HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կիրո Մանոյան. «Զեկույցում, դժբախտաբար, մեզ համար մտահոգիչ ոչինչ չկա»

Եթե Ադրբեջանն իսկապես ռմբակոծի Ստեփանակերտի օդանավակայանում վայրէջք կատարող ինքնաթիռները, ինչը սպառնում է անել, ապա դա կլինի ոչ թե զինադադարի պատահական խախտում, այլ պատերազմի սկիզբ:

«Դրանով` վերջ: Պատերազմը կսկսվի, վերջը կնայենք` ինչ կլինի, ով ինչ կանի: Բայց բացառել լրիվ, կարծում եմ` մենք չենք կարող: Բայց դա չի կարող նաև մեզ հետ կանգնեցնել, որովհետև ամեն օր կարող է ինքը նման քայլի գնալ: Այսինքն` եթե օդանավ, օդակայան չխփի, ուրիշ լուրջ բան կարող է խփել»,- այսօրվա մամուլի ասուլիսում ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ադրբեջանի կողմից հնարավոր նման գործողությունները նա համարում է ավելի վտանգավոր, քան ահաբեկչությունը: Անդրադառնալով այն մեկնաբանություններին, թե ինչ-որ մեկը իբր կարող է, Ադրբեջանի կամքից անկախ, Ադրբեջանի տարածքից ռմբակոծել Արցախի օդային տարածքով թռչող ինքնաթիռները` Կիրո Մանոյանն ասաց. «Եթե այդպես լինի, դա կնշանակի, որ իրենք չեն վերահսկում իրենց տարածքը. ուրեմն, պետք է այդ տարածքները մենք վերցնենք, որպեսզի վերահսկենք»: Կիրո Մանոյանը բավարար չի համարում Բաքվում և Երևանում ԱՄՆ դեսպանների այն հայտարարությունները, որ Ադրբեջանի վերոնշյալ սպառնալիքն անընդունելի է: Նրա համոզմամբ` ամբողջ միջազգային հանրությունը, այդ թվում` Մինսկի խմբի համանախագահ երկրները միասնաբար պետք է դատապարտեին այդ սպառնալիքը: «Ադրբեջանի կողմից նման հայտարարություններն ինքնին արդեն վտանգավոր են, որովհետև իրենց հասարակության մեջ բարձրացնում են ակնկալիք, և այդ ակնկալիքի «զոհը» կդառնան իրենք, որովհետև վերջը պիտի բավարարել այդ ակնկալիքը»,- ասաց նա: Լրագրողնեից մեկը խնդրեց մեկնաբանել Երևան կատարած այցի ժամանակ ԵԱՀԿ գործող նախագահ Աուդրոնիուս Աժուբալիսի այն հայտարությունը, թե Հայաստանը դիպուկահարներին կարող է միակողմանիորեն հետ քաշել շփման գծից` որպես բարի կամքի դրսևորում:

«Արդյոք հայկական կողմը ինչ-որ առիթ տվե՞լ է նման հայտարարություններ անելու համար»,- հարցրեց լրագրողը: Կիրո Մանոյանն ասաց, որ ԵԱՀԿ նախագահը ոչ միայն պարզապես նման բան հայտարարեց, այլ մինչև այդ հայտարարությունը Հայաստանին լրջորեն նման առաջարկ էր արել: Հետևաբար, դա վրիպում չէր նրա կողմից: Բանախոսը նման առաջարկն անհասկանալի է համարում, քանի որ առկա է պատերազմական վիճակ, Հայաստանն անվտանգության խնդիր ունի և չի կարող միայն լավ մարդ երևալու համար դիպուկահարներին հետ քաշել: Երեկ Ազգային ժողովում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալդանդյանը պատգամավորներին ասել էր, որ վերջին երկու տարվա ընթացքում Ադրբեջանը համառորեն մերժում է միջազգային հանրության առաջարկները` դիպուկահարներին շփման գծից դուրս բերելու վերաբերյալ: Հետևաբար, առաջին հերթին պետք է նման առաջարկ անել Ադրբեջանին և աշխատել այդ երկրի հետ և ոչ թե Հայստանի: Կիրո Մանոյանի համոզմամբ` Աուդրոնիուս Աժուբալիսին ուղղակիորեն պետք էր ասել, որ իր առաջարկն անընդունելի է և լրիվ անհասկանալի:

Անդրադառնալով` Արցախ կատարած այցելության վերաբերյալ ԵԱՀԿ մոնիտորինգի խմբի զեկույցին` բանախոսն ասաց, որ Հայաստանի համար մտահոգիչ բան չկա, քանի որ Հայաստանը բան չի արել «այսպես կոչված» ազատագրված տարածքներում:  Նա պարզաբանեց, որ ասում է «այսպես կոչված» ազատագրված տարածքներ, քանի որ այդ տարածքներն իրականում ԼՂՀ-ի մասն են կազմում: Զեկույցը երեկ պետք է քննարկվեր Վիենայում և ներկայացվեր ԵԱՀԿ խորհրդին: Այն ներկայացվել է կողմերին, սակայն առայժմ հրապարակված չէ: «Կարծում եմ` այդտեղ, դժբախտաբար, մեզ համար մտահոգիչ ոչինչ չկա, որովհետև շատ բան չենք արել, որ դժգոհեին մեզանից: Ազատագրված տարածքներ իրենք եկել էին նայելու, թե մենք ինչ ենք արել կամ ինչ չենք արել: Ասացի` «դժբախտաբար», որովհետև գործ կամ բավարար գործ չենք արել այդ (վերաբնակեցման - հեղ.) ուղղությամբ»,- ասաց Կիրո Մանոյանը: Երեկ Քաշաթաղի շրջանում մի քանի գյուղ է լուծարվել` վերաբնակեցված չլինելու պատճառով: Արցախի նախագահ Բակո Սահակյանը Ֆրանսիա կատարած այցելության ժամանակ ասել էր, որ հայկական կողմը հնարավորություն չունի միանգամից վերաբնակեցնելու բոլոր ազատագրված տարածքները:

«Պարզ է, որ ամբողջը միանգամից անելու հնարավորություն ոչ ոք ունի: Բայց որ զինադադարից հետո այսքան տարի անց մենք չենք արել այնքան, ինչքան կարող էինք անել, ևս փաստ է»,- Բակո Սահակյանի խոսքերին անդրադարձավ Կիրո Մանոյանը: Նա բանակցությունների հայանպաստ ելքի վրա ազդող կարևոր գործոններից է համարում Արցախի բնակչության թվի մեծացումը: Հակառակ դեպքում միշտ էլ հայկական կողմին կարող են ասել. «Այսքան տարածք ի՞նչ եք անելու»:

Ուստի, հայկական կողմը պետք է ի նպաստ իրեն օգտագործի համակարտության կարգավորման ձգձգումը. մի բան, որ չի անում: Կիրո Մանոյանը բանակցությունների ձեռքբերում համարեց այն, որ զինադադարի ռեժիմը հիմնականում պահպանվում է, և երկրորդ` ԵԱՀԿ միջնորդներն առաջարկել են երեք սկզբունք` ուժի կամ ուժի սպառնալիքի բացառում, ժողովուրդների ինքնորոշում և տարածքային ամբողջականություն: Բացի Ադրբեջանից` բոլորն էլ հասկանում են, որ ինքնորոշման իրավունքը նշանակում է, որ Արցախը ինչ-որ սահմաններով պետք է լինի Ադրբեջանի կազմից դուրս:

«Դաշնակցության խնդիրն այն է, որ այդ սկզբունքների վրա Մինսկի խմբի համանախագահող երկրների առաջարկները` այդ 6 քայլերը, հաշվի չեն առնում 88-ից հետո տեղի ունեցած իրադարձությունները: Մեր խնդիրը ոչ թե սկզբունքների հետ է, այլ իրենց նախատեսած 6 քայլերի: Բայց պիտի ընդունել, որ ի վերջո, միջազգային համայնքը հասկանում է, որ Ղարաբաղը չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Փորձում են հիմա ձևը գտնել, որ Ադրբեջանը կարողանա այդ բոլորից ճերմակերես դուրս գալ»,- ասաց Կիրո Մանոյանը: Նրա կարծիքով` անպայման չէ, որ համակարտությունը լուծվի բանակցությունների միջոցով: Կարող է գալ մի պահ, որ հայկական կողմն ասի` վերջ: Նման բան եղավ Կոսովոյի դեպքում, երբ միջնորդը տեսավ, որ երկու տարի տևած բանակցություններում կողմերից յուրաքանչյուրը կրկնում է նույնը, և ասաց. «Իմաստ չունի, ոչ ոք տեղից չի շարժվում, այսպես չի լինի: Միջազգային համայնքը ինքն պետք է դիրքորոշվի, և Կոսովոյի անկախությունը ճանաչվի»:

Ըստ Կիրո Մանոյանի` փոքր է հավանականությունը, որ բանակցությունների ճանապարհով Ադրբեջանը ընդունի, որ Արցախը լինի իր կազմից դուրս: Բացառություն կլինի այն դեպքում, եթե հայկական կողմը, ներառյալ Արցախը, համաձայնի այնպիսի պայմանագրի, որը Ադրբեջանը կմեկնաբանի իր, իսկ Հայաստանը` իր ուզած ձևով: Դա կլինի վատ փաստաթուղթ: Հետևաբար, բանակցություններին զուգահեռ պետք է աշխատանք կատարել Արցախի անկախության ճանաչման ուղղությամբ: «Այս բանաձևը, որ առաջարկում է միջազգային համայնքը, ի վերջո պիտի տանի Ղարաբաղի անկախության: Խնդիրը մեր տեսանկյունից այն է, թե որ սահմաններով: Դրա համար էլ անկախության ճանաչումը չի խանգարի բանակցություններին: Դա պարզապես հավելյալ ճնշում կլինի Ադրբեջանի վրա և կմղի Ադրբեջանին մի քիչ ավելի իրատես լինել և ընդունել իրականությունը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter