HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մեր հարաբերություններն անամպ են, բայց մենք խնդիրներ ունենք

«Հետքի» հետ զրույցում ասում է ՀՀ սփյուռքի նախարարության Կովկասյան տարածաշրջանի հայ համայնքների հետ կապերի բաժնի պետ Տարոն Շագոյանը Ի՞նչ ծրագրեր է անում սփյուռքի նախարարությունը Ջավախքում: Ջավախքը հայաբնակ, հայերին պատկանող տարածք է, բայց ուրիշ երկիր է: Մենք ինչ էլ որ անենք, պետական շրջանակներում պետք է անենք: Մեր հարաբերություններն անամպ են: Բայց մենք խնդիրներ ունենք: Դպրոցներում հայկական դասաժամերը տարեց տարի կրճատվում են: Եթե անամպ են, ինչո՞ւ են նման խնդիրներ առաջանում: Դա իրենց երկիրն է: Մենք որ միջազգային պայմանագրերով չկարողանանք աշխատել իրար հետ, ուրիշ ձև չունենք աշխատելու, մենք չենք կարող պարտադրել նրանց: Միայն միջազգային պայմանագրերի շրջանակներում ենք աշխատում: Մենք խնդիրները բարձրացրել ենք, երբ հանդիպել են նախագահները, վարչապետները: Որո՞նք են, ըստ Ձեզ, ամենաակնառու խնդիրները: Այսօրվա դրությամբ ակնառու է լեզվի խնդիրը: Հայկական դպրոցներում հայոց լեզվի դասավանդումը նվազեցրել են մինչև երկու դասաժամ: Հետո` իրենք պնդում են, որ դասագրքերն իրենք կտպեն: Շատ խնդիրներ կան: Իսկ նախագահների կամ վարչապետների հանդիպումներին ի՞նչ առաջարկներ եք արել: Մենք ասում ենք, որ այսպիսի խնդիրներ կան: Պատասխանները ընդհանուր մակարդակով ենք ստանում. հանդիպումներից հետո ասուլիսների ժամանակ ինչ հայտարարում են, ինչ-որ դուք լսում եք, մենք էլ ենք այնտեղից տեղեկանում: Անցած տարի 7150 կտոր գիրք է ուղարկվել բանակցությունների շնորհիվ: Այսօր նորից մենք չարչարվում ենք, որ նորից հայտերը հավաքենք, որ հայկական դպրոցներին ապահովենք դասագրքերով: Բաթումում արդեն դպրոց չունենք: Միայն եկեղեցուն կից կիրակնօրյա դպրոց ունենք, որը միայն առաջին դասարան ունի, ուզում ենք երկրորդ դասարանը բացել: Ձեր կարծիքով, ի՞նչ պետք է անել, որ ջավախցին չհեռանա իր բնակավայրից: Հիմնականում աշխատանքի պակասն է: Ջավախում սովետական շրջանում էլ արտագաղթը մեծ է եղել, գնացել են այլ երկրներ աշխատելու: Ջավախքցիք միշտ իրենց տունը պահել են արտագնա աշխատանքով: Հիմա էլ աշխատանքը քիչ է: Հիմա վրացիները սկսել են խելացի ձևով զարգացնել Ջավախքը: Ջավախքի հետ կապող կենտրոնական մայրուղիները վերանորոգել են: Հիմիա առևտուրն աշխուժանում է Ջավախքում: Օրինակ` աշխուժանում է Թուրքիայից, Ադրբեջանից գալացողների միջոցով: Ջավախքում թուրքերը վարձով տներ են վերցնում: Վտանգ չե՞ք տեսնում, որ շատ շուտով մուսուլմանացման խնդիր կարող է առաջանալ Ջավախքում: Տեսնելը տեսնում ենք, բայց հակազդելու միջոցներ պետք է արվեն: Կարող է վտանգավոր լինել այն առումով, որ աստիճանաբար դեմոգրաֆիական կազմը փոխվի: Եթե մարդը մի տեղ գործունեություն է ծավալում, բիզնեսը լավ է ընթանում, բնակարան կգնի, տարածք կգնի, և ումի՞ց պետք է գնի: Հայերից: Այսինքն` դա լա՞վ է: Լավն այն է, որ աշխատատեղ է լինում, աստիճանաբար զարգանում է առևտուրը Ջավախքում, բայց դրանից ո՞վ է օգտվելու: Պարզ չէ՞` ով է շահելու: Բայց եթե դեմոգրաֆիական կազմը փոխվի, իհարկե, մենք տուժելու ենք:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter