HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Րաֆֆի Հովհաննիսյանի բողոքի հետեւանքները զգալու ենք ամիսներ անց

Սա ԱԺ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Ստեփան Սաֆարյանի կարծիքն է: Նա այսօր «Հայելի» ակումբում բանավիճում էր իր գործընկերոջ՝ հանրապետական Լեռնիկ Ալեքսանյանի հետ: Վերջինիս կարծիքով՝ «Ժառանգության» առաջնորդը հացադուլով իր «նպատակը որոշակիորեն լուծեց», քանի որ «եւ հասարակության ուշադրությունը հրավիրվեց, եւ խնդիրները եւս մեկ անգամ հնչեցին»: «Սա ակցիա էր, բայց բան անել, որ դա էն մեթոդն էր, որ պետք է անպայման գնալ, աջակցել կամ նախադեպ դարձնել, վրանների հարցով… Գիտեք ինչ կա, նախադեպ դարձնել ամեն մի քաղաքական խնդրի համար վրան խփելը, ճիշտ չեմ համարում»,- ասաց ՀՀԿ-ական Ալեքսանյանը: «Իսկ այն վրանները, մանկապարտեզը, որ որպես անարգանք տեղադրվել է Թամանյանի այդ հուշակոթողի կողքը, այն անարգանքը, որ մոնղոլական գմբեթներով, աշտարակիկներով տրվում է Թումանյանին եւ այն բոլոր մեծերին, այդ արձանների ներքո, -հակադարձեց Ստեփան Սաֆարյանը,- կներեք, իշխանությունը շատ էր ուզում երեխաների համար որեւէ վայր ստեղծել, թող այգիները պահեր, չսեփականաշնորհեր: Մեկ այգում տեղակայեր այդ ամեն ինչը եւ ասեր՝ երեխաների համար է՝ անվճար: Եվ ոչ թե երկրի հայաթափման, աղքատացման այս ֆոնի վրա բերեր, մի հատ էլ երեխաների ծնողների գրպանի հաշվին փող աշխատեր: Քաղաքային իշխանությունները էլ հայտարարեն, որ այնտեղ մանկական միջոցառումներ են: Բայցի նրանից, որ Ազատության հրապարակը բռնազավթված է պահվում, սա անարգանք է մշակութային հաստատության նկատմամբ, հրապարակի խորհրդի նկատմամբ»: Լեռնիկ Ալեքսանյանը նկատեց, թե հացադուլ սովորաբար անում են հուսահատված մարդիկ, իսկ հիմա  «այն խնդիրը չէր, այն հրատապ բանը չէր, որ հացադուլ արվեր»: Ըստ նրա՝ կան պայքարի այլ ձեւեր եւ «թողնել խորհրդարանի ամբյոնը, ինչ-որ պիտի ասեր, եւ գալ ընդեղ, ես, կարծում եմ, մի քիչ արդյունավետ չի»: Սաֆարյանն էլ խնդրեց հիշեցնել մեկ դեպք, երբ  «Ժառանգության» բարձրաձայնած խնդիրները ԱԺ մեծամասնությունը մտցրել է օրակարգ: ՀՀԿ-ական պատգամավորը ոչ մի օրինակ չհիշեց: Նա նշեց, որ հացադուլը մեր հասարակության համար թեև ընդունելի, այնուամենայնիվ, ընկալելի բողոքի ձեւ չէ: Ավելին՝ «մեր ժողովրդի հոգեկերտվածքի մեջ կա նաեւ մի բան. գնում են այն քաղաքական գործչի հետեւից, որն ավելի ուժեղ է», իսկ հացադուլը չի դիտվում իբրեւ ուժեղ մարդու քայլ: «Ժառանգության» պատգամավորն էլ հակադարձեց, որ Ր. Հավհաննիսյանն իր քայլով որպես մշակույթ ներմուծեց նաեւ պայքարի այդ ձեւը՝ հացադուլը, «որովհետեւ շատ-շատերն ուտում են՝ չմտածելով սովածների մասին, շատ շատերն ուտում են, այն էլ անասելի չափերով՝ երբեւիցե չմտածելով, որ ուտում են ուրիշի փայը, որ չուտողը ստիպված կամ իր բնակարանի մեջ է մեռնում կամ երկրից հեռանում»: Սաֆարյանի խոսքերով՝ կատարվածն ուղղակի ցույց տվեց, որ այո, այդ ուտողները երբեք չեն պատրաստվում իրենց ուտելիքից հանուն սովածների հրաժարվել: Նա նշեց, թե հոգու ուզում էր, որ Հովհաննիսյանի հացադուլը «շատ ավելի մեծ ցնցում առաջացներ», գոնե սպասում էր, որ իշխանությունն իր քաղաքացու, հասարակության խնդիրը կդնի օրակարգում եւ քաղաքականության մեջ: Սակայն հացադուլի շնորհիվ բազմաթիվ մարդիկ «հիրավի մի բան ասացին, որ դուք մեկտեղել, մեկ ձայնի մեջ եք ամփոփել մեր բողոքը եւ մենք կանգնած ենք ձեր կողքին, շարունակելու ենք հնչեցնել այդ ահազանգը»: Այն խնդիր-պահանջները, որոնց համար «ժառանգության» ղեկավարը 15 օր անցկացրեց հացադուլի մեջ, ըստ Լեռնիկ Ալեքսանյանի, Հանրապետական կուսակցության համար նորություն չէին, եւ իրենք միշտ էլ դրանք քննարկում եւ լուծման ուղիների շուրջ խորհրդակցում են: «Բայց առաջին օրերին շատերը եւ բավականին բարձրաստիճան պաշտոնյաններ, ասում էին՝ ծանոթ չենք, թե Րաֆֆին ինչ է ուզում: Նա պահանջ չի դրել: Իսկ 15 օր հետո ասո՞ւմ եք՝ գիտեինք, թե ինչ էր ուզում»,- հակադարձեց Ստեփանյանը եւ անդրադարձավ մամուլի այն հրապարակումներին, թե Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլը պատվիրված էր իշխանության կողմից. «Ես կարծում եմ, որ այս օրերը ցույց տվեցին, թե ում մտքում, սրտի մեջ եւ հոգու խորքում ինչ կա: Ով ինչից է խոսում եւ ով ինչպես է պահում: Սա բավականին լավ լակմուսի թուղթ էր»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter