HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սոնա Ավագյան

Օրենքով արգելված է, բայց գովազդվում է

Տնօրենը խոստանում է խախտումը վերացնել շատ արագ

Այս լուսանկարներից առաջինում Սեբաստիայի 141/5, իսկ երկրորդում` Տիգրան Պետրոսյանի 25/5 հասցեում գտնվող «Երեւան սիթի» սուպերմարկետն է: Լուսանկարներում երեւում են մանկական սնունդ արտադրող «Հիփ» (Hipp) ընկերության գովազդները:

«Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետով արգելվում է «ա) մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված եւ մայրական կաթի փոխարեն օգտագործվող ցանկացած սնունդ եւ հեղուկ, ինչպես նաեւ կերակրման շշեր ու ծծակներ գովազդելը. բ) կրծքի կաթի փոխարինիչների տուփերի վրա տվյալ արտադրանքը գովազդող գրառումներ եւ նկարներ տեղադրելը»: Իսկ «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ կետը սահմանում է. «Արգելվում է ապրանքային նշանների կամ ֆիրմային անվանումների գովազդը, եթե այդ ապրանքային նշաններով կամ ֆիրմային անվանումներով թողարկվում են սննդամթերքի այնպիսի տեսակներ, որոնց նկատմամբ «Գովազդի մասին» ՀՀ օրենքով նախատեսվել են որոշակի սահմանափակումներ»:

«Երեւան սիթի» սուպերմարկետների ցանցի տնօրեն Վահրամ Կիրակոսյանը «Հետքին» ասաց, որ «Հիփը», բացի նորածինների եւ 6 ամսականից փոքր երեխաների համար նախատեսված սննդից, արտադրում է սնունդ նաեւ շատ ավելի մեծ տարիքի երեխաների համար, ինչպես նաեւ՝ խնամքի միջոցներ: Իսկ մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված սնունդն ընկերության տեսականու մի փոքր մասն է կազմում: «Մենք հաստատ չենք ուզել այդ տեսականին գովազդել: Մենք ինքներս շատ լավ հասկանում ենք, որ մայրական կաթին ոչինչ չի փոխարինում: Ուղղակի «Հիփը» շատ մեծ տեսականի ունի, ձեր ասածը կազմում է ընդամենը մի փոքր մասնիկը: Դրա համար գուցե վրիպել ենք այդ պահը»,- ասաց Վահրամ Կիրակոսյանը: Նա նշեց, որ «Հիփի» գովազդներում կավելացնեն որոշակի նշումներ, որոնք հստակ ցույց կտան, որ գովազդը չի վերաբերում մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված սննդին, քանի որ իրենց նպատակը այդ տարիքային խմբի սնունդը վաճառելը չէ: «Կշարունակենք գովազդը ճիշտ ձեւով: Եթե ոչ` ընդհանրապես կհանենք գովազդը: Կաշխատենք շատ արագ ուղղել»,- ասաց Վահրամ Կիրակոսյանը:

Նա չգիտեր, թե երբվանից են փակցված պաստառները: «Մեր «Հիփի» մասով տնօրենը քաղաքում չի հիմա, միգուցե դա է պատճառը, որ ճիշտ չի գնացել գովազդը»,- ասաց «Երեւան սիթիի» տնօրենը: Բացի որոշակի գովազդ արգելող արդեն իսկ ընդունված օրենքներից` շրջանառության մեջ է դրվել «Երեխաների կրծքով սնուցման խրախուսման եւ մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը մշակել են Ազգային ժողովի առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովը եւ առողջապահության նախարարությունը:

Այս օրինագիծը, ըստ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Քրմոյանի, մեկ քայլ առաջ է գնացել: «Ոչ միայն բժշկական հաստատություններում, ընդհանրապես օրենքի գաղափարախոսությունն է, որ արգելվում է մանկական սննդի եւ հարակից ապրանքների գովազդը: Գովազդի, խրախուսման կամ ոչ ճիշտ տեղեկատվության վտանգն այն է, որ դա անմիջապես կարող է ազդել երեխայի, մոր առողջության վրա»,- նշում է Սուրեն Քրմոյանը:

Մայրական կաթը պարունակում է առնվազն 100 բաղադրիչ, որոնք հնարավոր չէ սինթեզել, վերականգնել որեւէ արհեստական կաթնախառնուրդի մեջ, եւ որոնք ուղղակիորեն նպաստում են երեխայի աճին ու զարգացմանը: «Եթե մենք մեր առջեւ դնենք մի հարց, թե որտեղ է բնակչության առողջության հիմքը, ապա հիմքը նորածնի կրծքով սնուցումն է»,- նշում է ԱԺ առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը:

Մոր եւ մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանի խոսքերով` 95% դեպքերում ոչինչ չի խանգարում, որ մայրն իր երեխային կերակրի կրծքի կաթով: Սակայն Հայաստանում կրծքով սնուցման ցուցանիշը մոտ 80% է: 95% ցուցանիշին չհասնելու պատճառներից մեկն էլ երեխային վաղ տարիքում արհեստական սննդով կերակրելն է: Մանկական սնունդ արտադրող ընկերություններն ավելի ու ավելի ինտենսիվ են սկսում գովազդել իրենց արտադրանքը:

«Հենց առաջին կաթնախառնուրդների հետ ծնվեց նրանց գովազդը: Նեսթլեն, որն ընդամենը մի վարսավիր էր, ինչ-որ փոշիներ խառնեց իրար եւ ստացավ շատ պրիմիտիվ ու կովի կաթից շատ քիչ տարբերվող մի կաթնախառնուրդ, ասաց, որ «սա հրաշք հեղուկ է, լիարժեք փոխարինում է կրծքի կաթին, եւ երեխաները, որ առաջ կովի կաթից կարող էին մահանալ, այսօր կարող են փրկվել այդ կաթնախառնուրդի շնորհիվ»: Եվ կաթնախառնուրդի գովազդը շարունակվում է մինչեւ այժմ»,- ասում է «Վստահություն» առողջապահական ՀԿ-ի նախագահ, մանկաբույժ Սուսաննա Հարությունյանը:

Մի քանի տարի առաջ ՀԿ-ն «Հիփին» ու «Նեսթլեին» (Nestle) նամակներ էր ուղարկել, որոնք ստորագրել էին ՀՀ առողջապահության նախարարությունը, ՅՈւՆԻՍԵՖ-ի եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ազգային գրասենյակները: «Հիփը» որեւէ կերպ չէր արձագանքել այս նամակներին: Իսկ «Նեսթլեն», հերքելով իր արած մի քանի խախտումներ, ժամանակավոր դադարեցրել էր մի քանի այլ խախտումներ, օրինակ` 4 ամսականից փոքր երեխաների համար նախատեսված շիլաների վաճառքը Հայաստանում:

Համաձայն Պետեկամուտների կոմիտեի տվյալների` 2010 թ. առաջին եռամսյակի ընթացքում «Հիփ» արտադրատեսակը ներկրել է «Ալեքս Գրիգ» ՍՊԸ-ն, իսկ «Նեսթլեն»` «Նյու ֆորս» ՍՊԸ-ն: Ըստ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի տեղեկությունների` 2010 թ. առաջին եռամսյակի տվյալներով մանկական սննդի շուկայում գերիշխող դիրք ունեն հետեւյալ ՍՊԸ-ները` «Ալեքս Գրիգ», «Նյու ֆորս», «Սլավէքս», «Բեյբի-Սիմ» եւ «Նատալի Ֆարմ»: Ընդ որում` «Ալեքս Գրիգն» ու «Նատալի Ֆարմը» միանձնյա գերիշխող դիրք ունեցողներն են «Մանկական խյուսեր (պյուրեներ)» եւ «Մանկական հյութեր» ապրանքային շուկաներում (մանկական սննդի ապրանքային շուկաներում այս ընկերություններից յուրաքանչյուրի ունեցած բաժնին եւ իրացման ծավալին անդրադարձել ենք «Մանկական սնունդ. հայերեն մակնշումները լռում են գլխավորի մասին» հոդվածում):

«Հետքն» արդեն գրել է, որ «Արմենիա» հեռուստաընկերությունը շաբաթը 5 անգամ` առավոտյան, ցուցադրում է «Հիփ» ընկերության` 4 ամսականից սկսած երեխաների համար հյութերի գովազդը: Նման գովազդներ հեռարձակում են նաեւ այլ հեռուստաընկերություններ: «Հետքը» հարցում էր ուղարկել Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին (ՀՌԱՀ)` խնդրելով տեղեկություններ տրամադրել, թե ինչ քայլեր է ձեռնարկել ՀՌԱՀ-ը «Հիփի» այս արտադրանքը գովազդող հեռուստաընկերությունների նկատմամբ:

Ծրագրերի մոնիտորինգի եւ վերահսկողության վարչության պետ Հայկ Ավետիսյանը պատասխանել է, որ այդ «հյութերը չեն գովազդվում որպես մայրական կաթի փոխարեն օգտագործվող սնունդ կամ հեղուկ», իսկ «Գովազդի մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածի 6-րդ կետի դրույթները «վերաբերում են մայրական կաթի փոխարեն օգտագործվող սննդին եւ հեղուկներին»:

«ՀՌԱՀ-ը խախտումներ չի հայտնաբերել հայաստանյան հեռուստաընկերություններով ցուցադրվող, մինչեւ 6 ամսական երեխաների համար նախատեսված եւ մայրական կաթի փոխարեն օգտագործվող սննդի գովազդներում»,- տեղեկացնում է Հայկ Ավետիսյանը: Մինչդեռ ԱՀԿ-ն եւ ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը կոչ են անում մինչեւ 6 ամսական երեխային կերակրել բացառապես կրծքի կաթով: Բացառապես կրծքով սնուցում նշանակում է, որ երեխան, մայրական կաթից բացի, ոչինչ չի ստանում, նույնիսկ ջուր, առավել եւս «Հիփ» ընկերության հյութ, քանի որ մայրական կաթից բացի ցանկացած բան երեխայի ստամոքսում փոխարինում է դրան եւ զբաղեցնում դրա տեղը:

«Կրծքով սնուցումը իրեն հավասարը չունեցող միջոց է, որով կարելի է երեխային ապահովել առողջ աճի ու զարգացման համար իդեալական սնունդով»,- նշվում է ԱՀԿ-ի Նորածինների եւ երեխաների սնուցման համաշխարհային ռազմավարության մեջ: Փաստաթուղթը կոչ է անում 6 ամսականից սկսած` մինչեւ 2 տարեկան կամ ավելի, երեխաներին, մայրական կաթին զուգահեռ, տալ նաեւ հավելյալ սնունդ (ճաշեր, շիլաներ եւ այլն):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter