HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Կիրո Մանոյան. «Ամենաուշը մինչև ապրիլի 24-ը Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը»

Մարտի 16-ին` Մոսկվայի պայմանագրի 90-ամյակի օրը, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի և Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի արած ժեստերը մտահոգիչ են Հայաստանի համար, մանավանդ որ Հայաստան-Թուրքիա արձանագրությունների միջոցով Հայաստանը Թուրքիային տվել է Արցախի հարցին միջամտելու հնարավորություն:

Այսօրվա մամուլի ասուլիսում այսպիսի կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ռուսաստան եկած Էրդողանը Մեդվեդևին էր նվիրել Մոսկվայի պայմանագրի պատճեն և դրա ստորագրման առթիվ թողարկված դրոշմանիշը: Մեդվեդևն էլ իր հերթին Էրդողանին էր նվիրել այն լուսանկարը, որում ռուսական և թուրքական կողմերը փոխանակում են պայմանագրի տեքստը:

Հիշեցնենք, որ 1921 թ. ստորագրված «Բարեկամության և եղբայրության մասին» ռուս-թուրքական պայմանագրով Թուրքիային անցան Կարսի մարզն ու Սուրմալուի գավառը, իսկ Նախիջևանը դարձավ ինքնավար տարածք` Ադրբեջանի խնամակալության ներքո:

«Իսկապես անհասկանալի է, թե ինչու է մեր արտգործնախարարությունը լուռ, իսկ խորհրդարանական մեծամասնությունը կամ Հանրապետական կուսակցությունը փորձեց արդարացնել նույնիսկ: Այսինքն` ասում են. «Չէ, մտահոգվելու հարց չկա, մենք լավ ենք ռուսների հետ»: «Մենք լավ ենք ռուսների հետ»-ը` մեկ բան, բայց չտեսնելը արդեն ուրիշ բան է»,- ասաց Կիրո Մանոյանը: Նա նշեց, որ հայկական կողմը հաճախ անդրադարձավ Էրդողանի հուշանվերին, բայց շատ չխոսեց այն մասին, որ հուշանվեր է տվել նաև Մեդվեդևը: Եվ եթե խոսքը խորհրդանիշերի մասին է, ապա Ռուսաստանն արել է նույնը, ինչ Թուրքիան: Ապրիլի 24-ին ընդառաջ` Թուրքիան Վաշինգտոն է ուղարկել պատվիրակ, որը պետք է աշխատի ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևերը ձախողելու ուղղությամբ: Իսկ Հայաստանը ոչինչ չի անում սրա դեմ: Կիրո Մանոյանը հիշեցրեց, որ երբ անցյալ տարի` ապրիլի 22-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առկախեց Հայաստան-Թուրքիա արձանագրությունների վավերացման ընթացակարգը, ասաց. «Մենք վճռել ենք առայժմ դուրս չգալ գործընթացից»: Նշանակում է, որ այդ «առայժմ»-ը պիտի սահման ունենա: Իսկ Կիպրոսում Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ գործընթացն արդեն ավարտվել է:

«Եթե վերջացել է գործընթացը, ինչո՞ւ ենք կենդանի պահում արձանագրությունները: Անհրաժեշտ է, որ այդ գործընթացի ավարտը իսկապես ամրագրվի Հայաստանի կողմից ստորագրությունը հետ վերցնելով: Մեծ պատասխանատվություն ունի ՀՀ-ն այդ արձանագրությունները, ստորագրություններով հանդերձ, կենդանի պահելու մեջ, և ուրեմն ամենաուշը մինչև ապրիլի 24-ը Հայաստանը պետք է հետ վերցնի իր ստորագրությունը, որպեսզի ոչ ոքի պատրվակ չտրամադրի, որ Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իրենց խոստումներից խուսափի»,- ասաց Կիրո Մանոյանը: Նա համոզված է, որ մինչև Թուրքիայում խորհրդարանական ընտրությունները և դրանցից հետո էլ, այսինքն` առնվազն մեկ տարի, Հայաստան-Թուրքիա արձանագրություններն օրակարգի առաջին հարցը չեն լինելու և ոչ մի տեղաշարժ չի լինելու Թուրքիայի կողմից: Բացի սրանից` ստորագրությունը հետ կանչելը նաև արժանապտվության հարց է:

«Ի՞նչ է նշանակում. «Մենք պատրաստ ենք, ձեռքներս ծալած սպասում ենք. Թուրքիան երբ վավերացնի, մենք կվավերացնենք»: Խելոք երեխայի պես: Դա պետք է որ փոխվի, և ավելի ինքնավստահ ու համարձակ պետք է գործենք»,- ասաց Կիրո Մանոյանը: Այս ամբողջ գործընթացը, նրա խոսքերով, արդեն իսկ ցույց տվել է, որ Թուրքիան է, որ իսկապես կողմնակից չէ հարաբերությունների հաստատան: Եվ Հայաստանը խնդիր չունի ցույց տալ դրանից ավելին: Կիրո Մանոյանի խոսքերով` քանի դեռ Հայաստանը հետ չի կանչել ստորագրությունը, միջնորդներն իրենց հույսը չեն կտրի այս գործընթացից: Միջնորդների ճիգը ոչ թե այն է, որ Թուրքիան անպայման վավերացնի արձանագրությունները, այլ այն, որ Հայաստանն իր ստորագրությունը հետ չկանչի: Այդ պատճառով միջնորդները փորձում են ճնշել կամ սիրաշահել Հայաստանին: Բանախոսն ասաց, որ ամերիկացիներն իրենք էլ սկսել են ընդունել Թուրքիայի այն մոտեցումը, թե մինչև Արցախի հարցը չկարգավորվի, ոչ մի առաջընթաց էլ չի լինի: Թուրքական կողմը մի քանի անգամ հայտարարել է, որ ամերիկացիներն իրենց խոստացել են, որ թեև արձանագրությունների մեջ Ղարաբաղի մասին չի նշվի, բայց Ղարաբաղի հարցում անպայման առաջընթաց կլինի, հայերը կհանձնեն ազատագրված հայկական տարածքները, և ուրեմն պետք է, որ արձանագրությունները ստորագրվեն:

«Հիմա որ ստորագրված արձանագրություններ կան, Միացյալ Նահանգների ճիգը այն է, որ Հայաստանը ստորագրությունը հետ չվերցնի, որովհետև իրենք էլ հասկանում են, որ եթե նույնիսկ Հայաստանի այս նույն իշխանությունը նորից բանակցի Թուրքիայի հետ, նման արձանագրություն չի ստորագրի, ես համոզված եմ»,- ասաց Կիրո Մանոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter