Երկուշաբթի, 24 սեպտեմբերի

Տրանսպորտի վարչությունում շաշկի են խաղում



Այսօր «Արժանապատիվ տրանսպորտ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստները տեղեկացրել են այն մասին, որ մարզեր-Երեւան տրանսպորտը շարունակում է մնալ կաթվածահար վիճակում:

Զանգահարեցինք ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարություն` հասկանալու, թե ինչու արդեն մեկ շաբաթ տեւած (սեպտեմբերի 30-ից) իրավիճակը չի վերահսկվում եւ կարգավորվում:

Նախարարության մամուլի խոսնակ Պետրոս Դեմիրճյանը տեղեկացրեց, որ իրենք իրավիճակի մասին հայտնել են նախարարության տրանսպորտի տեսչությանը, որն էլ պետք է զբաղվի արձանագրություններ կազմելով:

Հարցին, թե նախարարությունն արդյոք մինչ այսօր տեղյակ չէ՞, թե ովքեր եւ ինչու են խոչընդոտում մարզի բնակիչների ազատ տեղաշարժը, Պետրոս Դեմիրճյանը պատասխանեց.

-         Այդ ամենը մենք փորձում ենք պարզել:

-         Մարզերի բնակիչները նշում են, որ ոստիկանությունն է փակել ճանապարհները:

-         Ես դա արդեն չգիտեմ: Միգուցե ոստիկաններ էլ չեն, ինչ-որ մարդիկ են, որ ներկայանում են որպես ոստիկան եւ խոչընդոտում:

Տրանսպորտի տեսչությունից ասացին, որ իրենք մարզերում հատուկ տեսուչներ ունեն, ովքեր ամեն շաբաթ վերահսկում են իրավիճակը, կազմում արձանագրություններ եւ շաբաթվա վերջում նախարարությունում որոշում են` ինչպես վարվել հասարակական տրանսպորտը սպասարկող ընկերությունների հետ:

Չնայած իրավիճակն արդեն մեկ շաբաթ ձգձգվում է` դեռեւս որեւէ ընկերության պատասխանատվության ենթարկելու մասին տեղեկություն չկա: Ավելին` իրավիճակն էլ ավելի է սրվում, մարզերի ավտոկայաններում խառնաշփոթներ են առաջանում:

Նախարարություն կատարած մեր բազմաթիվ հեռախոսազանգերի ընթացքում միացանք նաեւ տրանսպորտի վարչություն: Վարչության պատասխանատուն նշեց.

-         Մենք այդ հարցով չենք զբաղվում:

-         Իսկ ինչո՞վ եք զբաղվում:

-         Ազատ ժամանակ շաշկի եմ խաղում,- ասացին ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության տրանսպորտի վարչությունից եւ անջատեցին հեռախոսը:

 


Գլխավոր էջ



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ