HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գյուղացիներն արձագանքում են իշխանավորներին

«Մեզնից յուրաքանչյուրը պետք է պարբերաբար այցելի գյուղեր` զբաղվելու գյուղատնտեսական խնդիրներով, ինքս եմ պարբերաբար գնալու գյուղեր եւ ինքս եմ որոշ ծրագրեր հսկողության տակ պահելու»,- մարտի 12-ին գյուղատնտեսության խնդիրներին նվիրված խորհրդակցությանը հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: «Գյուղում բան չի փոխվելու: Ես հարգում եմ իմ Կառավարությանն ու պետությանը, բայց ես չեմ հավատում, որ նախագահն ասավ` գյուղեր ենք գնալու: Բացի այդ էլ, հնարավոր չի, որ Ս. Սարգսյանը գնա գյուղ ու շարքային գյուղացիներին հանդիպի: Գնալու է մեծ ֆերմերների մոտ: Վարիանտ չկա, որ նախագահն ու վարչապետը շարքային գյուղացու մոտ գնան, որովհետեւ տենց ա: Ո՞նց կլինի, որ նախագահ Ս. Սարգսյանը գա մեզ հարցնի, թե մենք ինչ ենք ուզում»,-ասում է Լոռու մարզի Արդվի գյուղի բնակիչ Սերժիկ Վերանյանը: Նա գտնում է, որ մեր երկրում հնարավոր չէ գյուղատնտեսության զարգացումը, որովհետեւ անցումային 20 տարիներին Կառավարությունը այնքան անուշադիր է եղել գյուղի նկատմամբ, որ դրա զարգացման համար անհրաժեշտ կենսական ենթակառուցվածքներ չեն ստեղծվել: Արդվեցիները գտնում են, որ կարիքավոր գյուղացիներին գարի տալու մասին Կառավարության ծրագիրն ուշացած է, այդ մասին վերջինս աշնանը պիտի գյուղացիներին տեղեկացներ: «Գարին աշնանացան չեն անում, բայց որ Կառավարությունը գարիով օգնելու մասին գյուղացիներին աշնանը լիներ ասած, մենք հողը կնախապատրաստեինք, որ հիմա ցանեինք: Հմի ի՞նչ վարես, որ ցանես: Գարին ձնի հետ պտի ցանվեր: Էսօր Կառավարության կողմից աղքատ գյուղերին գարի տալը անիմաստ օգնություն է արդեն»,- ավելացրեց Սերժիկ Վերանյանը: Նա գտնում է, որ գյուղատնտեսությանն աջակցելու համար երկրի նախագահն այլ հարցերում պիտի միջամտի. «Երկարաժամկետ, ցածր տոկոսադրույքով վարկն ա, հողի եւ անասունների ապահովագրելն ա, գյուղմեխանիզացիա չունենք, առաջվա նման որ մեքենատրակտորային կայաններ լինեն, որ գնայի պատվիրեի, իմ ուզած ժամանակ տեխնիկան գար: Գյուղացուն դա է պետք: Եթե նախագահ Ս. Սարգսյանը գոնե էս մի քանի խնդիրը լուծի, գյուղը կարա շնչի»: Դավիթ Կիրակոսյանը նույնպես բողոքեց գյուղատնտեսական վարկերի տրամադրման պայմաններից. «Ընդի տալիս են, ընդի խեղդում են, վերունում: Երկարաժամկետ վարկ տան, որ գյուղացիք կարողանան հողի վրա գործ անեն: Ես 5 հա հող ունեմ, գոնե մի 5 տարով վարկ տան, հը: Ուզում եմ վեր ունեմ, գնացել եմ: Ասըմ են` մի տարով ենք տալի, էդ էլ` 24%-ով: Մի տարումը դեռ բերքը վերկալած չեմ լինում, ինձ խեղդում ա, ասում ա` վարկը տուր»: Տելեմակ Աղվանյանի կարծիքով` բանկը վարկը պետք է տա խելացի գյուղացիներին. «Ենթադրենք` ինձ տվել ա 50 հազար դոլար, 50 հազար դոլարի տակից ես կարա՞մ դուրս գամ: Գյուղի մարդը պետք է տնտեսություն ղեկավարել իմանա, եթե մարդը տնտեսություն ղեկավարել չիմանա, պետությունը ճամփեն ոսկի շինի, ամեն ինչը ոսկի շինի, վերջ ի վերջո, գյուղացին պետք է իր վերցրած փողը ծախսի: Եթե գյուղացին չգիտի, կարըմ չի տնտեսություն ղեկավարի, կարըմ չի էդ փողը խելացի ծախսի, պետությունը հըլե օգնին հա նրան: Ես 1999 թ. բանակից եկել եմ: Մի հատ գառ եմ ունեցել, հմի ունեմ 12 հատ ոչխար, մինչեւ հիմա էլ 100 ոչխար եմ մորթել ու ծախել: Պետությունը ինձ ոչ մի բանով էլ չի աջակցել: Երկու հատ մոզի եմ ունեցել, գիտե՞ք ոնց է ստացվել, եթե ուզում ես զարգանաս, պտի ինչ-որ բաներից քեզ կտրես, ես հաշվարկել եմ, որ ամեն տարի պետք է ինչ-որ ձեւով իմ տնտեսությանը մի բան ավելացնեմ, պետք է 100 մ կարտոֆիլի ցանքս ավելացնեմ, մի գառ ավելացնեմ, մի հատ հորթ ավելացնեմ: Անկախ նրանից` սոված էլ լինեմ, պետք է ավելացնեմ: Ու ես հասել եմ իմ նպատակին»: Տ. Աղվանյանը մասնագիտությամբ ագրոնոմ է: Նա պետության կարեւոր աջակցությունը համարում է հողը մշակել չկարողացող գյուղացուց այն ետ վերցնելը: Սակայն, մի վերապահում է անում. «Պետությունը թող մի հատ գյուղի վրա փորձի: Գա հենց թեկուզ մեր գյուղի վրա փորձի, ամենքին 1000 դոլար գումար տա անհատույց: Մի 3 տարի հետո տեսնենք` էդ մարդիկ կարողացե՞լ են իրենց տնտեսությունը զարգացնել, եթե չեն կարողացել, ամբողջ Հայաստանում չմշակողներից հողը թող վերցնեն, մշակողներին տան: Եթե մի փայ հող ունես, 1000 դոլար ենք տալի, 3 տարում չես կարողանում ոտքի կանգնես, ուրեմն էդ հողը քո ձեռքին գործ չունի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter