HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պետությունը պատրաստ է 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ԱԱՀ-ի վճարումը

Այս մասին հայտարարել է Սերժ Սարգսյանը «Ցանկացած արտադրության, որը կհիմնվի հանրապետությունում և կլինի նորարարական բազայի վրա, առանց մասնագիտական տերմինների ասած` եթե կարտադրվի մի արտադրանք, որն այսօր մեր հանրապետությունում չի արտադրվում, մենք` որպես պետություն, պատրաստ ենք օգնելու միջոցներով, առաջին հերթին պատրաստ ենք տալ հարկային արտոնություններ»,- այսօր` գործարարների հետ հանդիպման ժամանակ, ասել է նախագահ Սերժ Սարգսյանը: Մասնավորապես, նա նշել է, որ պետությունը պատրաստ է նման արտադրություններին 3-4 տարով ազատել շահութահարկից, հետաձգել ավելացված արժեքի հարկի վճարումը: «Պատրաստ ենք այլ օժանդակությունների»,- հավելել է Սերժ Սարգսյանը: Գործարար համայնքի ներկայացուցիչների նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը տեղի է ունեցել «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ընկերությունում: Գործարարները և նրանց միավորող կազմակերպությունների` «Հայրենական ապրանքարտադրողների միության», «Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության», «ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի» ներկայացուցիչները Սերժ Սարգսյանին ներկայացրել են իրենց հուզող խնդիրները, դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները: «Ակնհայտ է, որ գործարար միջավայրի բարելավումը, առկա խնդիրների բացահայտումը և խոչընդոտների դեմ պայքարն առաջին հերթին պետության գործն է: Բայց ապավինել միայն պետությանը ճիշտ չէ: Մենք պետք է կարողանանք հենվել գործարարների միությունների, այն մարդկանց վրա, ովքեր շահագրգռված են կոնկրետ խնդրի լուծմամբ»,- ասել է Սերժ Սարգսյանը: Նա այցելել է «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ի հիդրոմետալուրգիական և մանրացման արտադրամասեր: Ընկերության գործունեության հիմնական ուղղվածությունը ֆերոմոլիբդենի արտադրությունն է: Պատրաստի արտադրանքն ամբողջությամբ արտահանվում է Եվրոպա և Ասիա: 2003 թ. ստեղծված «Արմենիան Մոլիբդեն Փրոդաքշն» ՍՊԸ-ն հանրապետությունում առավել դինամիկ զարգացող մետալուրգիական ձեռնարկություններից մեկն է, որտեղ այսօր աշխատում է շուրջ 500 մարդ: Սերժ Սարգսյանն այսօր մայրաքաղաքում այցելել է նաև «Արարատ» սննդի կոմբինատ» ՍՊԸ, որտեղ ներկա է եղել ընկերության հյութերի արտադրության գործարանի բացման արարողությանը, ծանոթացել արտադրական հնարավորություններին և ծրագրերին: «Արարատ» սննդի կոմբինատը», ներքին շուկայում իր արտադրանքի իրացումից բացի, նախատեսում է հյութեր արտահանել ԱՄՆ և Եվրոպա: Ընկերությունն ընթացիկ տարում ծրագրում է կազմակերպել նաև թեյի վերամշակում և փաթեթավորում: Հիմնական ուղղվածությունը լինելու է թեյի արտադրությունը հայկական ավանդական բուսատեսակներից` ուրց, նանա, մասուր, ալոճ: Ըստ նախնական ժամանակացույցի` ներդրումային ծրագիրը կավարտվի հոկտեմբերի կեսերին, և նոյեմբեր ամսից կգործարկվի թեյի արտադրամասը: «Արարատ» սննդի կոմբինատը» ծրագրում է 2013 թ.-ից ներդրումներ իրականացնել սեփական այգիների ստեղծման ուղղությամբ: Վերը նշված ներդրումները հնարավորություն կընձեռեն առաջիկա տարիներին ստեղծել մոտ 500 աշխատատեղ: Այնուհետև նախագահն այցելել է «Մաքուր երկաթ» ԲԲԸ, շրջել է ֆերոմոլիբդենի և մաքուր մոլիբդենի արտադրամասերում, ընկերության ղեկավարության հետ զրուցել «Մաքուր երկաթի» ընթացիկ գործունեության և զարգացման ծրագրերի մասին: Այժմ կառուցվում է մոլիբդեն մետաղի գլանման արտադրամաս` թիթեղների ստացման նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter