Այս շրջափուլը օրինակելի ցուցանիշ է հետագայի համար
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, 4:1 խոշոր հաշվով հաղթելով մակեդոնացիներին, փայլուն հնարավորություններ է պահպանում իր պատմության մեջ առաջին անգամ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆ դուրս գալու համար: Վերջին հաղթանակը, որը հավաքականի ցուցադրած գրագետ, ագրեսիվ, ինքնավստահ ու ոգեւորված խաղի արդյունք էր, թիմի նախորդ լավ հանդիպումների տրամաբանական շարունակությունն էր ու արդեն կայուն խաղային ձեռագիր ունեցող կոլեկտիվի առկայության ապացույց:
Մխիթարյանը, Ղազարյանը, Մարկոսը եւ նորեկ Սարկիսովը շարունակում են իրենց գոլային շարքը, ինչի առաջն առնելը մրցակիցների համար շատ դժվար կլինի: Մխիթարյանը իր գոլերով հավասարվեց հավաքականի պատմության մեջ երկրորդ ռմբարկուին՝ Արա Հակոբյանին՝ 7 գոլ: Նրան 1 գոլով զիջում են Ղազարյանն ու Մանուչարյանը: Հատկանշական է, որ Ղազարյանն ու Մխիթարյանը իրենց 6-ական գոլերը խփել են նույն խաղերում՝ կարծես չցանկանալով իրարից հետ մնալ: Մովսիսիյանը չնայած գոլ չխփեց, բայց միայն 3 գոլային փոխանցումները ամեն ինչ արժեն: Դե իսկ Սարկիսովը արդարացնում է բոլորի սպասելիքները: Հիացնում են մեր թիմի ռմբարկուական ցուցանիշները՝ 21 գոլ 9 խաղում. սա՝ այն պարագայում, երբ ռուսները նույնքան խաղում խփել են 11, իսկ իռլանդացիները՝ 13 գոլ:
Խմբի առաջատարը շարունակում են մնալ ռուսները, որոնք, սլովակներին նրանց իսկ հարկի տակ 1:0 հաշվով հաղթելով, կարելի է ասել, յուրացրին առաջին տեղը, քանի որ վերջին խաղում սեփական դաշտում ընդունելու են անդորրացիներին, ու գործնականում սայթաքումը անհնարին է թվում: Իռլանդացիներն էլ առայժմ մնում են երկրորդը, քանի որ հերթապահ 3 միավորը վաստակեցին նույն անդորրացիներից՝ հաղթելով հյուընկալվելիս 2:0 հաշվով:
Մեր թիմի միակ ճանապարհը իռլանդացիներին հենց Դուբլինում հաղթելն է, ինչը անչափ բարդ է լինելու, չնայած որ այս գեղեցիկ շարքից հետո տղաներն ավելի ու ավելի ինքնավստահ են դարձել եւ խաղում են այն ֆուտբոլը, որը արդյունք է ապահովում: Բոլոր հարցերի պատասխանը կտրվի հոկտեմբերի 11-ին, սակայն անկախ դրանից՝ մեր թիմն առաջին անգամ արդեն ապահովել է իր համար պատվավոր 3-րդ տեղը խմբում՝ իրենից հետ թողնելով աշխարհի վերջին առաջնության մասնակից սլովակներին: Մյուս կողմից՝ այլեւս փաստ է, որ «Եվրո-2012»-ի այս շրջափուլը Հայաստանի հավաքականի համար հետագա խաղերում կլինի որպես համեմատության ու գերազանցման ենթակա ցուցանիշ:
Լուս.՝ Ավետիս Ղազանչյանի (uefa.com)
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել