HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ժամանակակից մանկական գրքի նկարազարդումը` Գերմանիայում

Այսօր Խնկո Ապոր անվան մանկական գրադարանում տեղի ունեցավ «Ժամանակակից մանկական գրքի նկարազարդումը Գերմանիայում» (Zeitgenossische Bilderbuchillustration in Deutschland)  ցուցահանդեսի բացման արարողությունը: Ցուցահանդեսը մեկնարկեց Հայաստանում Գերմանիայի փոխդեսպանի, գրադարանի ղեկավարության, Երևանի գեղագիտական ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Լևոն Իգիթյանի և  գերմանացի ու հայ  արվեստագետների անմիջական մասնակցությամբ:

Ցուցահանդեսի կայացումը Գերմանիայի Գյոթեի անվան ինստիտուտի և Խնկո Ապոր անվան գրադարանի համագործակցության արդյունքն է` Գերմանիայի դեսպանատան և ՀՀ մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո:

Գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի ողջույնի խոսքից հետո Գյոթեի ինստիտուտի ներկայացուցիչ Յուլիա Կրամերը խոսեց նկարազարդման արվեստի տարածման, Գյոթեի ինստիտուտի և Խնկո Ապոր անվան մանակական գրադարանի համագործակցության մասին և կարևորեց  գրադարանում գործող գերմանական ընթերցասրահի գործունեությունը:

«Եթե մենք բոլորս ուզում ենք պահպանվենք`գերմանացիներ, հայեր թե իսլանդացիներ, պետք է գնանք Մոցարտի, Կոմիտասի, Դյուրերի, Սարյանի, Պիկասսոյի ետևից: Նման միջոցառումների միջոցով պետք է հասկանանք, որ մեզ միացնող հոգևոր արժեքները շատ ավելի կարևոր են քան նավթը կամ ավտոմեքենաները»,- ասաց Լեւոն Իգիթյանը:

 Գրադարանի երեք հարկերի պատերին փակցված են շուրջ մեկ տասնյակից ավելի գերմանացի նկարազարդող արվեստագետների պատկերազարդումների հնգական լավագույն նմուշները: Պատկերազարդումները պատկանում են թե' նշանավոր գերմանացի արվեստագետների, թե' ավելի երիտասարդ հեղինակների: Նրանց թվում են`Վոլֆ Էլբրուխը, Աքսել Շեֆլերը, Ֆիլիպ Վեխթերը, Յուտտա Բաուերը, Յակի Գլայխը, Նիկոլաուս Հայդելբախը, Սիբիլլե Հայնը, հանրաճանաչ Յանոշը և այլոք:

Հեղինակներից յուրաքանչյուրն իր նկարազարդումների մեջ կիրառել էր յուրահատուկ ոճ: Պատկերները ամբողջովին արտահայտում են գերմանական նկարազարդման արվեստի հմայքը, տեղ-տեղ հումորով ներկայացված լրջությունը, պատկերների ուսուցողական բնույթը, վառ գույներով  ներկայացված մարդկային թերությունները և կյանքի անկատարությունը բարի խրատական միջավայր են ստեղծում առավելապես երեխաների երևակայության համար:

Ցուցահանդեսը շրջել է ողջ աշխարհը և այժմ հանգրվանել Երևանում: Այստեղ այն կտևի շուրջ մեկ ամիս`մինչև հոկտեմբերի 28-ը:

Ռաֆայել Արամյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter