HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դպրոցի տնօրենը խույս տվեց քրեական հետապնդումից

Մեղադրող կողմի «թերացմա՞ն», թե՞ դիտավորության արդյունքում Վանաձորի թիվ 8 միջնակարգ դպրոցի տնօրեն Կարինե Ստեփանյանը, դեռ 2004թ. աշխատանքից ազատելով նույն դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Սարգսյանին, մինչ օրս չէր կատարում դատական երեք ատյաններով ամրագրված եւ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը՝ ուսուցչուհուն չէր վերականգնում աշխատանքում: 7 տարի առաջ սկսված դատավարությունն օրերս անսպասելի հանգուցալուծում ստացավ: Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ Ինֆորմատիկա առարկայից 1 լրիվ դրույք ծանրաբեռնվածություն ունեցող Սուսաննա Սարգսյանը, 2004թ. սեպտեմբերի 1-ին ներկայանալով աշխատանքի, պարզել էր, որ հեռացված է: Տնօրենի ասելով՝ «կրճատվել էր օպտիմալացման շրջանակներում», բայց ուսուցչուհին լավ է հիշում, որ «կրթության ոլորտում օպտիմալացման հետ կապված հարցերն ավարտվել էին դեռ 2003-ին»: Կրճատված ուսուցչուհին դիմել էր դատարան: Առաջին ատյանը, վերաքննիչ եւ Վճռաբեկ դատարանները բավարարել էին ուսուցչուհու հայցը՝ նախկին աշխատանքում վերականգնվելու եւ հարկադիր պարապուրդի գումարը ստանալու վերաբերյալ: Դպրոցի տնօրենի բողոքարկումները որեւէ բան չէին փոխել: Տնօրեն Կարինե Ստեփանյանը, սակայն, հրաժարվել էր կատարել 3 ատյանով ամրագրված վճիռը՝ իր կազմած արձանագրության մեջ նշելով. «Սուսաննա Սարգսյանին տեխնիկապես հնարավոր չէ վերականգնել նախկին համարժեք աշխատանքում»: Դատարանից կատարողական թերթ վերցնելով՝ ուսուցչուհին այն ներկայացրել էր դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Վանաձորի տարածքային ստորաբաժանում: ԴԱՀԿ-ն կատարողական վարույթ էր հարուցել եւ տնօրենին պարտավորեցրել կատարելու դատական ակտը: 2005թ. մարտի 18-ի թիվ 5 հրամանով՝ տնօրենը Սուսաննա Սարգսյանին վերականգնել էր աշխատանքում՝ որպես համակարգչային օպերատոր եւ ուսուցչուհի՝ 10 ժամ ծանրաբեռնվածությամբ, որից 4-ը՝ ինֆորմատիկա, 6-ը՝ պատմության դասաժամ: «Դատարանի պահանջը իբր թե կատարված ցույց տալու համար՝ նա, առաց իմ համաձայնության, ինձ նշանակեց պատմության ուսուցչուհի: Այն դեպքում, երբ ես պատմության առարկայի մասնագետ չեմ: Իսկ վճռում հստակ գրված էր՝ վերականգնել իր նախկին աշխատանքում,- ասում է նախկին ուսուցչուհին եւ ավելացնում,- ոչ թե ինձ աշխատանքում վերականգնելու հրաման, այլ իր անօրինական հրամանը վերացնող հրաման պետք է տար»: Իսկ տնօրենն իրավունք ունե՞ր ինֆորմատիկայի ուսուցչուհուն պատմության դասաժամով հրամանագրել: «Հարկադիրը եկավ, ինձ ստիպեցին՝ ուզում ես պարի, ուզում ես երգի, մենակ 10 ժամը լրացրու: Ես իմ ժամերից եմ հրաժարվել՝ 6 ժամ պատմությունից»,- արդարանում է տնօրենը: Ինֆորմատիկայի ուսուցչուհուն ինֆորմատիկայից 4 եւ պատմությունից 6 դասաժամով ապահովելու հիմքով՝ ԴԱՀԿ կատարողական վարույթը կարճվել էր: Նույն թվականի մարտի 24-ին տնօրենն արձակել էր թիվ 6 հրամանը՝ ուսուցչուհուն երկրորդ անգամ ազատելով աշխատանքից: «Ազատվել է որպես գործալիք,- իր երկրորդ հրամանն է հիմնավորում տնօրենը,- առանց հարգելի պատճառի՝ չի ներկայացել աշխատանքի: Ուսուցիչը դաս չի պարապում, մատյանում գրանցումներ չի անում, աշխատավարձ չի ստանում»: Սուսաննա Սարգսյանն էլ վկայակոչում է դատարանի վճիռը, որում հաստատված է, որ ինքը պարապել է ինֆորմատիկայի բոլոր դասաժամերը, իսկ պատմություն չի դասավանդել, որովհետեւ ինքը դրա մասնագետը չէ: Տնօրենի այս վերջին հրամանը նույնպես ուսուցչուհին վիճարկել էր դատական կարգով: Ի դեպ, վերջին հրամանի հիմքում տնօրենը դրել էր արհկոմի՝ 24.03.2005 թվականին կայացած նիստի որոշումը՝ արհկոմի անդամների համաձայնությունը ուսուցչուհուն աշխատանքից ազատելու վերաբերյալ: Այնինչ դատաքննությամբ պարզվել էր, որ 24.03.2005-ին դպրոցը պետական գրանցում ունեցող արհկոմ չի ունեցել, նշված որոշումն էլ ընդունվել է դպրոցի որոշ աշխատողների կողմից: Հետեւաբար, ինչպես նշվում էր դատարանի որոշման մեջ, այն չէր կարող հիմք հանդիսանալ ուսուցչուհուն աշխատանքից ազատելու համար: Առավել եւս, որ նախկին աշխատանքային օրենսգրքի 38 հոդվածով՝ առանց արհկոմի համաձայնության աշխատանքային պայմանագրի լուծում չէր թույլատրվում: Այսպիսով, դատարանը դարձյալ վճռել էր վերականգնել ուսուցչուհուն աշխատանքում եւ վճարել նրան հարկադիր պարապուրդի դիմաց: Վճիռը 2006 թվականի մայիսի 12-ին ստացել էր օրինական ուժ: «Մայիսի 15-ին կատարել եմ վճիռը, տվել եմ հրաման, սակայն այդ հրամանը չի վերականգնել իրեն, որովհետեւ ուժի մեջ է մնացել աշխատանքից ազատման հրամանը: Դատավորը պարզաբանում է տվել, որ վերականգնել աշխատանքում նշանակում է՝ նախորդ ազատման հրամանը վերացված է: Բողոքարկել եմ վերաքննիչ դատարան: Վերացրել է դատարանի պարզաբանման որոշումը: Այսինքն՝ Սուսաննա Սարգսյանը մնացել է աշխատանքից ազատված»,- նշում է տնօրենը: Նույն՝ թիվ 6 հրամանով տնօրենը նախ վերականգնել էր ուսուցչուհուն աշխատանքում, ապա ազատել նրան նախորդ ազատման հրամանի հիմքով՝ որպես գործալիք: Տեսնելով, որ օրինական դատական ակտն այդպես էլ չի կատարվում, ուսուցչուհին, երկրորդ անգամ դատարանից ստանալով կատարողական թերթ, այն ներկայացրել էր ԴԱՀԿ: Այս ընթացքում նա մի քանի անգամ դիմել էր դատարան՝ իր հարկադիր պարապուրդի գումարը ստանալու պահանջով: Բայց հայցը թողնվել էր առանց քննության: Վերջապես 2007թ. օգոստոսի 17-ին դատարանը բավարարել էր ուսուցչուհու՝ գումարի վերաբերյալ պահանջը, եւ Սուսաննա Սարգսյանին վճարվել էր հարկադիր պարապուրդի գումարը: «Մարդը աշխատանքից ազատվելով՝ 2 տարի 4 ամիս հետո հայցով մտնում է դատարան, որ ինձ տվեք ազատված վիճակում չստացած աշխատավարձս՝ 2,5 տարվա համար: Եվ քանի որ ինքը շատ վերեւի ատյաններում վայելելում է այդ Մարդու հովանավորչությունը, անունը չեմ ուզում տալ, կարողացավ տանել 3 մլն դրամ»,-դատարանի վճիռը մեկնաբանում է տնօրենը: Աշխատանքում չվերականգնվելու համար ուսուցչուհին հերթական անգամ դիմել էր դատարան եւ գործը նորից հասել էր մինչեւ Վճռաբեկ: 2009թ. սեպտեմբերի 23-ին դատարանը վճռել էր, որ տնօրենը դիտավորությամբ խուսափել է կատարել հարկադիր կատարողի որոշումը՝ ուսուցչուհուն վերականգնել աշխատանքում, եւ յուրովի մեկնաբանելով դատավճիռը՝ կայացրել է մի շարք հրամաններ: Անցյալ տարվա մարտի 23-ին տնօրենի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ՝ օրինական ուժի մեջ մտած դատավճիռը դիտավորությամբ չկատարելու մեղադրանքով: Բայց նույն թվականի օգոստոսի 12-ին քննիչի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճվել էր: Քննիչի այս որոշման դեմ Սուսաննա Սարգսյանը բողոք էր ներկայացրել դատարան: Դատարանը բավարարել էր բողոքը եւ պարտավորեցրել վարույթն իրականացնող մարմնին վերացնել քննիչի նշված՝ քրեական գործով վարույթը կարճելու եւ քրեական հետապնդում չիրականացնելու մասին որոշումը: Տնօրենը դատարանի այս վճիռը բողոքարկել էր վերադաս ատյաններում, բայց անհաջող: Այս անգամ նա դատարան էր կանչվել որպես մեղադրյալ, իսկ նախկին հայցվոր Սուսաննա Սարգսյանը ներկայացել էր վկայի կարգավիճակով: Շարունակ հետաձգվող նիստերից հետո վերջապես կայացած դատական նիստում մեղադրող դատախազ Սերժ Փիլոյանը հրաժարվեց իր ներկայացրած մեղադրանքից՝ հիմնավորելով, թե «մեղադրող կողմը քրեական հետապնդումը բացառող հանգամանք է հայտնաբերել»: Դատարանը վճիռ կայացրեց դպրոցի տնօրենի նկատմամբ հարուցված քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին: Փաստորեն, Կարինե Ստեփանյանի նկատմամբ առաջադրվել էր մեղադրանք, եւ գործն ուղարկվել էր դատարան այն դեպքում, երբ քննիչը չէր կատարել դատարանի վճիռը՝ չէր վերացրել քրեական գործը կարճելու վերաբերյալ իր նախկին որոշումը: Իսկ ըստ ՀՀ քր. դատ. օր.-ի 35 հոդվածի 8-րդ կետի՝ չի կարող քրեական հետապնդում կիրառվել, եթե առկա է գործը կարճելու վերաբերյալ չվերացված որոշում: Նման որոշման առկայությամբ էլ Լոռու մարզի քննչական բաժնի քննիչ Հ. Փարսադանյանը եւ մեղադրող դատախազ Ս. Փիլոյանը գործը ուղարկել են դատարան: Մեղադրող դատախազն այստեղ պաշտպանական կողմի «միտումնավորությունն» է տեսնում, որ «չի հայտնել իր բողոքն այս կապակցությամբ՝ նպատակ ունենալով մեղադրանքը հասցնել դատարան»: Իսկ մեղադրող կողմի գործողություններն ընդամենը որակում է որպես «թերացում». «Թերացումը թե դատախազության կողմից է, կոնկրետ՝ իմ կողմից, թե քննիչի կողմից. մեղադրող կողմի թերացման արդյունքն է դա»,-ասում է Ս. Փիլոյանը: Գործով նախկին հայցվոր, այժմ որպես վկա կանչված եւ այդպես էլ չհարցաքննված Սուսաննա Սարգսյանը, ով ներկա է եղել նախորդ հետաձված նիստերին (փետրվարի 11, 21, 22), «Հետքին» հայտնեց, որ վերջին չկայացած նիստի ժամանակ՝ մարտի 2-ին, երբ պաշտպանական կողմը հանդես է եկել հայտարարությամբ, թե մեղադրանքի կողմը չի կարող մեղադրանք առաջադրել, քանի դեռ նման չվերացված որոշում կա, մեղադրող դատախազն ասել է՝ «պետք է ծանոթանամ գործի հետ»: «Այսինքն՝ մեղադրող դատախազը նո՞ր էր ծանթանալու այն գործին, որի վերաբերյալ մեղադրանք էր առաջադրել, եւ որով ամեն անգամ ներկայանում էր դատարան»,- հարցնում է Սուսաննա Սարգսյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter