Չորեքշաբթի, 19 սեպտեմբերի

Մարզպետների «մրցութային փաթեթի» առանցքում համայնքապետերի հավատարմության ցուցանիշն է



Տարեսկզբին Կառավարությունը 10,12 մլրդ դրամ հատկացրեց Հայաստանի մարզերին` բնակչության կենսամակարդակը բարձրացնելու նպատակով: Ըստ փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի` գումարները ծախսվելու են 2 նպատակով. նախատեսվում է կապիտալ կամ մասնակի վերանորոգել դպրոցներ, մշակույթի տներ, մարզպետարանների շենքեր: «Նախատեսել ենք նաեւ այդ գումարներով լուծել համայնքների արտադրական ենթակառուցվածքների խնդիրները, մասնավորապես` բազմաբնակարան շենքերի տանիքների եւ վերելակների վերանորոգում, ճանապարհների բարեկարգում, ջրամատակարարման եւ գազաֆիկացման հարցերի լուծում»,- տեղեկացրեց փոխվարչապետը: Այս հարցի շուրջ անցկացրած խորհրդակցության ժամանակ Ա. Գեւորգյանը մարզպետներին առաջարկեց ժամանակ չկորցնելու համար նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմումն իրականացնել մեկ աղբյուրի սկզբունքով: Նախագծերը պատրաստելուց հետո մարզպետները պետք է առաջարկություններ ներկայացնեն մրցութային փաթեթները կազմելու վերաբերյալ: Եվ այսպես` ծրագրի մեկնարկը տրված է, իսկ ընթացքի մասին առայժմ մի բան է հայտնի, որ այս անգամ մարզպետները ծրագրերի նախահաշիվը պետք է կատարեն ոչ թե գնումների գործակալության միջոցով, այլ` մեկ աղբյուրի սկզբունքով: Այս հանգամանքը իրականում մեզ այնքան էլ չի հուզում, քանի որ գնումների գործակալության միջոցով նախաշիվ ներկայացնելը մեր երկրում դեռեւս չի նշանակում իրական մրցակցության պայմաններում ձեւավորված գին: Մեզ համար կարեւորն այն է, թե համայնքներն ինչ սկզբունքով են ընդգրկվելու ծրագրում, հատկապես, երբ մարզերին հատկացված գումարի չափը հնարավորություն չի տալիս բոլորին բաժին հանել դրանից: Շատ կարեւոր է, թե ինչ չափանիշներ են սահմանվելու ծրագրերի ընտրության հարցում, համայնքներում ինչպես է որոշվելու, թե որն է իրենց համար առաջնահերթ լուծում պահանջող խնդիրը: Այս ամենը չենք նշում միայն նրա համար, որ այդ քայլերն իրականացնելն օրենքի պահանջ է: Հարցն այստեղ կարեւորվում է այն տեսանկյունից, որ նշված գործողությունները չկարեւորելու արդյունքում չի ապահովվելու արդարությունը, աշխատանքի որակը, կազմակերպվածությունը, որոնք մեր երկրի իշխանության առաջին դեմքերն ակնկալում են մարզպետներից: Մարտի 16-ին մարզպետների հետ անցկացրած խորհրդակցության ժամանակ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտնեց, թե ակնկալում է, որ այդ աշխատանքները կատարվելու են որակով ու ժամանակին: Աշխատանք կատարողներն էլ պետք է հաշվետու լինեն ինչպես միջոցների արդյունավետ օգտագործման, այնպես էլ ծրագրերը որակով իրականացնելու համար: Մարզպետարանների պաշտոնական կայքէջերից ոչ մեկում տեղեկություն չկա Կառավարության որոշումով տվյալ մարզին հատկացված գումարի մասին: Կառավարության հիշյալ որոշման մասին իրազեկումը չի ընդգրկվել նաեւ մարզխորհուրդների օրակարգում: Հայտնի չէ, թե ինչ չափորոշիչների հիման վրա են համայնքներն օգտվելու Կառավարության ֆինանսական հատկացումներից, որ համայնքերին եւ հատկապես որ ծրագրերին է տրվելու նախապատվությունը, այլ կերպ ասած` ինչպիսին է լինելու մարզպետների կազմած «մրցութային փաթեթը»: Սա գործողությունների մի ամբողջական շղթա է, որի ապահովումը կարող է երաշխավորել իրականացվող ծրագրերի արդյունավետությունը, իսկ դրա բացակայությունը մարզպետ-համայնքապետեր, համայնքի ղեկավար-բնակչություն առնչությունների փաստացի իրավիճակի ներկայացումն է: «Եթե տեսնենք, որ այս անգամ էլ այդ ծրագիրն արդյունավետ կլինի, ինչպես եղավ 2007 թ., ապա վստահեցնում եմ, որ այդպիսի մի ծրագիր էլ կնախատեսենք այս տարվա վերջին, եւ այդ ծրագիրն իր չափերով կլինի ամենախոշորը: Մեր բյուջեի սուղ միջոցներից հայթայթել գումարներ եւ այդ գումարները ծախսել ոչ արդյունավետ` որեւէ մեկին թույլատրելի չէ»,- մարզպետներին հայտնել է հանրապետության նախագահը: Հիշեցնենք, որ մի քանի տարի առաջ` 2007 թ., Կառավարությունը պահուստային ֆոնդից դարձյալ հատկացումներ կատարեց մարզերին` 9 մլրդ 817 մլն 800 հազար դրամ, եւ բաշխումը վստահեց մարզպետներին: Համայնքներ կային, որտեղ երեք ծրագիր էր իրականացվում այդ գումարներով, կային համայնքներ, որոնք, չնայած իրենց բազմաթիվ խնդիրներին, ծրագրում չընդգրկվեցին: Համայնքապետերից շատերը տեղյակ էլ չէին այդ մասին. ծրագրերի առաջարկի մրցույթ չէր անցկացվել, քննարկում չէր եղել, այդ մասին տեղեկացել էին շրջանառվող կցկտուր խոսակցություններից: Նման համայնքների ղեկավարները երկար ժամանակ փորձում էին բացատրություն գտնել իրենց համար, թե ինչու մարզպետի բարեհաճությանը չարժանացան, ինչու նա համայնքապետերից մեկին առաջարկել է ծրագրում ընդգրկվել, իսկ իրեն` ոչ: Երկար փնտրտուքի արդյունքում իրենց համար մեկ-երկու պատճառ էին առանձնացնում, որից մեկն անպայման ընտրությունների ժամանակ քվեների արդյունքներով մարզպետին չգոհացնելն էր: Կրկին անդրադառնալով 2007 թ. ծրագրի իրականացման արդյունավետությանը` ասենք, որ, իրոք, եղան համայնքապետեր, որոնք ստեղծված հնարավորությունը բարեխղճորեն օգտագործեցին համայնքում մի կարեւոր աշխատանք ավարտին հասցնելու համար, եղան նաեւ համայնքներ, որոնց հատկացված հսկայական գումարը փոշիացավ: «Հետքում» բազմաթիվ հրապարակումներ են եղել այդ մասին, հիշեցնեմ դրանցից երկուսը.
  • Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքում «առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրը» համարվեց մարզադաշտի նորոգումը, որի համար հիշյալ ծրագրով 76 մլն դրամ հատկացվեց: Ծրագրի ավարտից հետո մարզադաշտի մասին ասվեց` «Նոյեմբերյան քաղաքի ֆուտբոլի մարզադաշտը չհնձած խոտհարք է հիշեցնում»:
  • Կոտայքի մարզի Գառնի գյուղում 4 կմ խմելու ջրի ներքին ցանցի հիմնանորոգում պետք է կատարվեր, որի համար նույն ծրագրով 35 մլն դրամ հատկացվեց, եւս 3,5 մլն դրամ համայնքապետարանը ներդրեց սեփական բյուջեից: Ծրագիրն ավարտվեց, սակայն ջրագիծը չկառուցվեց:
Չինք ցանկանա, որ այս ծրագիրն էլ նույնքան «արդյունավետ» իրականացվեր, ինչպես 2007-ին, երբ մանկապարտեզները, մշակութային օջախները հանձնվեցին կիսավարտ կամ վերանորոգումից անմիջապես հետո պարզվեց, որ դրանք կապիտալ վերանորոգման կարիք ունեն: Այն ժամանակ առջեւում ընտրություններ էին, եւ ամեն ինչ ներվում էր «տեղական իշխանիկներին», հիմա էլ առջեւում ընտրություններ են... եւ բացառված չէ, որ գումարները բաշխելիս մարզպետների համար առաջնայինը դարձյալ համայնքապետերի հավատարմության ցուցանիշները լինեն:

Գլխավոր էջ


Տես նաև՝

ավելին



Մեկնաբանել
Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։

Լրահոս

Բոլոր նորությունները

Արխիվ