HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանը պատվավոր հյուր` Ժնևի գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսում

Հայաստանը պատվավոր հյուրի կարգավիճակով ներկայացվելու է ապրիլի 29-ից մայիսի 3-ն անցկացվելիք Ժնևի գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսին: Այս առթիվ Հայաստան են ժամանել միջազգային ցուցահանդեսի պատասխանատուները և մի խումբ շվեյցարացի լրագրողներ` մոտիկից ծանոթանալու հայկական հին ու նորօրյա մշակույթին, շփվելու այդ մշակույթը պահպանողների ու կրողների հետ, պատրաստելու տեղեկատվական բնույթի ու հանրահռչակող նյութեր: ՀՀ մշակույի նախարար Հասմիկ Պողոսյանը նախարարության հրավերով Հայաստան եկած հյուրերին ներկայացրեց մշակույթի տարբեր ոլորտները, անդրադարձավ հայ գրատպության 500-ամյակին նվիրված հայաստանյան և արտերկրի մի շարք ծրագրերի: Հասմիկ Պողոսյանի խոսքերով` հայ գրատպության 500-ամյակին նվիրված ցուցադրությունների շարքը իրապես սկսվում է Ժնևից, որը ուրախալի է ու նաև շատ պատասխանատու: Ի պատասխան` Ժնևի գրքի և մամուլի միջազգային ցուցահանդեսի նախագահ, պատվիրակության ղեկավար Պատրիկ Ֆեռլան նախարարին հավաստիացրեց, որ իրենք կանեն ամեն ինչ, որ Հայաստանը Ժնևի գրքի միջազգային ցուցահանդեսում ներկայացվի լավագույնս: Հանդիպման ավարտին նախարարը հույս հայտնեց, որ ժնևյան պատվիրակության ներկայացուցիչները, այս օրերին այցելելով հայ միջնադարյան գրչության և դպրության կենտրոններ` Տաթևի վանք, Գլաձոր, Թարգմանչաց եկեղեցի, Մ.Մաշտոցի անվան Հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարան», երևանյան գրախանութներ, արվեստի օջախներ, շփվելով արվեստագետների ու մտավորականների հետ, միջազգային ցուցահանդեսին առավել համապարփակ և ճշմարիտ կներկայացնեն պատվավոր հյուր Հայաստանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter