HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավոր Մելիքյանին հիշեցնում են, որ կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության

2011 թվականի ապրիլի 11-ին ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ստացվել է անչափահաս Վահե Արսենի Հակոբյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական գործը:

Դատաքննության արդյունքում դատարանը հաստատված է համարել, որ Վ.Հակոբյանը, իրականացնելով ավտոմեքենայի ոչ պատշաճ ու վտանգավոր երթևեկություն, ստեղծել է վթարային իրադրություն, որի արդյունքում Սեյրան Մելիքյանին պատճառվել են կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներ, որի հետևանքով տուժողը նույն օրը մահացել է:

Սեյրան Մելիքյանը ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանի հայրն է: Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2011 թվականի օգոստոսի 12-ի դատավճռով նշված արարքի համար Վ.Հակոբյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում երեք տարի ժամկետով` ավտոմեքենա վարելու իրավունքից զրկելով երեք տարի ժամկետով: 

Պատիժ նշանակելիս դատարանը հաշվի է առել, որ առկա է օրենսդրական պահանջ (ՀՀ քրեական օրենսգրքի 89-րդ հոդված) այն մասին, որ անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ մեղսագրվող արարքի համար կարող է նշանակվել ազատազրկում` առավելագույնը երեք տարի ժամկետով: 

«Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի համաձայն` դատարանը պարտավոր է պատժից ազատել առավելագույնը երեք տարի ժամկետով ազատությունից զրկելու հետ կապված պատիժների դատապարտված անձանց, իսկ 2-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն` առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման դատապարտված հանցագործությունը մինչև 18 տարին լրանալը կատարած այն անձանց, որոնք նախկինում դիտավորյալ հանցագործություն կատարելու համար ազատությունից զրկելու հետ կապված պատիժ չեն կրել:

Անդրադառնալով նշանակված պատիժը Վ.Հակոբյանի կողմից կրելու հարցին` դատարանն արձանագրել է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 82-րդ հոդվածի հիման վրա անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ կիրառելի է «Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային ժողովի 2011 թվականի մայիսի 26-ի որոշումը, որի արդյունքում, համաներման ակտի կիրառմամբ Վ.Հակոբյանն ազատվել է ազատազրկման ձևով նշանակված պատժից:

Տուժողի իրավահաջորդ Սպարտակ Մելիքյանի կողմից քրեական գործով ներկայացրած քաղաքացիական հայցը` 600.000.000 (վեց հարյուր միլիոն) ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, բավարարվել է մասնակիորեն` վճռվել է Վահե Հակոբյանից հօգուտ Սպարտակ Մելիքյանի բռնագանձել 4 մլբ 804 հազար ՀՀ դրամ: 

Առաջին ատյանի դատարանի դատական քննության ընթացքում տուժողի իրավահաջորդ Սպարտակ Մելիքյանը և նրա ներկայացուցիչը հարուցել են բազմաթիվ տարաբնույթ միջնորդություններ դատական նիստերը հետաձգելու վերաբերյալ, որի արդյունքում գործի քննությունը տևել է չորս ամիս: Այդ ժամանակահատվածում ևս անչափահաս Վ.Հակոբյանը գտնվել է կալանքի տակ:  

Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ տուժողի իրավահաջորդ Ս.Մելիքյանը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որում դժգոհություն է հայտնվել ինչպես անչափահաս Վ.Հակոբյանի նկատմամբ համաներում կիրառելու, այնպես էլ 600 միլիոն ՀՀ դրամի չափով ներկայացված քաղաքացիական հայցը մասնակիորեն բավարարելու հանգամանքից՝ գտնելով, որ Վ.Հակոբյանը պետք է վերցվի կալանքի, իսկ ներկայացված քաղաքացիական հայցը` բավարարվի ամբողջությամբ: Վերաքննիչ բողոքը դեռևս քննության փուլում է:   

Չբավարարվելով օրենքով սահմանված կարգով իր դժգոհությունները քննարկելու և լուծելու օրինական գործընթացով՝ Սպարտակ Մելիքյանը, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորի իր կարգավիճակը, 2011 թվականի հոկտեմբերի 4-ին ՀՀ Ազգային ժողովի նիստում հանդես է եկել հայտարարությամբ, որն իր մեջ պարունակում է դատական իշխանության և նրա ղեկավարների հասցեին արված վիրավորական և զրպարտչական արտահայտություններ:

Փաստորեն, Սպարտակ Մելիքյանը, հանդիսանալով դատարանում քննվող քրեական գործով դատավարության մասնակից, դատական համակարգի հանդեպ ունեցած իր կարծեցյալ մտահոգություններն արտահայտելու պատրվակով, օգտագործելով ՀՀ Ազգային ժողովի ամբիոնը, փորձել է ճնշում գործադրել դատարանի վրա, որը, ըստ էության, արդարադատության իրականացմանն ուղղված միջամտություն է: 

Մինչդեռ, նման վարքագիծը ոչ միայն հարիր չէ ՀՀ Ազգային ժողովի պատգամավորին, այլև կարող է առաջացնել ՀՀ քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածով սահմանված քրեական պատասխանատվություն: Ընդ որում՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը ցանկացած ձևով միջամտելը, որը կատարվել է անձի կողմից իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, համարվում է արարքը ծանրացնող հանգամանք:

Վերոգրյալի հիման վրա` աշխատավարձը փոխանցելու ցանկություն ունեցող, սակայն անչափահաս ամբաստանյալից 600 միլիոն ՀՀ դրամ պահանջող ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Սպարտակ Մելիքյանին հորդորում ենք զերծ մնալ դատարանի նկատմամբ ճնշում գործադրելու անթույլատրելի փորձերից, ձեռնպահ մնալ ՀՀ Ազգային ժողովի բարձր ամբիոնն անձնական շահերին ծառայեցնելուց և հնարավորություն տալ դատարաններին անկախության, անկողմնակալության և արդարության պահանջների պահպանմամբ լուծել իր շահերին առնչվող քրեական գործը:

Վճռաբեկ դատարանի մամուլի ծառայություն

Մեկնաբանություններ (2)

A.
sra axorjakin naek,sra nmannern en vor xaxum en mardkanz chakatagreri het.iranz lakotneri gorzaz hanzankneri masin moranum en.ujner@ xexj u hasarak mardkanz vra e patum.Menak toxes terterin dati tan u millionavor dramner pahanjen.takankner.Vonz em zzvum Hayastanum katarvox es iravichakneriz.
ara
Inch xosqer e asel, @ntercoxin anhayt e, teev bolors el gitenq, vor HH-um datakan ishxanutyunner@ ankax chen. Chem karcum, vor S. Meliqyan@ avelord ban e asel. Na shat bari u araqini mard e, voxj gardmanahayutyun@ nran siru u hargum e, anspar humori u miajamanak sar@ datoxutyan ter e, sirum e mardun lsel, cavum e erkri hamar. Hordori poxaren greq te HH AJ-um inch e asel, Karox e der qich e asel.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter