնել ոչ միայն իր, այլեւ իր ընտրազանգվածի, ՀՀ վարչապետը' գործադիր իշխանության, իսկ ՀՀ Նախագահը' պետության անունից:

Ինչ վերաբերում է ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածին, ապա այդ հոդվածի համաձայն'

«1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը' առանց պետական մարմինների միջամտության եւ անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին' սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների եւ պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձեւականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով եւ անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում' ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես եւ այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով»:

ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի 2-րդ մասից պարզ է դառնում, որ անձի արտահայտվելու ազատությունը կարող է սահմանափակվել, եթե միջամտությունը «նախատեսված է օրենքով», ծառայում է հոդվածում թվարկված «օրինական նպատակներից» մեկին, տվյալ դեպքում' անձի «հեղինակությունը պաշտպանելուն» եւ «անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»: Այս վերջին պայմանը պահանջում է, որպեսզի ՄԻԵԴ-ը որոշի, թե արդյո՞ք գանգատի առարկա միջամտությունը բխում է «հրատապ հասարակական կարիքից՚, արդյո՞ք այն համաչափ է իր առջեւ դրված «օրինական նպատակին», եւ արդյո՞ք իշխանությունների կողմից միջամտության արդարացման նպատակով առաջ քաշված պատճառները «տեղին եւ բավարար են» (Sunday Times v. the United Kingdom (no. 1), մաս 62): Սույն քաղաքացիական գործով կայացված դատական ակտերը ակնհայտորեն չեն բավարարում ինչպես երկրորդ (վերեւում արդեն իսկ խոսվեց այս մասին' կապված Իջեւանի քաղաքապետարանի հայցվորի կարգավիճակի հետ), այնպես էլ' երրորդ պայմանները:

Այսպես' ՄԻԵԴ-ը բազմիցս շեշտել է, որ. «Արտահայտվելու ազատությունը ժողովրդավարական հասարակության լրջագույն հիմքերից է, նրա առաջընթացի եւ յուրաքանչյուր մարդու զարգացման նախապայմանը: ... Այն տարածվում է ոչ միայն այնպիսի «տեղեկությունների կամ գաղափարների» վրա, որոնք դրականորեն են ընդունվում կամ վիրավորական չեն, այլեւ այնպիսիների, որոնք վիրավորական են, ցնցող կամ անհանգստացնող պետության կամ հասարակության որեւէ հատվածի համար: Այդպիսին է բազմակարծության, հանդուրժողականության եւ լայնախոհության թելադրանքը, առանց որի չի կարող լինել «ժողովրդավարական հասարակություն» (Handyside v UK, No 5493/72, էջ 49):

Բացի այդ, քաղաքական խոսքի կամ հանրային շահին առնչվող հարցերի քննարկումների սահմանափակումները պետք է լինեն խիստ նեղ (Sürek v Turkey, No 26682/95, մաս 61): Ավելին, քաղաքական կամ հասարակական գործիչները, որոնց թվին ՄԻԵԴ-ը դասում է նաեւ համայնքների ղեկավարներին ու ավագանու անդամներին (Lombardo and Others v Malta, Application no. 7333/06, Dabrowski v Poland, Application no 18235/02:), պետք է առավել հանդուրժողական լինեն քննադատության հանդեպ, քան մասնավոր անձինք, քանի որ «ի տարբերություն վերջիններիս' հասարակական գործիչը գիտակցաբար ընդունում է, որ իր յուրաքանչյուր խոսք կամ արարք կարող է լուրջ քննության առիթ հանդիսանալ լրագրողների կամ լայն հանրության համար եւ պետք է, հետեւաբար, դրսեւորի հանդուրժողականության ավելի մեծ աստիճան» (Lingens v Austria, No 9815/82, Ù³ë 42): ՄԻԵԴ-ի կարեւորագույն սկզբունքներից մեկն էլ այն է, որ լրագրողական ազատությունը ներառում է նաեւ չափազանցության, նույնիսկ պրովոկացիայի որոշակի աստիճան (Prager and Oberschlick v Austria, Ù³ë 38): Արտահայտվելու ազատության խախտումներին վերաբերող գործեր քննելիս ՄԻԵԴ-ը մշտապես առավել մեծ պաշտպանություն է վերապահում լրատվամիջոցում արտահայտված սուբյեկտիվ կարծիքին, քան' փաստական մեղադրանքին, քանի որ, ըստ Դատարանի, սխալ է ակնկալել, որ սուբյեկտիվ կարծիքն առհասարակ հնարավոր է արդարացնել նվազագույն փաստական հիմքից զատ մեկ այլ բանով (Schwabe v Austria, No 13704/88, De Haes v Belgium Application no. 19983/92, Lingens v. Austria no. 103, p. 28, § 46.):

Իր երկարատեւ գործունեության ընթացքում ՄԻԵԴ-ը քննել է նույնանման փաստական հանգամանքներով մի քանի գործեր, որոնց սկզբունքները վստահաբար կիրառելի են նաեւ այս գործի շրջանակներում: Դրանցից են Ֆիլիպովիչն ընդդեմ Սերբիայի, Սոկոլովսկին ընդդեմ Լեհաստանի, Լոմբարդոն եււ այլք ընդդեմ Մալթայի, Դաբրովսկին ընդդեմ Լեհաստանի, Դյուլդինն ու Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի, Կարմանն ընդդեմ Ռուսաստանի, Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի եւ այլն: Արժանահիշատակ է, մասնավորապես, Ֆիլիպովիչն ընդդեմ Սերբիայի գործը (Filipović v Serbia, No 27935/05), որի շրջանակներում ՄԻԵԴ-ը քննության էր առել մի հարկային տեսուչի դիմում, որը հասարակական հավաքի ժամանակ Սերբիայի փոխվարչապետի ներկայությամբ հրապարակավ հայտարարել էր, որ Բաբուչինայի քաղաքապետը «ճիշտ մարդ չէ իր պաշտոնի համար», քանի որ նա «արդեն իսկ յուրացրել է 500 000 գերմանական մարկ», չնայած այն հանգամանքին, որ ներպետական դատարանները որեւէ մեղադրական դատավճիռ չէին կայացրել քաղաքապետի նկատմամբ:

Այս գործում հարկային տեսուչի արտահայտվելու ազատության իրավունքի խախտում հայտնաբերելիս ՄԻԵԴ-ը հիմնվել էր իր իսկ կողմից սահմանված մի շարք սկզբունքների վրա' այդ թվում այն, որ դիմումատուի քննադատության թիրախը քաղաքապետն է, որը հասարակական գործիչ է, որ ներպետական դատարանի կողմից սահմանված փոխհատուցման չափը հավասար էր դիմումատուի վեց ամսվա վարձատրությանը, եւ որ հստակորեն դիմումատուն ուներ միանգամայն օրինավոր պատճառ' հավատալու, որ քաղաքապետը, թերեւս, խուսափել է հարկեր վճարելուց, եւ որ այս մեղադրանքն անհիմն անձնական հարձակում չէ քաղաքապետի վրա:

Ուշադրության արժանի է նաեւ Սոկոլովսկին ընդդեմ Լեհաստանի գործը, որը վերաբերում էր մի լեհ քաղաքացու արտահայտվելու ազատության սահմանափակմանը: Քաղաքացին մեղադրվել էր քաղաքական բնույթի բուկլետ բաժանելու մեջ, որի մեջ սուր քննադատության էին արժանացել Վոդզիսլաու համայնքի ավագանու անդամները, որոնք գաղտնի քվեարկությամբ իրենք իրենց ընտրել էին տեղական ընտրությունների ընտրական հանձնաժողովներում: Քննադատության հեղինակը դարձյալ որեւէ աղբյուր կամ ապացույց չէր վկայակոչել: Ավագանու անդամներից մեկը մեղադրել էր նյութի հեղինակին զրպարտության մեջ, եւ ներպետական դատարանները մեղադրական դատավճիռ էին կայացրել: ՄԻԵԴ-ը, սակայն, ճանաչել էր դիմումատուի արտահայտվելու ազատության ոտնահարումը' համարելով, որ բուկլետը վերաբերում է հանրությանը հետաքրքրող եւ մտահոգող հարցերի, այն է' համայնքի ավագանու անդամների կողմից իրենց լիազորությունների իրականացման ընթացքում կատարված որոշ անթույլատրելի արարքների:

Համաձայն ՄԻԵԴ-ի նախադեպային իրավունքի' խոսքի ազատության իրավունքի սահմանափակումները քննության առնելիս ներպետական դատարանները պարտավոր են գնահատել վիճարկվող հոդվածների ձեւակերպումները' պարզելու, թե արդյոք դրանցում խոսքը գնում է փաստերի, թե գնահատողական դատողությունների մասին: Ռուսաստանի Դաշնության դեմ ՄԻԵԴ-ի կողմից կայացված մի շարք վճիռների, այդ թվում' Դյուլդինն ու Կիսլովն ընդդեմ Ռուսաստանի, Կարմանն ընդդեմ Ռուսաստանի, Գրինբերգն ընդդեմ Ռուսաստանի գործերում ՄԻԵԴ-ը մանրազնին վերլուծության էր ենթարկել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական օրենսգրքի 152-րդ հոդվածը, որի համաձայն. «Քաղաքացին իրավունք ունի դատարանով պահանջել հերքելու իր պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավն արատավորող տեղեկությունները, եթե նման տեղեկություններ տարածած անձը չապացուցի, որ դրանք համապատասխանում են իրականությանը»: Առաջին հայացքից դժվար չէ նկատել, որ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 19-րդ հոդվածի 1-ին մասը (նախքան 2010թ. մայիսի փոփոխությունները) տառացիորեն կրկնում է վերոհիշյալ հոդվածը:

Իր վերլուծության արդյունքում ՄԻԵԴ-ը գտել էր, որ Ռուսաստանի Դաշնության դատական մարմինները, դիմումատուների հրապարակումներում օգտագործած բոլոր ձեւակերպումները դիտել են որպես փաստեր' առանց նույնիսկ քննության առնելու դրանց' գնահատողական դատողություններ, այն է' կարծիք լինելու հնարավորությունը: Ռուսաստանի դատարանների կողմից այդ վերլուծությունը չկատարելու պատճառը Եվրոպական դատարանը համարել է ՌԴ քաղաքացիական օրենսգրքում կիրառվող «տեղեկություններ» («сведение») եզրը, որը հնարավորություն չի տվել տարբերակում կատարել փաստերի եւ գնահատողական դատողությունների միջեւ: Ըստ այդմ' Ռուսաստանի Դաշնության դատարանները հանգել են այն եզրակացության, որ քաղաքացիական գործերում բոլոր այդօրինակ «տեղեկությունների» համապատասխանությունն իրականությանը ենթակա է ապացուցման (Dyuldin and Kislov v Russia, Application no. 25968/02, para 47, Grinberg v Russia, Application No. 23472/03, para 28-29, Karman v Russia, Application no. 29372/02, para 38.):

Մինչդեռ ՄԻԵԴ-ը բոլոր հիշյալ գործերը քննելու արդյունքում հրապարակումներում օգտագործված ձեւակերպումները համարել է գնահատողական դատողություններ' պնդելով, որ «Դատարանը մշտապես այն կարծիքին է եղել, որ մինչ փաստերի առկայությունը կարելի է ցույց տալ, գնահատողական դատողությունների իրականությանը համապատասխանելու հարցը ապացուցման ենթակա չէ: Գնահատողական դատողությունն ապացուցելու պահանջն անհնար է իրականացնել եւ այն խախտում է կարծիքի ազատությունը, որը 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքի հիմնարար մասերից է» (Lingens v Austria, Application no. 9815/82, para 46, Grinberg v Russia, Application No. 23472/03, para 30. ):

«Հետաքննող լրագրողների» վերաքննիչ բողոքում վկայակոչված այս եւ այլ գործերը նույնպես վերաքննիչ դատարանը մատնել է կատարյալ անուշադրության եւ ընդհանրապես չի անդրադարձել այն հարցին, թե որքանով կարող են հրապարակման' խնդրո առարկա ձեւակերպումները դիտվել որպես փաստեր կամ գնահատողական դատողություններ:

Մինչդեռ' «Ազգ» օրաթերթի եւ www.hetq.am ինտերնետային կայքի' հիշյալ հրապարակումն իրականում գնահատողական դատողություն է եւ ունի միանգամայն արդարացված փաստական հիմք: Առաջին' կողմերը չեն վիճարկում այն հարցը, որ լճից կատարվող ավազահանությունն ապօրինի է:

Դատարանում հայցվորը նշում է, որ իր կողմից Իջեւանի ներքին գործերի բաժին դիմումներ են ներկայացվել, որով պատկան մարմինները տեղեկացվել են «Սպիտակ լճից» ապօրինի ավազահանության մասին: Հոդվածի հիմնական ուղերձը, այսպիսով, ոչ թե կոնկրետ անձի հասցեին զուտ մեղադրանք հնչեցնելն է, այլ, առավելապես, հանրությանը մտահոգող հիմնախնդիրը' ապօրինի ավազահանության հարցը քննարկելը: Եթե ավազահանությունն ապօրինի է, ապա հստակորեն դրանից շահույթ են ստանում մեկ կամ մի քանի անհատներ կամ կազմակերպություններ, սակայն' ոչ համայնքը կամ պետությունը: Հոդվածի վերնագիրը եւ բուն հոդվածը, ըստ այդմ, հարցադրումներ են պարունակում. «Ու՞մ գրպանն են մտնում ավազահանքի փողերը» եւ «Ովքե՞ր են այս ջրամբարի հարստությունից օգտվողները, որոնք լիճը տիղմից մաքրելու պատճառաբանությամբ անօրինական, չհարկվող մեծ եկամուտներ են ստանում»:

Այն պնդումը, որ «բիզնեսը գտնվում է Իջեւանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի վերահսկողության ներքո», ավելի շատ սուբյեկտիվ կարծիք է, քան փաստական մեղադրանք: Ամեն դեպքում, այն զուրկ չէ բավարար փաստական հիմքից' վարորդի կողմից տրամադրված տեղեկությունները, Տավուշի մարզի դատախազությանն ուղարկված հարցումը, «Սպիտակ լճի» աշխարհագրական դիրքը' Իջեւան քաղաքի վարչական սահմաններում, ինչպես նաեւ քաղաքապետ Վերուժան Ներսիսյանի պաշտոնավարման տարիների ընթացքում ապօրինի ավազահանության շարունակական բնույթը: Եվ, վերջապես, այս գործում որոշիչ է նաեւ այն, որ տեղեկատվությունը տարածվել է 2 լրատվամիջոցի կողմից: ՄԻԵԴ-ը բազմիցս նշել է, որ իր սահմանած սկզբունքները վերաբերում են ցանկացած արտահայտության, սակայն դրանք ավելի քան խստորեն պետք է պահպանվեն լրատվամիջոցների եւ նրանց ներկայացուցիչների նկատմամբ, որոնք կատարում են «հանրային հսկող շան» գործառույթ' տեղեկություններ հաղորդելով հանրությանը, վերջինիս շահերին վերաբերող ցանկացած հարցի շուրջ :

Վերոգրյալի լույսի ներքո հայցը ենթակա էր մերժման: Կարծում եմ, որ Մարդու իրավունքների դատարան դիմելու դեպքում, վերջինս անպայմանորեն կճանաչի «Հետաքննող լրագրողների» խոսքի ազատության խախտման փաստը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter