HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

70-ամյա Ժենյա տատը նամակ է գրել նախագահին. «Աչքս ճանապարհին է, որ պիտի օգնեն»

Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղ մտնող ճանապարհին, ամբողջ մարմինն աղբի մեջ քարշ տալով, ինչ-որ մեկը «քուջուջ» էր անում:

Կանգնեցրինք մեքենան: Դեմքը չէր երեւում. գլխարկը ծածկում էր աչքերը, միայն կզակի մորուքն էր մատնում, որ տղամարդ է: Աղբի եւ ճենճի հոտից ճանճերը նրան «նեղություն» էին տալիս: Ձեռքերի գույնն ու կնճիռներում հավաքված կեղտը վկայում էին նրա աղբանոցային ամենօրյա «փնտրտուքների» մասին:

Մեր հարցերը, թե ինչու է աղբանոցում եւ ինչ է փնտրում այնտեղ, սկզբում անպատասխան էին մնում: Թվում էր` չի լսում: Վեր կացավ տեղից, սկսեց մոտենալ: Մի պահ մեզ թվաց` դուր չեկանք նրան, ուզում է հարձակվել, բայց երբ բարձրացրեց գլուխը, աչքերը ժպտում էին: Դժկամորեն էր պատասխանում հարցերին: Սկզբում անունն ասաց` Ռոբերտ (Ռուբեն), հետո ազգանունը` Խաչատրյան: Կցկտուր պատասխաններից հասկացանք, որ Ռոբերտ պապը փախստական է, ապրում է Վարդենիսի շրջանի Մեծ Մասրիկ գյուղում: Աղբանոցներում «բոթուլկա-մոթուլկա, շշեր-մշեր, ժեշտ-մեշտ» է հավաքում, եթե ուտելու բան էլ է գտնում, տանում է: Պլաստմասե «բոթուլկա-մոթուլկաները» տանում է վառելու համար, «ժեշտ-մեշտն» էլ տանը պետք կգա, մի ծակ կփակի:

-Ի՞նչ ես հավաքում, պապի:
-Բա ի՞նչ անեմ: Վառելիք չկա, բա ի՞նչ անեմ, բա ի՞նչ անեմ, որ չտանեմ: Ոտիս վրա եմ, կտանեմ:
-Քանի՞ տարեկան ես:
-Քանի՞ տարեկան եմ... Դե որ կռիվ լինելը չեմ իմանում, քանի՞ տարեկան եմ:
-Ո՞ր կռիվը:
-Հը՞...էն որ հայն ու թուրքը խառնվել էր:
 -Կին ունե՞ս, պապի:
-Բա ի՞նչ անեմ:
-Տա՞նն է:
-Հա:
-Երեխաներ ունե՞ս:
-Բա ո՞նց չունեմ:
-Որտե՞ղ են, Մասրիկու՞մ:
-Հա:
-Քանի՞ երեխա ունես:
-Դե երկու աղջիկ են, երկու տղա: Մեկը մարդի գնացած ա, մեկն էլ էնա ստեղ ա մարդի գնացել, մեկն էլ էնա Ռուսաստան: Ո՞վ ունիմ կշտիս:
-Չե՞ն օգնում քեզ:
-Բա ինչ են անում:
-Բա որ օգնում են, ի՞նչ ես անում այստեղ:
-Բա ի՞նչ անեմ, որ չգամ:
-Թոշակ չե՞ս ստանում:
-Երեւան հասած ունե՞մ, որ ստանամ: Փող են ուզում:  Ասում է` ռուսական դոլարներդ տուր, թղթերդ դզեմ:
-Քայլել կարողանու՞մ ես:
-Բա ո՞նց ա, քայլում եմ:
-Ձեռքո՞վ ես տանում հավաքածներդ:
-Էրեխեն բերելու ա կաշկեն, չեմ իմանում` երբ կգա:
-Ձեր տունը որտե՞ղ է:
-Էն դենը որ պունկտը կա, գյուղի ծայրին, գնում ես ներքեւի վրա:

Ռոբերտ պապի պատմածով եւ գյուղացիների օգնությամբ գտանք նրանց տունը` վթարային վիճակում: Առաջին` ապակիներից զուրկ եւ կիսով չափ պոլիէթիլենածածկ սենյակում Ռոբերտ պապի մի որդու ընտանիքն է ապրում` երեք երեխաների հետ, երկրորդում` մյուս որդու ընտանիքը` երկու երեխաներով: Պապն ու տատն էլ հետները` 11 հոգի: Ավագ որդին Վարդենիսի հիվանդանոցում էր, ասացին` նյարդային խնդիրներ ունի, բուժվում է: Տանը կրտսեր որդին էր` Փիրոն (Ֆրիդրիխը): Նա գյուղի անասուններն է պահում:

Ապակիներից զուրկ սենյակում` միջանցիկ քամիների տակ, պառկած էր 13-ամյա Ժենյան` Ռոբերտ պապի թոռը: Աչքն էր ցավում: Մայրը` Կարինեն, չգիտեր, թե ինչից է սկսել աչքը ցավել: Միայն ասաց, որ երկրորդ օրն է` այդ վիճակում է, հնարավոր է` բորբոքված լինի, ապակիներն էլ չկան, գուցե նաեւ մրսել է գիշերը: Օրը կիրակի էր, բուժկետը` փակ: Դժվարությամբ կարողացանք գյուղի բուժքրոջը գտնել, որ օգնի աղջկան: Բուժքույր Կարինեն ասաց, որ պետք է նախ մաքուր լվանալ աղջկա աչքը, գուցե բորբոքվել է:

Իսկ Ժենյան անընդհատ ձեռքը տանում էր դեպի աչքը եւ տրորում: Բուժքույր Կարինեն խորհուրդ տվեց առավոտյան երեխային բուժկետ տանել, որ բժիշկը նայի:

Ներս է մտնում Ռոբերտ պապի կինը` 70-ամյա Ժենյա տատը: Աղջկա տնից հաց է բերում:

Ժենյա տատը պատմեց, որ իրենց տանը երեք հաշմանդամ է ապրում: Ռոբերտ պապը երկրորդ կարգի հաշմանդամ է, ավագ որդին հիվանդ է, հիմա էլ հիվանդանոցում է, իսկ կրտսեր որդուն` 34-ամյա Փիրոյին, «բանակում ծառայելիս սերժանտներն են ծեծել (ծառայել է Իջեւանի զորամասում), գլխին են հարվածել, մի ամիս հիվանդանոցում է պառկել, ցավի տիրացրել, ուղարկել են: Էնպես են ծեծել, որ ես քինամ իրան գիժանոցումը ինչ վիճակի տեսնեմ»,- հիշում է Ժենյա տատը: 

Խաչատրյանները մեկ կով ունեն եւ մեկ ձի: Ապրում են Ժենյա տատի թոշակով եւ ավագ որդու ընտանիքին տրվող «Փարոս»-ով: Գյուղացիներն ասում են` գյուղի հարուստը հենց նրանք են, որովհետեւ յուրաքանչյուր կովի համար 3000 դրամ փող են ստանում: Իսկ փոքր հարսը` Նառան, ասում է, որ այդ գումարով հազիվ կարողանում են անասնակեր ու ձմռան համար մթերք գնել:

«Նամակ եմ ուղարկել Սերժի վրա, նամակի պատասխանն եկել է: Բողոք եմ գրել ներկա պայմանների մասին: Աչքս ճանապարհին է, որ պիտի օգնեն: Կամ մե կուխնի պատը, կամ գումարով օգնեն... տանը երեք հատ ինվալիդ ունեմ,- արտասվում է տատը եւ հիշում Խանլարի շրջանի Այգեստան գյուղում թողած իրենց տունը,- մենք է՞ս ձեւի ենք ապրել: Ամեն ինչ ունեինք... Չեմ կերել, չեմ կերցրել, լավ բարձր տներ եմ սարքել: 12 մետրանոց բալկոնչիկով, շուշաբանդով, բախչի կողմն է էղել, 12 մետրանոց էլ քուչի կոմից ա էլել, դրա հետ էլ սենյակները: Հինչ ասեմ` նախագահ մարդ է եղել իմ տեգրը...»:

Իսկ մեծ հարսը` Կարինեն, մեր շուրջը պտտվելիս անընդհատ նույն հարցերն էր տալիս. «Ինչո՞վ կարաք օգնեք», «Գումարով, լուսամուտի ծածկերով կարաք օգնեք»: Միաժամանակ ասում էր, որ «էլի լրագրողներ էին եկել, նկարեցին, թողին գնացին»: Արդեն կեսօրն անց էր, եւ շուրջ երկու ժամ մենք Խաչատրյանների տանն էինք, իսկ Ռոբերտ պապը դեռ աղբանոցից չէր վերադարձել:                     

Մեկնաբանություններ (5)

Աննա
Հարգելի Հետք, կարո՞ղ ենք ձեր միջոցով օգնել այս ընտանիքին, գումար կամ այլ տեսակի օգնություն փոխանցել:
Քրիստինե
Հարգելի Աննա, որևէ տեսակի օգնությունը պետք է հասցնել Մեծ Մասրիկ, որովհետև ընտանիքի անդամներից որևէ մեկն ի վիճակի չէ հասնել Երևան: Եթե Դուք հնարավորություն չունեք, ապա կփորձենք մենք հասցնել: Կարող եք հասցե թողնել, կապվենք Ձեզ հետ, կամ գրեք մեր էլեկտրոնային հասցեներին: Շնորհակալություն արձագանքի համար:
andrew
goverment cannot always help but single indviduals or groups of valonteers can and they should
Brecia
The government should take care of these people and feed them. Additionally, the government must help the teens to get an education so that in the future, they can find a better job to help their own family.
Վարազ Սյունի (Ամստերդամ)
Որն է,բաբո,մեր հայրենիք...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter