HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Թուրք լրագրող. «Եթե Հայաստանը փոքր ձուկ լիներ, մենք այն արդեն կերել էինք»

Թուրք քաղաքագետ Մենսուր Ակգյունը մի անգամ հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ առիթ էր ունեցել ասելու, թե իր նշանակությամբ եւ ներկայացրած հետաքրքրությամբ Հայաստանը Թուրքիայի համար փոքր ձուկ է: Երբ այս մասին հարցրինք «Today's Zaman» («Այսօրվա ժամանակ») թուրքական անգլալեզու թերթի բիզնես լուրերի խմբագիր Մուստաֆա Էդիբ Յիլմազին, վերջինս նկատեց. «Եթե այդպես լիներ, մենք այն արդեն կերած կլինեինք»: 

Յիլմազը շատ այլ մասնագետների հետ համամիտ է, որ սահմանների բացման դեպքում Հայաստանը չի կարող շատ մեծ դեր խաղալ Թուրքիայի տնտեսական կյանքում: Սակայն մյուս կողմից, ըստ խմբագրի, Հայաստանը առաջատար է որոշ ապրանքների արտադրման ոլորտում, նմանատիպ վիճակում է նաեւ Թուրքիան այլ ասպարեզներում: Այս առումով երկու երկրները կարող են փոխլրացնել միմյանց: Նրա կարծիքով՝ Թուրքիայի տնտեսության ամենամեծ ձեռքբերումը կլինի այն, որ սահմանների բացումից եւ հարաբերությունների հաստատումից հետո կխնայվի շատ մեծ ինտելեկտուալ էներգիա, որն այսօր ծախսվում է՝ առկա խնդրի լուծման ճանապարհներ գտնելու համար: Սա ակնհայտ է, բայց թե կոնկրետ ինչ կարելի է անել նպատակին հասնելու համար, Յիլմազի կարծիքով, պետք է պատասխանեն նախագահները: 

«Anadolu kultur» կազմակերպության ղեկավար Օսման Քավալան էլ կարծում է, որ սահմանի բացումը ինչ-որ հրաշքի չի հանգեցնի, սակայն անչափ կարեւոր է մասնավորապես առեւտրի ու տուրիզմի զարգացման տեսանկյունից: Քավալան խնդրի լուծման հետեւյալ «ճանապարհային քարտեզն» է առաջարկում. կարելի է սահմանը ժամանակավոր փակ պահել, սակայն մինչ դրա վերջնական բացումը պետք է հաստատել երկկողմ դիվանագիտական հարաբերություններ: Դա էլ իր հերթին կարելի է անել դեսպանությունների համատեղության ձեւով. այսինքն՝ Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը կարող է համատեղել աշխատանքը նաեւ ՀՀ-ի հետ, իսկ, օրինակ, Հունաստանում ՀՀ դեսպանությունը նույնը անել Թուրքիայի հետ: Օ. Քավալան կարծում է, որ դեպքերի նման աստիճանական զարգացման դեպքում Ադրբեջանը ի զորու չի լինի վիժեցնել հարաբերությունների հաստատումը: 

Ստամբուլի Բահչեշեհիր համալսարանի տնտեսական եւ հասարակական հետազոտությունների կենտրոնի (Betam) փորձագետ Զյումրյութ Իմամօղլուն ասում է, որ զարմացել է, երբ այս հունիսին այցելել է Հայաստան ու իմացել, որ Թուրքիան սահմանը փակելուց զատ արգելել է նաեւ Հայաստանից ներկրումը: «Առեւտուրն ու տնտեսական հարաբերությունները երկրների միջեւ խաղաղության համար կարեւոր պայման են: Կարծում եմ, որ եթե հաստատենք տնտեսական հարաբերություններ, ավելի խաղաղ տարածաշրջան կունենանք»,- նշում է փորձագետն ու հավելում, որ Հայաստանի ազդեցությունը թուրքական տնտեսության վրա կարտահայտվի երկրի արեւելյան շրջաններում այդ ոլորտի զարգացմամբ: Իմամօղլուն օրինակ է բերում վրացական սահմանը, որն իր նշանակալի դերն ունի, օրինակ, Տրապիզոնի եւ մյուս հյուսիսային ու հյուսիսարեւելյան շրջանների վրա:

Այդուհանդերձ, ի՞նչ են կարծում թուրք գործիչները Հայաստանի տնտեսական զարգացման հեռանկարների մասին, երբ երկրի երկու կարեւոր՝ արեւելյան ու արեւմտյան սահմանները փակ են: Անդրադառնալով «Հետքի» այս հարցին՝ Օսման Քավալան նշում է, որ դա իսկապես խնդիր է, ինչը մտահոգվելու տեղիք է տալիս, սակայն այն մեծագույն հարց չէ, ու ասում է, որ Վրաստանի ու Իրանի հետ կապերի շնորհիվ Հայաստանը զարգանալու հնարավորություններ ունի, ինչն էլ առավել կհաջողվի հայ-թուրքական սահմանի բացման պարագայում:  

Մեկնաբանություններ (1)

Andranik
The border between Armenia & Turkey should never open, this is a very big mistake, why do we need stupid Turkish relation? do you ever think that they have changed? its like trying to change a donkey into human hahahahahah.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter