HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Սարա Քոնորը չեկավ, տոմսերը մնացին

Գերմանացի երգչուհի Սարա Քոնորի և հայ երգիչների` մարտի 8-ին Երևանում նախատեսված և այդպես էլ չկայացած համերգի տոմսերը գնած քաղաքացիները չեն կարողանում հետ ստանալ իրենց վճարած գումարը: Ոստիկանության Լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն աշխատակից Արմեն Մալխասյանը «Հետքին» ասաց, որ փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնի բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Քրեական գործ դեռ հարուցված չէ: «30-ից ավելի քաղաքացիներ դիմել-բողոքել են: Եթե կան տուժողներ, թող գնան կենտրոնական բաժին, դիմեն»,- ասաց Արմեն Մալխասյանը: Հիշեցնենք, որ Մարզահամերգային համալիրում տեղի ունենալիք համերգին պետք է ելույթ ունենային Սարա Քոնորը, նաև Սիրուշոն, Արա Մարտիրոսյանը և «Օզոն» խմբի երգիչ Արսենին: Սակայն համերգը չկայացավ, քանի որ Սարա Քոնորը հրաժարվեց Հայաստան գալուց: Համերգի կազմակերպիչը VH Music ընկերությունն է, որին այժմ քաղաքացիները չեն կարողանում վերադարձնել չկայացած համերգի տոմսերը:

Ընկերության հեռախոսները չեն պատասխանում, իսկ Իսահակյան 28 հասցեում գտնվող գրասենյակը փակ է: Վարդուհի Հովհաննիսյանն ու իր ընկերուհին 6 հազար դրամ արժողությամբ 4 տոմս էին գնել` ընկերներով համերգին գնալու համար: Առաջիկայում նրանք պատրաստվում են դիմել ոստիկանության Կենտրոնի բաժին: «Նպատակս է, որ մեզ էլ ընդգրկեն տոմս ունեցողների ցուցակում»,- «Հետքին» ասաց Վարդուհին:

Սարա Քոնորի համերգը պետք է կայանար դեռ փետրվարի 19-ին, սակայն հետո տեղափոխվեց մարտի 8-ին, հետո էլ չեղյալ հայտարարվեց: Վարդուհին և իր ընկերուհին փորձել են տոմսերը վերադարձնել դեռ փետրվարի 19-ից հետո` առանց իմանալու, որ համերգն առհասարակ չի լինելու: Սակայն այդ ժամանակ արդեն VH Music-ի աշխատողները խոչընդոտներ են ստեղծել:

Սկզբում խնդրել են մեկ շաբաթվա ընթացքում գալ գրասենյակ, հետո խոստացել զանգահարել և այդպես էլ չեն զանգել: Իսկ երբ քաղաքացիներն իրենք են զանգել VH Music, ընկերությունից ամեն օր ասել են, որ զանգահարեն հաջորդ օրը: «Ամենավիրավորականն էն է, որ մի ամիս է տոմս ես գնել և ուզում ես վերադարձնել: Ինձ համար 6 հազարը չի էականը, այլ իրենց խոսելը, վերաբերմունքը»,- ասում է Վարդուհին:

Նա մարտի 7-ին գնացել է VH Music ընկերության գրասենյակ: Շենքի մոտ տոմս գնած այլ մարդիկ էլ են եղել, սակայն ոստիկանները թույլ չեն տվել մտնել ներս: Սարա Քոնորի ներկայացուցիչ Թինա Կրուգը մարտի 5-ին իր տարածած հայտարարության մեջ նշել էր. «Քանի որ տեղական պրոմոտերը չի կատարել պայմանագրի կետերը և չի պահպանել հետագա պայմանավորվածությունները, հնարավոր չէ, որ երգչուհին գա Երևան և ելույթ ունենա իր երկրպագուների համար»: «Ֆինանսական խնդիրներ են եղել: Մենք Սարա Քոնորին 50%-ը վճարել ենք: Սարա Քոնորի հոնորարը կազմում է 55 հազար եվրո»,- մարտի 5-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսում ասել է VH Music ընկերության տնօրեն Վահե Հարությունյանը:

Նույն ասուլիսն մասնակցած Արա Մարտիրոսյանը հակադարձել էր VH Music-ի տնօրենին. «Սարա Քոնորին բացարձակ հետաքրքիր չի` ինչ է կատարվում Հայաստանում. փողը չես տվել` չի գալիս: Մեր դեպքում ընդհանրապես փող չես տվել»:

Տոմսերն արժեցել են 3-ից 30 հազար դրամ: Մամուլում հակասական տեղեկություններ հայտնվեցին այն մասին, թե տոմսերի քանի տոկոսն է վաճառվել: Սկզբում նշվում էր, որ վաճառվել է տոմսերի 84 %-ը: Սակայն Վահե Հարությունյանն ասուլիսին ասաց, որ իրականում դրամարկղերից վաճառվել է տոմսերի 25 %-ը, իսկ մնացած 60 % տոմսերը վերցրել են որոշ հիմնարկություններ, խոստացել գնել ու համերգից մի քանի օր առաջ հրաժարվել են գնելուց:

Վահե Հարությունյանի խոսքերով` դրամարկղերից վաճառվել է 2000 տոմս` մոտ 15 մլն դրամ արժողությամբ: Ուստի, 25 % վաճառքի պարագայում հնարավոր չէ նույնիսկ վճարել Մարզահամերգային համալիրը վարձակալելու գումարը: Մարտի 5-ին` մինչ տոմս գնած քաղաքացիների համար անհասնելի դառնալը, Վահե Հարությունյանը նաև ասել էր, որ VH Music-ը վերոնշյալ 2000 քաղաքացուն անպայման վերադարձնելու է գումարը, իսկ ընկերությանը կարելի է գտնել տոմսերի վրա նշված հեռախոսահամարով: Լուսանկարը` sarah-connor.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter