HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քադաֆին ոչ մեկի «շան որդին չէ»

«Կայունությունն ու անվտանգությունը` իրենց մարդկային, այլ ոչ թե նավթային չափորոշիչներով, ոչ ոքի չեն հետաքրքրում, այլապես  այսպիսի արշավ վաղուց կազմակերպված կլիներ, ասենք, Սոմալիի դեմ»,- մարտի 23-ին` «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի կազմակերպած օնլայն հարցազրույցի ժամանակ, Լիբիայի ռմբահարումների մասին ասաց ռուս քաղաքագետ, ՌԴ ԳԱ Արեւելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Ալեքսանդր Սկակովը:

Մեր այն հարցին, թե կա՞ն նմանություններ Լիբիայի եւ ժամանակին Հարավսլավիայի ռմբահարումների միջեւ, նա պատասխանեց. «Զուգահեռները կասկած չեն հարուցում: Եվ այն, եւ այս դեպքերը պետության ներքին գործերին արտաքին միջամտություններ են: Ընդ որում` ընտրովի միջամտություններ: Խորվաթիան կարող է ոչնչացնել Սերբական Կրաինան` նրա բնակչության մեծ մասին դարձնելով փախստական, իսկ Սերբիան չի կարող լուծել Կոսովոյի հարցը: Այն, ինչ կարելի է Բահրեյնի իշխանություններին, չի կարելի Լիբիայի իշխանություններին: Արեւմուտքը շարունակում է գործել հայտնի տրամաբանությամբ. «Սոմոսան շան որդի է, բայց նա մեր շան որդին է»:

Եվ այս ամենը քողարկվում է մարդու իրավունքների մասին ճիշտ հայտարարություններով: Լավ միտում է, բան չունեմ ասելու, հանուն մարդու իրավունքների ռմբահարել մարդկային կյանքերը»: Թուրքիան ձգտում է, որտեղ դա հնարավոր է (Հյուսիսային Կովկասում, Ղրիմում, Գագաուզիայում), Ռուսաստանի համար ավելորդ խնդիրներ չառաջացնել: Ըստ Ա. Սկակովի` Հայաստանի հետ հարաբերություններում Թուրքիան միանշանակ հակահայկական քաղաքականությամբ չի ղեկավարվում:

«Թուրքիային պետք է ոչ թե Լեռնային Ղարաբաղը, Թուրքիային պետք է ողջ Կովկասը: Սա մի կողմից դրական ազդեցություն ունի տարածաշրջանում կայունության պահպանման համար, քանի որ նվազում է բաժանարար գծերի քանակը, բայց մյուս կողմից մղում է նրան մրցակցության բոլոր այն ուժերի եւ պետությունների հետ, որոնք հետաքրքրված են կովկասյան տարածաշրջանով: Այդ թվում նաեւ` իհարկե մրցակցության Ռուսաստանի հետ»,- ասաց Ա. Սկակովը:

Ա. Սկակովը համարում է, որ Հայաստանում իշխանափոխության նախադրյալներ կան: Բայց սա չի նշանակում, թե իշխանափոխությունն անխուսափելի է: Հայաստանյան ներկայիս իշխանությունների դիրքերն ավելի թույլ են, քան հարեւան երկրների` Վրաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների դիրքերը, քանի որ հայաստանյան ընդդիմությունը բավական ուժեղ է եւ հեղինակավոր` ի տարբերություն վրացական եւ ադրբեջանական մարգինալ ընդդիմությունների:

Մյուս կողմից` Հայաստանում իշխող ռեժիմն ադեկվատ է եւ եթե ներքաղաքական ու հատկապես արտաքին քաղաքական լուրջ սխալներ չանի, ապա միանգամայն կարող է պահել իշխանությունն իր ձեռքում:

Հայաստանում իշխանափոխությունն ուղղակիորեն չի վտանգելու տարածաշրջանում Ռուսաստանի շահերը: Հարցն այն է, թե ինչի՞ հետեւանքով է տեղի ունենալու այն եւ ի՞նչ իրադարձություններով կուղեկցվի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter