HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ադրինե Թորոսյան

Դատախազը սպասում է հետախուզվողի հայտնաբերմանը

«Հետքի» հարցերին պատասխանում է Լոռու մարզի դատախազ Կարեն Շահբազյանը

Ե՞րբ է հարուցվել Վանաձորի կիսակառույց մաքրման կայանի չարաշահումների վերաբերյալ առաջին քրեական գործը։

Վանաձորի կոյուղաջրերի մաքրման կայանի տարածքից գողության եղանակով հափշտակություններ կատարելու դեպքի առթիվ քրեական գործ հարուցվել է դեռեւս 2007 թ.։

Հափշտակության ժամանակահատվածը 1996-2007 թվականներն են։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով Վանաձոր քաղաքի բնակիչ Էդիկ Ղուկասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում, խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։ Էդիկ Ղուկասյանը մինչ օրս հետախուզման մեջ է, դեռեւս չի հայտնաբերվել։ Բացի այդ, նույն նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով պարզվել է, որ նույն ժամանակահատվածում առանձնապես խոշոր չափի գողության եղանակով հափշտակություններ են տեղի ունեցել նաեւ «Վանաձոր-Կամենկա» ջրագծի խողովակաշարից։ Պարզվել է, որ այդ հափշտակությունները նույնպես կատարվել են Էդիկ Ղուկասյանի կողմից։ Նշված արարքի համար նույնպես նա ներգրավվել է որպես մեղադրյալ։ Նրա բացակայության պատճառով քրեական գործի վարույթը կասեցվել է մինչեւ նրա հայտնաբերումը։

Կարծում եք՝ նա՞ է իրական հանցագործը։

Այս պահին ունենք ապացույցներ, որ կատարողը Էդիկ Ղուկասյանն է եղել։ Ձեր հարցին լիարժեք կարող եմ պատասխանել նրա հայտնաբերումից հետո։

Ի՞նչ կասեք Մելսիկ Այվազյանի հաղորդման վերաբերյալ. բանավոր զրույցների ժամանակ այդ հաղորդումը համարում էիք «ուշացած»։

Բնական է՝ նյութերի նախապատրաստման ընթացքում նաեւ այդ հարցն է առաջ եկել։ Եթե Մելսիկ Այվազյանը ժամանակին մասնակցել է այդ հափշտակություններին, այլ հարց է՝ տեղյակ եղե՞լ է հափշտակության մասին, թե՞ ոչ, համենայն դեպս իր տված հաղորդումով՝ ինքը տեղափոխել է ինչ-որ սարքավորումներ, որոնք, իր կարծիքով, եղել են մաքրման կայանինը: Հարց է առաջանում՝ ինչո՞ւ այսքան տարի հետո որոշեց հայտնել այդ մասին։ Ես այստեղ տեսնում եմ ինչ-որ անձանց հետ հարաբերություններից կամ իր անձնական շահերից բխող նպատակ։

Իսկ Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանի 2007 թ. հաղորդումը «ուշացած» չէ՞ր այն դեպքում, երբ մաքրման կայանի չարաշահումները նրան հայտնի էին դարձել դեռ 2005-ին: Նկատի ունեմ հետեւյալը. երբ 2005-ին Կառավարության որոշմամբ մաքրման կայանը Լոռու մարզպետարանի ենթակայությունից քաղաքապետարանի ենթակայությանն էր անցնում, մարզպետարանի եւ քաղաքապետարանի աշխատակիցներից կազմվել էր համատեղ հանձնաժողով, որն էլ ընդունում-հանձնում կատարելիս թաքցրել էր մաքրման կայանի չարաշահումներն ու հափշտակությունները։ Այս փաստը հայտնի է դարձել նախկին դատախազ Ալբերտ Ղազարյանի շնորհիվ։

Հաղորդումը ուշացած չեմ համարում, որովհետեւ դա շարունակական հանցագործություն է եղել։ Գտնում եմ, որ այսօր նշվող թվերն էլ հափշտակության լիարժեք ծավալն ու չափը չեն արտահայտում, որովհետեւ տեւական ժամանակ մաքրման կայանը մնացել է առանց հսկողության, թալանվել է։ Հետախուզվող անձը կհայտնաբերվի, որից հետո պարզ կդառնա՝ որ թվականին ինչ գողություն է կատարվել։

2006 թ. մաքրման կայանի մի մասը Վանաձորի ավագանու որոշմամբ շահագործման էր հանձնվել արարատցի մի գործարարի։ Այդ անձը ներգրավվե՞ց քրեական գործում եւ ի՞նչ կարգավիճակով՝ որպես տուժո՞ղ, վկա՞, թե՞ կասկածյալ։

Այս պահին չեմ հիշում, բայց բոլոր հանգամանքները քրեական գործի շրջանակներում քննության առարկա են դարձել։

Նախկին դատախազի օրոք պարզվել էր, որ դեռեւս 2004 թ. Վանաձորի ներկայիս քաղաքապետի եղբայր Սեյրան Դարբինյանը Լոռու նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի թույլտվությամբ եւ իր քաղաքապետ եղբոր հանձնարարությամբ ապամոնտաժել է մաքրման կայանի գույքի մի մասը եւ տեղափոխել իրեն պատկանող «Արգիշտի» ՍՊԸ։

Այդ բոլորի կապակցությամբ քննություն կատարվել է։ Նախաքննությամբ բոլոր հանգամանքները ստուգվել են։ Ինչպես նշեցի, Էդիկ Ղուկասյանին հայտնաբերելուց հետո նախաքննությունը կվերսկսվի, եւ բոլոր արարքներին կտրվեն իրավական գնահատականներ։

Ի վերջո, Սեյրան Դարբինյանը կրե՞ց պատասխանատվություն, թե՞ ոչ։

Կոնկրետ այդ գործից չեմ կարող ասել, բայց եթե խոսքը վերաբերում է բետոնային սարքավորմանը, այդտեղ հափշտակություն չի եղել։ Յուրացման հանգամանք չի հաստատվել։

Նախկին դատախազի օրոք բացահայտվել էր նաեւ, որ կիսակառույց մաքրման կայանն ավարտին հասցնելու համար 200 մլն դրամ հատկացում է եղել, որը փոշիացվել է նախկին մարզպետի, ներկայիս քաղաքապետի եւ մի շարք այլ պաշտոնյաների միջոցով։ Ի՞նչ կասեք այդ փաստի առթիվ։

Բոլոր հանգամանքները ստուգվել են, բոլոր հաղորդումներով նախապատրաստվել են նյութեր, որոնց ընթացք է տրվել։ Կլինի մարզպետ, քաղաքապետ, թե մեկ այլ պաշտոնատար անձ, եթե պատասխանատվության չի ենթարկվել, ուրեմն նրա արարքում հանցակազմ չի հայտնաբերվել։

Մաքրման կայանի չարաշահումների հետ կապված՝ շրջանառվում էին նաեւ գեներալներ Լեւոն Երանոսյանի, Արշալույս Փայտյանի եւ Մանվել Գրիգորյանի անունները։

Չեմ կարող ասել՝ նախկինում ինչ անուններ են շրջանառվել։ Ասում եմ այն, ինչ ձեռք է բերվել նախապատրաստված նյութերով։ Եթե անձինք պատասխանատվության չեն ենթարկվել, ուրեմն տարբեր հիմքերով նրանց նկատմամբ քրգործի հարուցումը մերժվել է, կամ վարույթը՝ կարճվել։ Կոնկրետ դեպքերով հիմա չեմ կարող ասել։

Այսինքն՝ նախկին դատախազի բոլոր բացահայտումները նրա սպանությամբ փակուղի՞ մտան։ Չէ՞ որ եղել են բացահայտումներ։

Բոլոր գործերն ընթացքով ավարտ են ունեցել։ Դատախազը ինչ բացահայտումներ որ արել է մաքրման կայանի հետ կապված, բոլորը դարձել են քննության առարկա։ Բոլորը քննվել են նույն քրեական գործի շրջանակում։ Այժմ քրեական գործով վարույթը կասեցված է։ Բայց դա չի նշանակում, որ այն ավարտված է, եւ օպերատիվ միջոցառումներ չեն իրականացվում։ Շեշտում եմ՝ Էդիկ Ղուկասյանին հայտնաբերելուց հետո նախաքննությունը կվերսկսվի, եւ կոնկրետ իրավական գնահատականներ կտրվեն։

Դատախազ Ալբերտ Ղազարյանի սպանության վարկածներից մեկն էլ կապված է մաքրման կայանի չարաշահումների վերաբերյալ նշված եւ մի շարք այլ քրեական գործերի հետ, որոնք գտնվել են նրա անմիջական հսկողության տակ եւ ուղղակիորեն առնչվել վերը նշված անձանց։

Ալբերտ Ղազարյանի սպանության դեպքի առթիվ քրգործի վարույթն իրականացնում է ՀՔԾ-ն։ Բնական է՝ վարկածներ կամ գործի վերաբերյալ տեղեկություններ լիազորված չեմ հայտնելու։ Բոլոր վարկածներով սպանության գործը քննվել է։ Եվ քանի դեռ բացահայտված չէ, քննությունը շարունակվում է։

Ի՞նչ եք կարծում՝ դատախազի սպանությունը կբացահայտվի՞։

Սպանության գործով շատ հանգամանքներ կան ճշտված։ Ուղղակի տեղեկություն չեմ կարող տրամադրել այն գործով, որը Լոռու մարզի տարածքում չի քննվում եւ մեր վարույթում չէ։ Անձամբ ես ցանկացած սպանության բացահայտում համարում եմ իմ առաջնային խնդիրը, առավել եւս՝ մարզի դատախազի սպանության գործը։

***

Չեն ասել հետախուզվողի անունը

Վանաձորի կիսակառույց մաքրման կայանի կողոպուտի պատմությանը «Հետքն» արդեն անդրադարձել է: Գլխավոր դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը, այս տարվա փետրվարին պատասխանելով «Հետքի» հարցմանը, տեղեկացրել է, որ Վանաձոր քաղաքի կեղտաջրերի մաքրման կայանում առանձնապես խոշոր չափերի հասնող գողությունների փաստերի առթիվ հարուցված քրեական գործը կասեցվել է: Հիշեցնենք, որ քրեական գործը հարուցվել է 2007 թ. Քր. օր.-ի 177 հոդվածի հատկանիշներով: «Քրեական գործի վարույթը կասեցված է` մեղադրյալի անձի գտնվելու վայրի անհայտ լինելու հիմքով: Նախաքննական մարմնի կողմից հայտարարված է հետախուզում, հանձնարարական է տրված օպերատիվ-որոնողական աշխատանքներ կատարել` մեղադրյալին հայտնաբերելու, գտնվելու վայրը պարզելու ուղղությամբ»,- հայտնում է Շ. Տոնոյանը: Մեր հարցին, թե ինչու չի հրապարակվում հետախուզվողի անունը, Շ. Տոնոյանը պատասխանել է, որ քննությունն իրականացնող մարմինը նպատակահարմար չի համարում այս պահին հայտնել հետախուզվողի անունը: ***

2007 թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 00:20-ի սահմաններում, աշխատանքից տուն վերադառնալիս, իր տան մոտակայքում, անհայտ անձի կողմից սպանվել է Լոռու մարզի դատախազ, Արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական Ալբերտ Կարուշի Ղազարյանը: Ա.Ղազարյանի ուղղությամբ արձակվել է 4 կրակոց, որոնց հետեւանքով մարզի դատախազը ստացել է 3 միջանցիկ եւ 1 կույր վնասվածք՝ թիկունքի, ուսերի եւ պարանոցի շրջանում: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակի 4 պարկուճ: ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով, ստեղծվել է քննչական խումբ, որի կազմում ընդգրկվել են ՀՀ դատախազության, ոստիկանության եւ ազգային անվտանգության փորձառու աշխատակիցները, ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները սպանության հանգամանքները պարզելու, մեղավոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննության արդյունքների մասին կհայտնվի լրացուցիչ:

Աղբյուրը՝ www.genproc.am

Վանաձորի մաքրման կայանի գործով հետախուզվողը

Վանաձոր քաղաքի Չուխաջյան փողոցի 60 շենքի 1-ին բնակարանի բնակիչ 22.05.1953 թ. ծնված Էդիկ Ազատի Ղուկասյանը 29.10.2007 թ.-ից հետախուզվում է Ոստիկանության Վանաձորի բաժնի կողմից ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter