HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Համաքաղաքային շաբաթօրյակ ու ծառատունկ` ապրիլի 9-ին և 16-ին. կտնկվեն հազարավոր ծառեր

Ապրիլի 9-ին Երևանում կտնկվի 15.300 ծառ, որից 3600-ը` փողոցներում, 4350-ը` զբոսայգիներում և պուրակներում: 2970 տնկի համատիրությունների ուժերով տեղ կգտնի բակային տարածքներում: Եվս 4360 ծառ կտնկվի առողջապահական, նախադպրոցական ուսումնական հաստատությունների և հանրակրթական դպրոցների տարածքներում: Զանգվածային ծառատունկ կիրականացվի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Փարոսի բլուր» կոչվող տարածքում, որտեղ կվերագործարկվի նաև ոռոգման համակարգը: Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանի խոսքով` գործընթացը կազմակերպելու համար կենտրոնացված են բոլոր ռեսուրսները, այդ թվում վարչական շրջանների աղբահանության և սանմաքրման ընկերությունների և առանձին ոչ պետական ձեռնարկություններին ամրացված տեխնիկան, որի օգնությամբ կտեղափոխվի մաքրման աշխատանքներից հետո կուտակված աղբը: Անհրաժեշտ մյուս գործիքները բաշխված են վարչական շրջաններին: Ծրագրին կմասնակցեն նաև պետական և ոչ պետական կազմակերպությունները, բուհերը: Կամո Արեյանը Երևանի քաղաքապետի անունից մայրաքաղաքի բնակչությանը և հիմնարկ ձեռնարկություներին կոչ արեց ակտիվորեն մասնակցել ապրիլի 9-ին և 16-ին կայանալիք շաբաթօրյակներին ու ծառատունկին` նշելով որ մայրաքաղաքի մաքուր ու բարեկարգ վիճակը բոլորիս ձեռքբերումն է լինելու: Հատուկ ընդգծվեց նաև կատարված աշխատանքին հոգատար վերաբերվելու, շրջակայքը մաքուր պահելու անհրաժեշտությունը: Կամո Արեյանի խոսքերով` 2011 թ. մայրաքաղաքում նախատեսված են բարեկարգման և կանաչապատման լայնածավալ աշխատանքներ` շուրջ 2 մլրդ դրամ արժեքով: Աշխատանքներ կիրականացվեն ինչպես եղած կանաչ գոտիների պահպանության, այնպես էլ նորերի ձևավորման ուղղությամբ: Վարչական շրջաններում, այդ թվում նաև քաղաքի հիմնական մուտքերին հարող փողոցներում արդեն մեկնարկել է Իրանից ներկրված 4000 մշտադալար տնկիների ծառատունկը: Զուգահեռ իրականացվելու են ոռոգման ցանցերի անցկացման աշխատանքներ` շուրջ 300 մլն դրամ արժողությամբ: Մայրաքաղաքում այս տարի կմեկնարկի տնկարկային 2 խոշոր անտառի ստեղծման նախագիծը: Առաջին անտառագոտին կունենա 51 հեկտար տարածք Էրեբունու ՋԷԿ-ին հարող հատվածում, որից 21 հա-ը կտնկվի այս տարի: Երկրորդ անտառագոտին կունենա 60 հա տարածք Էրեբունի օդանավակայանին հարող հատվածում: Երևանի քաղաքապետարանի լրատվական վարչությունը հայտնում է, որ համաքաղաքային բյուջեից ևս 600 մլն դրամ կուղղվի նոր սիզամարգերի ու ծաղկանոցների ծրագրին: Բարեկարգման ընդհանուր աշխատանքների ծավալները կկազմեն մոտ 20 մլրդ դրամ: Եվս 7.7 մլրդ դրամի աշխատանքներ պատվիրակված են վարչական շրջաններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter