HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ Դավթյան

Նորանշանակ նախարարին եւս հոգեհարազատ է նժդեհյան գաղափարախոսությունը

Իսկ ԴԱՀԿ ծառայության պետը կշարունակի պաշտոնավարել

Արդարադատության նորանշանակ նախարար Հրայր Թովմասյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ է համաձայնել ստանձնել հիշյալ պաշտոնը: «Ես հաճախ այդ հարցն ինձ տալիս եմ: Վերջին պետական պաշտոնը զբաղեցրել եմ 2000-2001թթ., եւ այս ամբողջ ընթացքում չեմ կարող ասել, որ առաջարկներ չեն եղել: Ոչ նախարարի պաշտոն, բայց մի փոքր պակաս, մի փոքր ավել` առաջարկներ եղել են: Ու որքան էլ տարօրինակ լինի, կասեմ, որ տարիքս է պատճառը»,- ասաց Թովմասյանը` նշելով, թե 40 տարեկանն այն հասակն է, երբ մարդ սկսում է վերաիմաստավորել շատ բաներ եւ որոշ դեպքերի այլ կերպ նայել:

«Իհարկե, առաջին 1-2 իմ դեմ գրված քննադատական, ոչ լավ լեքսիկոնով հոդվածներից հասկացա, որ ինձ մոտ, չասեմ, թե շոկ էր, բայց, այնուամենայնիվ, այդ հարցը նորից տվեցի` իմ մասին ոնց որ թե ոչ ոք երբեք վատ չէր գրել: Բայց ես պատրաստ եմ այդ ամբողջը լսել»,- ասաց արդարադատության նախարարը եւ հիշեց ակադեմիկոս  Ռաֆայել Ղազարյանի` մահվանից առաջ ասած խոսքերը. «Ես ապրեցի իմ խղճի հետ խաղաղությամբ»:

«Սա ինձ համար ուղենիշ է: Ես, ցանկացած տեղում լինելով, ապրելու եմ իմ խղճի հետ խաղաղությամբ»,- շեշտեց Հ. Թովմասյանը: Լրագրողներն էլ նշեցին, որ ոչ վաղ անցյալում նախարարները մեկը մյուսի հետեւից անդամագրվեցին Հանրապետականին` պատճառաբանելով, թե իրենց հոգեհարազատ է այդ կուսակցությունը: «Ձեզ Հանրապետականը հոգեհարազա՞տ է, ե՞րբ եք պատրաստվում անդամագրվել այս կուսակցությանը, ու եթե անդամագրվեք, արդյոք Ձեր խղճի հետ խաղա՞ղ կապրեք»,- հարցրին Թովմասյանին:

«Իմ այսօրվա օրակարգում նման հարց դրված չէ, եւ քաղաքական իշխանություններն իմ առջեւ նման պայման չեն դրել: Իսկ նժդեհյան գաղափարախոսությունն ինձ հոգեհարազատ է»,- պատասխանեց նորանշանակ նախարարը:

Լրագրողները հիշեցին, որ Հրայր Թովմասյանն արդարադատության նախարար նշանակվեց իր նախորդի` Գեւորգ Դանիելյանի հեռացման պատճառով, ինչն էլ պայմանավորված էր նրանով, որ վերջինս չէր կատարել վարչապետի պահանջն ու ԴԱՀԿ ծառայության պետին կարգապահական պատասխանատվության չէր ենթարկել` մարդ ծեծելու համար:

«Որքանո՞վ են հավաստի այն լուրերը, որ Ձեր նշանակմամբ ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանն աշխատանքից կազատվի»,- հետաքրքրվեցին նորանշանակ նախարարից: Թովմասյանն ասաց, թե իրավական պետությունում անձին նույն արարքի համար 2 անգամ պատասխանատվության չեն ենթարկում, հետեւաբար, Միհրան Պողոսյանը կշարունակի պաշտոնավարել:

«Ինչպես գիտեք` ԴԱՀԿ ծառայության ղեկավարը ենթարկվել է կարգապահական տույժի: Ուստի, նույն արարքի համար ոչ ոք չի կարող երկրորդ անգամ պատասխանատվության ենթարկվել: Այլ խախտումների պարագայում, այլ խնդիրներ առաջանալու դեպքում նախորդ իր նկատողությունը, ըստ էության, հաշվի է առնվելու: Չեն լինելու էդ բաները, նկատողությունը դուրս կգա»,- ասաց արդարադատության նախարարը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter